«Ինչպես տնտեսական ճգնաժամի ժամանակ համոզվեցինք, որ մենք չունենք աշխատող եւ ինտելեկտուալ կադրեր տնտեսական ոլորտում, այնպես էլ հասկացանք, որ 14 տարի առաջվա պատերազմը մեզ հետ է պահել ռազմական գործողությունների ժամանակ ադեկվատ պատասխանող ինտելեկտուալ ռազմական գործիչներից»,- մեկնաբանելով ԼՂՀ-Ադրբեջան շփման գծում տեղի ունեցած միջադեպերը, մեզ հետ զրույցում ասաց «Դեմպրոս» հ/կ նախագահ Էդվարդ Անտինյանը: Ըստ նրա` տեղի ունեցածը հայկական կողմի բացթողումն էր. «Եթե ռազմական գործողության ժամանակ պաշտպանական կողմը տալիս է 4 զոհ եւ 4 վիրավոր, իսկ հարձակվող կողմն՝ ընդամենը 1 զոհ, ապա, բնական է, որ սա հայկական կողմի համար լրջագույն հարված է: Դա նշանակում է, որ մեր ռազմական գործիչների զգոնությունն այնքան է բթացել, որ մտածել են, թե ադրբեջանցին նման բան չի անի: Իսկ Ադրբեջանը կարողացավ մեզ ապացուցել, որ մեր այն հայտարարությունները, թե պատերազմի դեպքում թշնամին կունենա մեծ կորուստներ, այդպես չէ: Ի՞նչ է` մտածում էին, թե այդ ջոկատը պետք է գար-հասներ Հայաստա՞ն: Իհարկե ոչ, որովհետեւ նրանց նպատակն այլ էր. նրանք միայն ուզում էին անցնել սահմանը, մարտի բռնվել, որի ժամանակ զոհեր կլինեին, եթե հաջողվեր՝ խաղաղ բնակիչներից էլ մարդ կտանեին, որ ապացուցեն, թե իրենք այդ հնարավորությունը ունեն: Սա մի մեծ հարված էր մեզ»: Ըստ նրա` Ադրբեջանի դիվերսիոն գործողություններից ՀՀ իշխանությունները պետք է լրջագույն հետեւություններ անեն. «Դա պարզապես փոխհրաձգություն չէր, այլ որակապես այլ պրոբլեմ էր: Միգուցե այդ երիտասարդների արյան գնով վերջապես հասկանա՞ն, որ պետք է էապես փոխեն իրենց վերաբերմունքն ու տեղի ունեցածը լուրջ քննության առարկա դարձնեն»: Մեկնաբանելով Հայաստանի իշխանության ներկայացուցիչների կողմից հաճախ հնչող այն տեսակետը, որ եթե Ադրբեջանը վստահ լիներ իր հաղթանակում, ապա վաղուց նախահարձակ կլիներ, Էդ. Անտինյանն ասաց. «Այն, որ պատերազմի դեպքում հայկական կողմը կարող է հաջողություն ունենալ, դա գալիս է զուտ նրանից, որ նախորդ պատերազմի ժամանակ մեր ազատագրած տարածքները մոտ են Ադրբեջանի բնակավայրերին եւ հեռու են հայկական բնակավայրերից: Այսինքն, հայկական կողմն ունի առավելություն զուտ դիրքային առումով: Բնական է, որ եթե հայկական կողմը կրակի, ապա կրակելու է անմիջապես Ադրբեջանի բնակավայրերի վրա, եւ նրանք էլի մեծ թվով փախստականներ են ունենալու: Այս առումով շահեկան ենք, բայց ադրբեջանցիները ցույց տվեցին, որ իրենք հրաշալի տիրապետում են մեզ մոտ տիրող իրավիճակին: Այսօր մենք ունենք ոչ թե պատրաստ ու զգոն ռազմական գործիչներ, այլ ընդամենը խաղաղ պայմաններում աշխատելու ունակ գործիչներ: Բայց վիճակը խաղաղ չէ: Սա պետք է հասկանալ»: