Նոր գիրք

05/07/2010

Ռուսաստանաբնակ հայտնի տնտեսագետ, ակադեմիկոս Աբել Աղանբեգյանը երեկ հանրության դատին է հանձնել իր նոր գիրքը, որը կոչվում է «Ռուսաստանի տնտեսությունը ճամփաբաժանի առաջ. հակաճգնաժամային տարածքի ընտրությունը»։ 5000 օրինակով տպագրված գիրքը ճգնաժամի մասին է։ Ինչպես գրում է academ.info-ն, Աբել Աղանբեգյանը համաշխարհային ճգնաժամի գլխավոր պատճառ համարում է տնտեսության երկու հատվածների՝ իրական արտադրության եւ ոչ նյութական շուկաների շեղումը։ Օրինակ, ճգնաժամի նախօրեին նավթային ֆյուչերսների վաճառքի ծավալը 6 անգամ գերազանցում էր բուն նավթի վաճառքի ցուցանիշը։ Ակադեմիկոսը նշել է 8 պատճառ, թե ինչու ճգնաժամի ազդեցությունը Ռուսաստանի պարագայում այդքան խորը եղավ։ Գլխավոր պատճառների թվում են տնտեսության «միակողմանիությունը» (երբ երկիրը կողմնորոշված է հիմնականում հումքի արտահանման վրա), բարձր գնաճը, խոշոր ռուսական ընկերությունների աստղաբաշխական պարտքերը օտարերկրյա ներդրողներին եւ «երկար փողերի» բացակայությունը։ Իրավիճակը շտկելու համար Աղանբեգյանը անհրաժեշտ է համարում կառուցվածքային փոփոխությունների ենթարկել տնտեսությունը։ Մասնավորապես, ըստ ակադեմիկոսի, հումքային ոլորտների տեսակարար կշիռը ՀՆԱ-ի մեջ պետք է 40%-ից իջնի 20%-ի, իսկ «գիտելիքի տնտեսությունը» 15%-ից հասնի 35%-ի։ Միայն այդ դեպքում Ռուսաստանին կհաջողվի առաջատար դիրքեր գրավել համաշխարհային շուկայում. համոզված է Աղանբեգյանը։