«Լավ կլինի Քլինթոնի գալը, եթե ես համոզված լինեմ, որ իր հետ խոսելու են պարզ, իրավական ու իրականության հետ կապ ունեցող լեզվով, այլ ոչ թե` ոչինչ չասող, անհասցե, անատամ»,- երեկ հայտարարել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը: «Այդ լեզուն ստեղծում է նոր խութեր ու խոչընդոտներ, որոնք հետագա սերունդները պետք է հաղթահարեն: Այլեւս հնարավոր չէ հանդուրժել Հայաստանում դիվանագիտական եւ պետական քաղաքականությունը, որը վերաբերում է թե արտաքին հարաբերություններին ու քաղաքականությանը ընդհանրապես, եւ մասնավորապես Արցախի հարցում»,- ասել է պատգամավորը: Ըստ նրա` ԱՄՆ, Ֆրանսիայի ու Ռուսաստանի նախագահների հայտարարությունը չի բխում որեւէ կողմի շահերից, դա ընդամենը մի քանի պետությունների քաղաքական որոշ խմբերի շահերի է սպասարկում, իսկ ընդհանրապես վերջին 18 տարիների ընթացքում ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում լուրջ փոփոխություններ նա չի տեսնում, իսկ առաջարկվող դրույթներն էլ շատ հեռու են իրականությունից ու ոչ մի կապ չունեն տարածաշրջանային իրողությունների հետ: Ի դեպ, Լ. Ալավերդյանը երեկ հայտարարել է, որ հրադադարի ռեժիմի խախտումները պայմանավորված են հենց դրսի ուժերի կողմից: «Պետք է հասկանանք, որ դրանք միշտ կառավարվող մի գործընթաց են: Ես ուզում եմ ծանր մեղադրանքով հանդես գալ: Ամեն անգամ, երբ միջազգային հանրությունն ակտիվանում է այդ հարցի շուրջ ու ուզում է ապացուցի, որ զինադադարի ապահովման համար անհրաժեշտ են այլ միջոցներ, ապա, շատ կներեք, նրանց թողտվությամբ ամեն անգամ տեղի են ունենում մարդկային զոհեր: Ես այստեղ տեսնում եմ այդ պատվերը»,- ասել է նա: