ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ Ստեփանակերտում հանդիպել են Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի եւ ԱԳ նախարար Գեորգի Պետրոսյանի հետ: Բակո Սահակյանի հետ երկու ժամ տեւած հանդիպումից հետո ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը եւ ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն հայտարարել են, թե Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ քննարկել են Սանկտ Պետերբուրգում հունիսի 17-ին կայացած նախագահների եռակողմ հանդիպման ընթացքում հնչած հարցերը, ինչպես նաեւ՝ հունիսի 18-ին ԼՂ-ում տեղի ունեցած միջադեպը: «Մենք հաստատել ենք մեր մտահոգությունն այդ միջադեպի վերաբերյալ, խախտվել է 1994թ. ձեռք բերված հրադադարի մասին համաձայնագիրը, եւ նմանատիպ միջադեպերը կարող են վնաս հասցնել խնդրի խաղաղ կարգավորման գործընթացին: Եվ մենք քննարկել ենք, թե ինչպես կարելի է վերացնել նման միջադեպերը»,- ասել է Պոպովը` հավելելով, թե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է լուծվի ժողովրդավարական ճանապարհով: Իսկ ԼՂՀ նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ` Բ. Սահակյանն ընդգծել է, որ Ադրբեջանի ապակառուցողական քայլերը հանդիսանում են հակամարտության կարգավորման ամենամեծ խոչընդոտը: Նա նշել է, որ Բաքվի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերջին դեպքերը համապատասխան գնահատական չեն ստացել միջազգային հանրության կողմից, ինչն էլ ավելի է կոշտացնում Ադրբեջանի դիրքորոշումը: Նաեւ շեշտել է, որ Արցախի անկախությունն ու անվտանգությունը սակարկության առարկա չեն, եւ անցյալը վերադարձնելու ցանկացած փորձ հղի է անկանխատեսելի հետեւանքներով: «Նախագահը մեկ անգամ եւս հաստատել է Արցախի հավատարմությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ նշել, որ այն խեղաթյուրելու եւ փոփոխելու փորձերը միայն բացասական ազդեցություն կունենան բանակցային գործընթացի վրա: Այս կապակցությամբ Բակո Սահակյանը կարեւորել է հակամարտության կարգավորման լիարժեք ձեւաչափի վերականգնման եւ բանակցություններին Արցախի լիիրավ մասնակցության անհրաժեշտությունը, ինչին իրենց համաձայնությունն են տվել նաեւ համանախագահները` ընդգծելով, որ դա միայն ժամանակի խնդիր է: Երկուստեք նշվել է, որ հակամարտության կարգավորման ուժային տարբերակը բացարձակապես անընդունելի է»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ի դեպ, համանախագահները տեղեկացրել են, որ Ստեփանակերտից պատրաստվում են գնալ Երեւան, որտեղ հանդիպելու են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ, այնուհետեւ մեկնելու են Բաքու, որտեղ նախատեսված է նրանց հանդիպումը Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Իսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ նրանց հանդիպումը նախատեսված է այսօր` հուլիսի 3-ին: