Բարձր մաքսադրույքները խանգարում են ՏՏ ոլորտի զարգացմանը

08/10/2005 Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ

Տեղեկատվական տեխնոլոգիաները (ՏՏ) երկակի նշանակություն ունեն Հայաստանի
տնտեսության համար. դրանք միաժամանակ եւ՛ արտադրության ճյուղ են, ե՛ւ
ընդհանուր տնտեսության զարգացման համար հզոր խթան:

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը Երեւանի Նորարար փորձառական արվեստի
կենտրոնում (ՆՓԱԿ) կայացավ DigiTec ICT Expo ցուցահանդեսը, որը նվիրված էր
տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների գործնական կիրառմանը:
Որպես ցուցահանդեսի տրամաբանական շարունակություն, հոկտեմբերի 3-ին տեղի
ունեցավ «Տեղեկատվական տեխնոլոգիաները առօրյա բիզնեսում» խորագրով
կոնֆերանս:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն
Կարեն Վարդանյանի խոսքերով, այսպիսի ցուցահանդեսի կազմակերպման
անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանը ՏՏ տարածաշրջանային կենտրոն
դարձնելու ցանկությամբ: Բացի այդ, ՏՏ ոլորտի արտասահմանյան խոշոր
ընկերությունները մեր ձեռնարկություններին արդեն դիտարկում են որպես
պոտենցիալ գործընկերներ: Կարեւորելով նման միջոցառման կազմակերպումը, ԱԺ
նախագահ Արթուր Բաղդասարյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ «մրցունակ
Հայաստան կառուցելու ճանապարհին ՏՏ զարգացումը տնտեսության կարեւորագույն
ուղղություններից է»:

Ցուցահանդեսի կազմակերպիչները Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը
(ՁԻՀ) եւ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն
(ԻՏՁՄ) էին: ՁԻՀ-ի նպատակը ոլորտի կազմակերպություններին աջակցելն ու
տնտեսական աճը խթանել է, ընդ որում, դա իրականացնելու համար հիմնադրամը
բիզնեսի զարգացմանն ուղղված ծառայություններ է մատուցում
ձեռնարկություններին, նպաստում է ՏՏ ոլորտում բարձրակարգ մասնագետների
պատրաստմանը, տեխնիկապես հագեցած աշխատանքային տարածքներ է տրամադրում ՏՏ
ոլորտի տեղային կազմակերպություններին: ԻՏՁՄ-ի առաջնահերթ խնդիրը մաքսային
ու հարկային վարչարարության եւ օրենսդրության բարելավումն է, ինչպես նաեւ՝
ՏՀՏ ոլորտում կրթական մակարդակի բարձրացումը: Կ. Վարդանյանը համոզված է,
որ ՏՏ ոլորտի ներմուծման վրա կիրառվող բարձր մաքսադրույքները մեծ արգելք
են հանդիսանում երկրում ոլորտի զարգացման համար:

Հայաստանյան ՏՏ ոլորտում նախադեպը չունեցող այս ցուցահանդեսին մասնակցում
էին 36 հայկական եւ արտասահմանյան առաջատար ընկերություններ, որոնք
ներկայացնում էին իրենց արդյունքները եւ լուծումները հետեւյալ
բնագավառներում՝ ՏՏ սարքավորումներ, հեռահաղորդակցություն, անլար ցանցեր,
հետազոտական աշխատանքներ, բանկային, ֆինանսական եւ իրավաբանական
ծառայություններ, ՏՏ կիրառումներ բիզնեսում, համակարգչային գրաֆիկա, եւ
այլն:

Հատկանշական է, որ ցուցահանդեսում ամենամեծ տարածքը զբաղեցնում էր ոլորտի
առաջատար ընկերություններից մեկը՝ «Compass» ՍՊԸ-ն: Վերջինս հիմնադրվել է
2003թ. եւ հիմնականում զբաղվում է գրասենյակային համակարգչային համակարգի
ձեւավորմամբ ու սպասարկմամբ: DigiTec-ում ընկերությունը հանդես էր գալիս
իր ներկրած ապրանքատեսակներով: Հետաքրքիր լուծումներ են առաջարկում շատ
այլ ընկերություններ: EDram վճարային համակարգի միջոցով մենք կարող ենք
ինտերնետով գնումներ կատարել համակարգին միացված online խանութներից՝
գտնվելով աշխարհի ցանկացած վայրում, ընդ որում, գներն այս դեպքում ավելի
բարձր չեն, քան սովորական խանութներում: EDram-ը հնարավորություն է տալիս
նաեւ որոշակի ծառայություններից օգտվել: Օրինակ, կարող ենք EDram
տոմսարկղում ձեռք բերել Երեւանի գրեթե բոլոր մշակութային միջոցառումների
տոմսեր: Բացի այդ, PIN-shop ինտերնետային խանութի այցելուները
հնարավորություն ունեն, առանց համակարգչից հեռանալու, լիցքավորել Easy
քարտերը: Համակարգը պլանավորում է նաեւ մոտ ապագայում ընդլայնել իր
գործունեությունը Հայաստանի մարզերում: Ցուցահանդեսին «Sourcio»
ընկերությունը հանդես էր գալիս առողջապահական հիմնարկների ավտոմատացման,
կառավարության եւ կրթության համակարգի համար առաջարկվող իր լուծումներով:
Օրինակ, E-education-ն ուսումնական գործընթացը կառավարող համակարգ է, որն
արդյունավետ է դարձնում դասավանդումը. մասնավորապես, դասավանդվող
նյութերը, դասացուցակը, ուսանողների աշխատանքները կարող են հրապարակվել
ինտերնետում: Այս առնչությամբ ընկերությունը համագործակցում է Երեւանի
պետական համալսարանի եւ Պետական ճարտարագիտական համալսարանի հետ, որտեղ
արդեն կիրառվում է այս համակարգը: Այնուամենայնիվ, ցուցահանդեսի
ամենահյուրասեր տաղավարը պատկանում էր «Անտարես» հոլդինգին: Առաջին
հայացքից թվում էր, թե գեղեցիկ ու համեղ մրգերով զարդարված այս տարածքը
կապ չունի ՏՏ ոլորտի հետ: Սակայն պարզվեց, որ հայկական շուկայում 13-ամյա
այս ընկերությունն ունի ոչ միայն գովազդային գործակալություն,
հրատարակչատուն, տպագրատուն, դիզայն ստուդիա, այլեւ՝ խորհրդատվական
ստորաբաժանում: Վերջինիս տնօրեն Դավիթ Սահակյանի խոսքերով, իրենք զբաղվում
են բիզնես խորհրդատվությամբ` ֆինանսների կառավարման, մենեջմենթի,
մարքեթինգի եւ ՏՏ ուղղություններով: Խորհրդատվությունից հետո
ստորաբաժանումը ձեռնարկություններին առաջարկում է տեխնոլոգիաների փաթեթ,
որով էլ վերջիններս կարող են` առաջնորդվել: Բացի այդ, ստորաբաժանումը
պլանավորում է հայկական շուկայում մատուցել նոր ծառայություններ`
հաճախորդների հետ փոխհարաբերությունների կառավարում եւ գիտելիքների
կառավարում, որոնց իրականացումն առանց ՏՏ-ի անհնար է: Այնպես որ,
ընկերության նոր հեռանկարների ու ՏՏ միջեւ կապն անմիջական է:

Ընկերությունների առաջարկած ծառայություններն ու լուծումները բազմազան են,
մնում է դրանք կյանքի կոչել եւ խորապես ներդնել բիզնեսում ու հասարակական
կյանքի տարբեր ոլորտներում: Ցուցահանդեսի կազմակերպիչների կարծիքով, այսօր
Հայաստանում ՏՏ ոլորտի առջեւ ծառացած են մի շարք խնդիրներ, մասնավորապես,
չկա համապատասխան մասնագետների կուռ ինստիտուտ, բացակայում է բարենպաստ
օրենսդրական դաշտը: ՏՏ զարգացման գործում խիստ կարեւոր է նաեւ
կառավարության աջակցությունը: Ոլորտը տնտեսության գերակա ճյուղ ենք
հայտարարել, ուրեմն պետք է գործի անցնենք: