Երբ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի` տարածաշրջան կատարելիք այցի հետ կապում են հույսեր՝ Ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման կամ հայ-թուրքական հարաբերություններում տեղաշարժի, պետք չէ մոռանալ, որ աշխարհում վաղուց արդեն գործում են խնդիրների լուծման շատ ավելի արդյունավետ ձեւեր, քան տարածաշրջանային այցերն են: Այսինքն` տիկին Քլինթոնի այցը, մասնավորապես Հայաստան, Ադրբեջան, ավելի շուտ ճանաչողական նշանակություն ունի անձամբ ԱՄՆ պետքարտուղարի համար եւ դժվար թե միտված է տեղում կոնկրետ լուծումներ առաջարկելու: Ի դեպ, ի տարբերություն Ուկրաինա եւ Վրաստան կատարած այցերի, որոնց նպատակը խիստ գործնական ու կոնկրետ է թվում: Հայաստան եւ Ադրբեջան կատարած այցերը հնարավորություն կտան ԱՄՆ-ին պարզապես լեգիտիմացնել այն որոշումներն ու առաջարկները, որոնք կներկայացվեն կամ կպարտադրվեն ավելի ուշ:
Տիկին Քլինթոնի հասցեով արդեն մի քանի նամակներ են գրվել. մասնավորապես` իրավապաշտպան Վարդան Հարությունյանը խորհուրդ է տվել աչալուրջ լինել եւ գործարքի չգնալ իշխանությունների հետ: Նա նաեւ մի քանի խոսքով ներկայացրել է Հայաստանում մարդու իրավունքների անուրախ վիճակագրությունը: ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» կազմակերպության երիտասարդներն ԱՄՆ պետքարտուղարին ուղղված իրենց նամակում առաջարկում են երկակի ստանդարտներով չառաջնորդվել Արցախի եւ Կոսովոյի հարցում: Ապա մեղադրում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին՝ հունիսի 18-ին Արցախի եւ Ադրբեջանի սահմանային հատվածում արյունոտ միջադեպին համարժեք արձագանք չտալու մեջ: ԱՄՆ արտաքին քաղաքականության վրա նման ազնիվ պոռթկումները, որքան հայտնի է, էական ազդեցություն չեն ունենում: Եվ հետո, Հայաստանում գործում է ԱՄՆ դեսպանատունը` Բաստիլից ամուր ու Ազգային անվտանգության ծառայությունից փակ մի կառույց, որը անհրաժեշտ տեղեկատվությունը հավաքում եւ ուղարկում է այնտեղ, ուր պետք է: Եվ ամենեւին՝ ոչ նամակների միջոցով:
Սովորական հայաստանցիների համար բարձրաստիճան այս տիկնոջ այցը մեր երկիր ավելի շուտ աշխարհիկ մի միջոցառում է: Եվ նույն բովանդակությունն ունի, ինչ, եթե Հայաստան գար թոփ մոդել Նաոմի Քեմփբելը: Փոքրիկ մի տարբերությամբ: Եթե Նաոմի Քեմփբելի դեպքում այնքան էլ էական չէր լինի` կայցելի՞ նա Ծիծեռնակաբերդ` Ցեղասպանության զոհերի հուշահամալիր, եղեւնի կտնկի՞ «Եղեւնիների պուրակում», թե՞ ոչ, տիկին Քլինթոնի դեպքում դա, թերեւս, միակ կարեւոր ուղերձը կլինի այս այցի ընթացքում: Իմ հարցմանն ի պատասխան` արարողակարգով նման այց նախատեսվա՞ծ է, թե՞ ոչ, ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից պատասխանեցին, որ ԱՄՆ պետքարտուղարի աշխատակազմի անդամների հետ այժմ ճշտվում են երթուղու մանրամասները. որոշակի ոչինչ դեռ հայտնի չէ:
Հետաքրքիր է, որ ԱՄՆ կին պետքարտուղարներն իրենց վրա հատուկ ուշադրություն են բեւեռում ոչ այնքան ի պաշտոնե, որքան իրենց հետաքրքիր կենսագրությամբ եւ վառ անհատականությամբ: Այդպես էր Մադլեն Օլբրայթի պարագայում, այդպես էր սեւամորթ Կոնդոլիզա Ռայսի դեպքում: Վերջինս, եթե հիշում եք, իր գեղեցիկ ոտքերով ակնհայտորեն շեղում էր զրուցակիցների ուշադրությունը բուն նյութից: Հիլարի Քլինթոնը թողնում է մեղմ, բայց նպատակասլաց, չափազա՛նց նպատակասլաց կնոջ տպավորություն: Ժամանակին հրապարակայնորեն ներեց ամուսնու դավաճանությունը Մոնիկա Լեւինսկու հետ: Թեեւ «Կենդանի պատմություն» ինքնակենսագրական գրքում խոստովանել է, որ ամուսնու դավաճանության լուրը իմացել է բոլորից հետո: Ինչպես իրենց հարգող դավաճանված կանայք, այնպես էլ Հիլարի Քլինթոնը, իր իսկ խոստովանությամբ, Լեւինսկու պատմությունը լսելուն պես «ամուսնու վիզը ոլորելու ցանկություն» է ունեցել, սակայն անչափ հեռատես է գտնվել. երկար մտածելուց հետո, ի մի բերելով կատարվածի վնասներն ու օգուտները` որոշել է զերծ մնալ հրապարակային սկանդալներից: Արդյունքն, ինչպես տեսնում ենք, իրեն ուշացնել չի տվել:
Ինչ խոսք, ՀՀ նախագահի, արտգործնախարարի կամ մյուս պաշտոնյաների համար, ովքեր հավակնում են սեղմել ԱՄՆ պետքարտուղարի ձեռքը, արժանանալ նրա հմայիչ ժպիտին, այս այցը հոգեբանական մեծ նշանակություն ունի: Այն կարող է անմիջապես (սակայն՝ առանց լուրջ հիմնավորումների) բարձրացնել նրանց ինքնագնահատականը: Այդպես կլիներ, եթե ԱՄՆ պետքարտուղարն այսքան ճանապարհ կտրեր` Հայաստան այցելելու համար միայն: Սակայն երեկ նա Ուկրաինայում էր: Այնտեղ Հիլարի Քլինթոնը հանդիպել է ոչ միայն իշխանություններին, այլեւ ընդդիմության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոյին: Կհանդիպե՞ն մե՛ր ընդդիմադիրները տիկին պետքարտուղարին: Հնարավոր է, որ նրան որպես ծայրահեղ, կոշտ ընդդիմություն՝ ներկայացվի ՀՅԴ-ն, եւ Վահան Հովհաննիսյանը հնարավորություն ստանա մի քանի սրամտություններով հաճելի պահեր պարգեւել տիկին Քլինթոնին:
ՀԱԿ-ի դեպքում՝ հանդիպում ԱՄՆ պետքարտուղարի հետ, կարծես, չի նախատեսվում: Սակայն նման հանդիպում կարելի էր կազմակերպել. նախադեպը ցույց է տալիս, որ ՀԱԿ-ը խելամիտ կվարվեր, եթե հուլիսի 4-ին Ազատության հրապարակում մեծ հանրահավաք նախաձեռներ: Դրան եւ ոչ մի ոստիկան հանդգնություն չէր ունենա խոչընդոտել: Չի բացառվում, որ տիկին Քլինթոնը եւս հետաքրքրությունից դրան մասնակցեր, եւ ինքն էլ պահանջեր ազատ արձակել քաղբանտարկյալներին: Եթե հիշում եք, այդպես եղավ իրավապաշտպանների միջազգային համաժողովի ժամանակ, երբ ընդդիմության հանրահավաքին մասնակցեցին բոլոր իրավապաշտպանները` չտեսնված խանդավառություն առաջացնելով ընդդիմության շարքերում: Թեեւ արժե արձանագրել, որ իրավապաշտպանների հեռանալուց հետո խանդավառությունը, թեեւ ոչ անմիջապես, սակայն մարեց:
Պետք չէ գերագնահատել ԱՄՆ պետքարտուղարի այցը Հայաստան: Պարզապես արժե արձանագրել. Հայաստան է ժամանում Միացյալ Նահանգների եւ աշխարհի մասշտաբով ազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը, ում կենսագրությունը թույլ է տալիս նրան վերաբերվել հարգանքով, ում բարեկիրթ շարժուձեւը, գեղեցիկ ժպիտն ու գրավիչ արտաքինը քաղաքական մեր գործիչներին կստիպեն հանդիպման գնալուց առաջ մի քանի փողկապ փորձել եւ հայելու առաջ մի փոքր ավելի երկար կանգնել:
Հ.Գ. Ի դեպ, հուլիսի 31-ին Հիլարի Քլինթոնի 30-ամյա դստեր` Չելսիի հարսանյաց արարողությունն է: Աղջկա ընտրյալը բանկի սովորական աշխատակից է: