ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի կարծիքով` թեեւ Հայաստանի Սահմանադրությամբ սահմանվում է բազմակարծություն, ազատ տնտեսական մրցակցություն, մարդու իրավունքները սահմանվում են որպես բարձրագույն արժեք, սակայն այսօր Սահմանադրության նորմերը խախտվում են, Հայաստանում ազատ տնտեսական մրցակցություն գոյություն չունի, գերիշխում են մենաշնորհները: Իսկ նման իրավիճակի մեղավորները, ըստ նրա` եւ՛ քաղաքացիական հասարակությունն է, եւ՛ իշխանությունը: «Պետք է ձերբազատվել օլիգարխիկ տնտեսական համակարգից, քանի որ հենց դա թույլ չի տալիս նորմալ ձեւավորել մյուս ոլորտները»,- ասել է նա: «Քաղաքական սպեկտորի բոլոր քաղաքական ուժերն էլ մեղավոր են, քաղաքացիական հասարակությունն էլ է մեղավոր, որովհետեւ այդքան ակտիվ ու պայքարող չէ, իսկ առաջին պայքարից հետո հաջողության չի հասնում ու անմիջապես սկսում է փնովել` սա երկիր չէ, այստեղ ապրել հնարավոր չէ»,- ավելացրել է նա: Իսկ հարցին, թե ՀՀ երեք նախագահներից ո՞վ է ավելի շատ խախտել Սահմանադրությունը, Ա. Հարությունյանը պատասխանել է. «Այդպիսի մոնիտորինգ անելու կարիք էլ չկա, որովհետեւ Սահմանադրության բոլոր կետերն էլ, այսպես թե այնպես, խախտվել են բոլոր նախագահների օրոք: Կարեւոր է նաեւ այն հանգամանքը, թե ինչ մեկնարկային մշակույթ է ձեւավորվում: Ցավոք սրտի, 1995 թվականից ձեւավորվեց մի մշակույթ, որ մարդու իրավունքները՝ որպես բարձրագույն արժեք, գրված է, բայց ապահովված չէ, եւ այդպես էլ գնաց»,- ասել է նա: