«Մենք դրդեցինք Ադրբեջանին»

05/07/2010

«Մեր այն իշխանավորները, որոնք ուզում էին իրենց ներկայացնել իբրեւ միանձնյա ղեկավար, ինչ-ինչ պատճառներով դուրս շպրտեցին, այլ կերպ ասած` աչքաթող արեցին փախստականներին ու նրանց խնդիրները»,- մեզ հետ զրույցում ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Նրա կարծիքով, Ադրբեջանից վտարված հայ քաղաքացիների իրավունքներն անտեսված են թե՛ Հայաստանի եւ թե՛ ԼՂՀ իշխանությունների կողմից: «Փախստականների հարցերով զբաղվող կազմակերպությունները պարբերաբար հայտարարություններ են անում, ասում են, որ հարյուրավոր մարդիկ եղել են Ադրբեջանի քաղաքացիներ, սակայն Ադրբեջանի ղեկավարությունը ռասիստական պատերազմ է սկսել իրենց դեմ, իսկ մենք ոչ մի հակաքայլ չենք արել: Նրանք փաստում են, որ իրենց խոշտանգել են, սպանել են, այրել ու ոչնչացրել են իրենց ունեցվածքը, բայց դրա վրա ոչ ոք ուշադրություն չի դարձնում: Այն, որ չկա Մինսկի խումբ, այն, որ այլ միջազգային կառույցներն այս ամենին ուշադրություն չեն դարձնում, ինչ-որ տեղ հասկանալի է, բայց ինչո՞ւ է Հայաստանի եւ Ղարաբաղի ղեկավարությունն աչք փակում այս հարցի վրա»,- ասաց Ա. Մանուչարյանը: Նրա խոսքով, ադրբեջանցի փախստականների շահերն իրենց պետությունը մշտապես պաշտպանում է ու անընդհատ հայտարարում է, որ նրանք պետք է հետ գնան իրենց նախկին բնակության վայրերը, իսկ Բաքվում ապրած հայն իրավունք չունի այդ մասին բարձրաձայնել: «Այդ մարդկանց խոսքն անտեսվում է: Սա որդեգրվեց Հայաստանի կողմից մոտ 10 տարի առաջ եւ շարունակվում է մինչ այսօր: Անտեսում են փախստականներին, անտեսում են Ղարաբաղը, որովհետեւ Հայաստանում ամեն ինչի պատասխանատուն 1-2 մարդ է, եւ բոլոր հարցերն իրենք են լուծում: Մեր այս պահվածքով դրդեցինք Ադրբեջանին, որ նա էլ նենգափոխի հարցի էությունը ու ասի, որ գոյություն չունեն հայ փախստականներ, այլ գոյություն ունեն միայն Ադրբեջանից զավթած տարածքներ ու ադրբեջանցի փախստականներ: 10 տարի շարունակ Ադրբեջանի ղեկավարությունը մեր պարապության հետեւանքով այդպես է ներկայացնում պատմությունը` սերմանելով ատելություն հայերի նկատմամբ, իսկ մենք դրա վրա աչք ենք փակում»,- ասաց Ա. Մանուչարյանը: