Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի շփման գծում հունիսի 18-ից սկսված եւ մինչ այսօր շարունակվող միջադեպերը վկայում են, որ այս պահին պատերազմի վերսկսման հավանականությունը շատ ավելի մեծ է, քան երբեւէ: Այս կարծիքին է զինված հակամարտությունների ուսումնասիրության եւ միջազգային ռազմավարական հարաբերությունների հարցերով ճանաչված վերլուծաբան Ժերար Շալյանը: Վերջինս նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ղեկավարությամբ գործող «Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի անդամ է եւ երեկ մասնակցում էր հիմնադրամի կազմակերպած քննարկմանը: Նա տեղեկացրեց, որ օրեր առաջ է վերադարձել Ղարաբաղից եւ եկել է այն եզրակացության, որ պատերազմի վտանգը ռեալ է, եւ դրան պետք է «բաց աչքերով» նայել: «Անակնկալ հարձակումը մի բան է, որին Հայաստանը պետք է ամեն պահի պատրաստ լինի: Պետք է պատրաստվենք դիմագրավել դրան ու նաեւ թշնամու համար անսպասելի` հակահարձակման դիմենք: Եթե ցանկանում ենք հարվածել Ադրբեջանին, պետք է հարվածենք նրա բնակչությանը, իսկ եթե ցանկանում ենք հարցը միջազգային դարձնել` պետք է հարվածենք նավթամուղին, որն էլ կլիներ ամենաճիշտ տարբերակը: Կարծում եմ, որ Ադրբեջանի հարձակումը շատ կարճ կտեւի, որովհետեւ կմիջամտեն ռուսները, որոնք այս իրավիճակի արբիտրն են: Նրանք խաղաղապահ ուժեր կուղարկեն Ղարաբաղ»,- ասաց Ժ. Շալյանը: Ըստ նրա` պատերազմը չի սահմանափակվի միայն դիրքերում նախահարձակ լինելով. «Ադրբեջանի ռմբակոծությունը կլինի ոչ թե առաջին, երկրորդ կամ երրորդ գծի վրա, այլ` ռմբակոծության կենթարկվի նաեւ Ստեփանակերտը: Շատ կարեւոր է, որպեսզի պատրաստ լինեք ժողովրդին ապաստարաններում պահել ու հնարավորինս նվազեցնել զոհերի թիվը, որովհետեւ Ղարաբաղի խնդիրներից մեկն էլ ժողովրդագրական խնդիրն է: Ղարաբաղն այն երկիրը չէ, որը կարող է կուլ տալ 10 հազար մարդու մահը»: Վերլուծաբանի դիտարկմամբ` պատերազմից խուսափելու ելքը մեկն է. «Հայաստանը պետք է գնա զիջումների: Ես չէ, որ դա պետք է որոշեմ. այդ քայլին պետք է դիմեն երկրի իշխանությունները: Առճակատումից խուսափելու համար նրանք պետք է անհապաղ կոնկրետ քայլեր ձեռնարկեն: Ինչքա՞ն կարելի է համառորեն նույն դիրքորոշումը պահել եւ մի ստորակետ անգամ չփոխել: Մեզ պակասում է ողջամիտ, բանական մոտեցումը»:
Ըստ վերլուծաբանի, Հայաստանի բանակցային դիրքերը հիմա շատ խարխուլ են: «Այսօր ես Մերձավոր Արեւելքում չեմ տեսնում մի երկիր, որը կկարողանա ոտք մեկնել Թուրքիայի հետ: Իսկ Հայաստանը բավականին մեկուսացված պետություն է, եւ հարեւանության շրջանում շատ սակավաթիվ բարեկամներ ունի: Զուտ փաստաթղթերով Հայաստանի նկատմամբ դրական են տրամադրված Իրանը, Չինաստանը, եւ Ռուսաստանը»,- վստահեցրեց Ժերար Շալյանը: Խոսելով Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման մասին, Ժ. Շալյանն ասաց, թե աշխարհում կան ինքնորոշման «շարժումներ», որոնք հասել են իրենց նպատակին: «Օրինակ, Կոսովոյի դեպքում, ո՞վ էր հավատում, որ Կոսովոն հաղթող կլինի: Սակայն որոշողը ԱՄՆ-ն էր, եւ նա էլ Կոսովոն դարձրեց անկախ: Հիմա կա՞ արդյոք աշխարհում պետություն, որն ուզում է, որպեսզի Լեռնային Ղարաբաղը դառնա անկախ: Կասկածում եմ, որ կան, եթե լինեին, մենք մինչ օրս երեւի թե դրա մասին տեղյակ կլինեինք: Պետք է հասկանալ, որ մենք գործ ունենք երկու պետությունների հետ, որոնցից մեկը թույլ է եւ առաջարկելու կամ վաճառելու որեւէ բան չունի, եւ մյուսը` հարուստ պետություն է, որը նավթամուղի սկիզբն է: Եթե դու տկար եւ թույլ պետություն ես, ապա քո ճակատագիրը չի կարող ամբողջությամբ լինել քո ձեռքում»,- ասաց նա: Մեզ հետ զրույցում` խոսելով Հայաստանի բացթողումների մասին, պարոն Շալյանն ասաց. «Վերջին մի քանի տարիներին արտաքին քաղաքական դաշտում ես ոչ մի նախաձեռնություն չեմ տեսել: Հայաստանը պետք է կարողանար ստեղծել ժողովրդավարական համակարգ, աշխատել տնտեսության զարգացման ուղղությամբ ու նաեւ բանակցային գործընթացում ավելի կտրուկ լինել»: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին ու նաեւ արձանագրություններին, վերլուծաբանը նկատեց. «Այն, ինչ ստորագրվեց Թուրքիայի հետ, դա այնքան էլ խելացի չէր: Կամ` ինձ համար անհասկանալի է, ինչո՞ւ պետք է ցեղասպանության հարցով լինի թուրք-հայկական հանձնախումբ: Դա լրիվ նույնը կլիներ, եթե, ասենք, Գերմանիան չընդուներ հրեաների ցեղասպանությունը, ստեղծեին հանձնախումբ, որպեսզի վերջինս պարզեր, թե ի՞նչ է տեղի ունեցել Երկրորդ աշխարհամարտի տարիներին: Երբ ես այդ մասին իմացա` ապշել էի: Մենք պետք է հասկանանք, որ Հայաստանը շատ խաղաքարտեր չունի, առաջարկելու բան էլ չունի, իսկ Թուրքիան այսօր շատ ավելի հզոր է, քան եղել է երբեւէ: Եթե ես լինեի ադրբեջանցի, ապա հաստատ պատերազմի կողմնակից կլինեի, որովհետեւ արդեն 15 տարի է` փակուղային իրավիճակ է: Իսկ պատերազմը լուծում է պրոբլեմները՝ մինչեւ որեւիցե կետ, որից հետո հաղթողի համար ստեղծում են նոր հնարավորություններ»: Պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կարելի է հավատալ ու վստահել գերտերությունների կողմից տրվող անվտանգության երաշխիքներին, եթե ԼՂՀ-Ադրբեջան շփման գոտում տեղի ունեցած միջադեպերից հետո Ադրբեջանը շարունակում է հայտարարել, որ այդ գործողությունները չեն դադարեցվի, մինչեւ չվերադարձվեն «օկուպացված» տարածքները, Ժ. Շալյանն ասաց. «Եթե ես այդ հարցին կարողանայի պատասխանել, ապա 100 հազար դոլարի մրցանակ կստանայի»: Ինչ վերաբերում է առաջիկայում` ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցին Հայաստան, ապա վերլուծաբանի կարծիքով` այդ այցից առանձնապես շատ բան չի փոխվի. «Չեմ կարծում, որ տիկին Քլինթոնի այցից շատ բան կփոխվի, բայց ասեմ, որ նա կգա շատ դաժան հարցեր տալու եւ շատ հստակ օրակարգով»: