Վաճառելո՞ւ են

05/07/2010

Վրաստանի վարչապետ Նիկոլոզ Գիլաուրին երեկ հերքել է ընդդիմադիր պատգամավորների պնդումները, թե Վրաստանի տարածքով անցնող գազամուղը նախատեսվում է հանել վաճառքի: Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանի Իրավական հարցերի հանձնաժողովը պատրաստել է մի օրինագիծ, որում նշված է այն օբյեկտների ցանկը, որոնք ենթակա չեն սեփականաշնորհման, եւ այդ ցանկում գազամուղը չկա: Դրա հիման վրա ընդդիմադիր պատգամավորները պնդում են, որ կառավարությունը նախատեսում է վաճառել գազատարը: Գիլաուրին հերքել է պատգամավորների պնդումները` հայտարարելով, որ նման բան նախատեսված չէ, սակայն հավելել է. «Հնարավոր է, որ որոշ ժամանակ անց գազամուղի բաժնետոմսերի 10-15 տոկոսը հանվի վաճառքի լոնդոնյան բորսայում»: Իր կողմից, օրինագծի հեղինակ, խորհրդարանի Իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Պավլե Կուբլաշվիլին հայտարարել է, որ որեւէ պատճառ չի տեսնում գազամուղի՝ այդ ցանկում գտնվելու համար: Պատգամավորը կարծիք է հայտնել, որ «մասնավոր ընկերությունը ավելի լավ կկառավարի գազամուղը, որը Ռուսաստանից Վրաստանի տարածքով մտնում է Հայաստան»: