«Ինչո՞ւ եք գործարան կառուցում, եթե ջուր չկա»

05/07/2010 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Դեռեւս անցյալ տարվանից պարբերաբար մեր թերթի խմբագրություն են զանգահարում «Սեմուր ընդ կո» գործարանի աշխատակիցները, ինչպես նաեւ՝ նույն ընկերության տնօրեն Ռաֆիկ Վիրաբյանը: Բանն այն է, որ Երեւան-Եղվարդ մայրուղում գտնվող «Սեմուր ընդ կո» գործարանում ընկերության ղեկավարները տարիներ շարունակ չեն կարողանում ջրամատակարարման խնդիրը լուծել: Հետեւաբար՝ անկանոն ջրամատակարարման պատճառով խաթարվում է գործարանի բնականոն աշխատանքը, իսկ ընկերության սեփականատերերն էլ էական վնաս են կրում: Այս խնդրին «168 Ժամը» բազմիցս անդրադարձել է, եւ յուրաքանչյուր հրապարակումից հետո «Երեւան Ջուր» ընկերությունը «ժամանակավորապես» կարգավորել է խնդիրը: «Ախր ինչքա՞ն կարելի է հանդուրժել, էլ ներվեր էլ չմնաց, ամեն անգամ սթրեսի մեջ ենք ընկնում դրանց պատճառով: Արդեն նույնիսկ վատ ենք զգում դիմել լրատվամիջոցների օգնությանը, բայց ուրիշ ճար չունենք: Գրում եք, մի քանի օր նորմալ ջուր են տալիս, հետո նորից նույն պատմությունը: Ո՞նց կարելի է այս հսկայական գործարանում նման խաղ խաղալ»,- երեկ բարկացած կրկին մեզ էր դիմել «Սեմուր ընդ կո» ընկերության տնօրեն Ռ. Վիրաբյանը: Վերջինիս համբերությունն արդեն հատել է, եւ նա ստիպված է եղել գրավոր բողոք ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Ռ. Վիրաբյանը երեք տարի շարունակ նույն խնդրին բախվելով՝ եկել է այն եզրահանգման, որ գործարանին ջրամատակարարումից զրկելը կոնկրետ միտում ունի, հետեւաբար՝ նա հույս ունի, որ Դատախազության կատարած քննությունը կպարզի արտադրության աշխատանքն այս ճանապարհով խոչընդոտելու պատվիրատուին. «Այո՛, ես արդեն վստահ եմ, որ սա արվում է դիտավորությամբ: Ի վերջո, ես սպառող եմ, վճարում եմ եւ պահանջում եմ նորմալ ջրամատակարարում: 100-ից ավելի աշխատողներ ունենք, եւ էս շոգ ամառվա սեզոնին նրանք չեն կարողանում աշխատել առանց ջրի: Թող իրենց մի երկու ժամ առանց ջուր պահեն` տեսնեմ կարո՞ղ են ապրել: Մենք ինչքա՞ն կարող ենք մեքենաներով ջուր գնել, որ գործարան պահենք: Մեզանում չար ու նախանձ մարդիկ ամենուր են, եւ վստահ եմ, որ սա արվում է գործարանը կամաց-կամաց լուծարելու նպատակով»: Ի դեպ, բավականին հետաքրքիր փաստեր են արձանագրում գործարանի այն աշխատակիցները, ովքեր բնակվում են Եղվարդում: Վերջիններս վստահեցնում են, որ «Երեւան Ջուր» ընկերության Եղվարդի մասնաճյուղում իսկական «բարդակ» է տիրում. «Օրինակ` ջրամբարը, որը պետք ա շուրջօրյա հսկվեր` անտերանոց ա, ոչ ոք չի հսկում, իսկ նախկինում էնտեղ հրացանով տեսուչ էր հսկում: Եթե մարդ ուզենա բնակչությանը ոչնչացնի` հանգիստ կարա մի բան գցի մեջը, ու ժողովուրդը հաջորդ առավոտ չի արթնանա: Էդ բասեինից ա ամբողջ Եղվարդը ջուր ստանում: Սատկած կռիս-մռիս, ինչ ասես կարա լինի: Ավելին ասեմ` «Երեւան ջուր» ընկերության Եղվարդի տարածքայինում հատուկ հաստիք կա, որը հատուկ պիտի ջրամբարը հսկի. հաստիքը կա, աշխատավարձ ստացողը կա, իսկ ջրամբարում անտերանոց ա: Լիքը փողոցներ կան, որտեղից ջուրն անխնա հոսում ա, բայց իրանք տիրություն չեն անում, իսկ ժողովուրդն անջուր ա: Թող Դատախազությունը գա, քննություն կատարի, ու թող տեսնեն, թե օտարերկրացիները մեր ժողովրդի գլխին ինչ են անում»: Ինչեւէ, Ռ. Վիրաբյանը դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանին, իր դիմումում տեղեկացնում է. «Շուրջ 3 տարի է, «Սեմուր ընդ կո» ձեռնարկությունում խմելու ջրի մատակարարման խնդիրը գնալով վատանում է, օրերով խմելու ջուր չլինելու պատճառով ձեռնարկությունը կրում է նյութական վնասներ: Ջրի անմխիթար, կամայական մատակարարումը 100-ից ավելի աշխատակիցների պայմաններում ստեղծում է հակասանիտարական վիճակ, խախտվում է արտադրության ռիթմը, ճաշարանի գործունեությունը, պատվիրատուների ժամկետների ձգձգումն առաջացնում է դժգոհություններ»:

Այնուհետեւ Ռ. Վիրաբյանը ՀՀ գլխավոր դատախազին ուղղված իր գրության մեջ ներկայացնում է «Երեւան Ջուր» ՓԲԸ շահագործման տնօրինության հետ ունեցած խոսակցությունը` պնդելով, որ այս խնդիրն արհեստականորեն ստեղծվում է ձեռնարկության աշխատանքը խոչընդոտելու նպատակով: Ի դեպ, բավականին հետաքրքիր է այն հանգամանքը, որ ձեռնարկության ներկայացուցիչների բողոքներին ի պատասխան՝ «Երեւան Ջուր» ընկերության Եղվարդի մասնաճյուղից ասում են. «Մենք պետք է համաձայնեցնենք քաղաքապետի հետ»: Թե ի՞նչ կապ ունի «Երեւան Ջուր» ՓԲԸ-ի գործունեության հետ Եղվարդի քաղաքապետը` դատեք ինքներդ: Ստացվում է, որ քաղաքապետն է որոշում, թե իր վարչական շրջանում ջուրը ո՞ր գործարանին մատակարարեն: Հատկապես, որ Եղվարդում մի շարք գործարաններ կան, որոնք չեն դժգոհում ջրամատակարարումից եւ, ամենայն հավանականությամբ, քաղաքապետի եւ «Երեւան Ջրի» հետ «լեզու գտնում» են: «Եթե իրենք սպասում են, որ ես իրենց հետ ապօրինի գործարքի մեջ մտնեմ, ուրեմն` թող սպասեն մինչեւ իրենց կյանքի վերջ: Ես ազնիվ մարդ եմ ու ոչ մի նման քայլի չեմ գնա: Վնասներ կկրեմ, նյարդերս կփչացնեմ, բայց ստվերային ճանապարհով հարց չեմ լուծի: Էն տեսուչները, ովքեր իմ գործարան են մտնում` կլորիկ գումար իրենց գրպանը դնելու ակնկալիքով` ես շատ կոպիտ ձեւով նրանց դուրս եմ վռնդում: Ես օրինավոր քաղաքացի եւ պարտաճանաչ բաժանորդ եմ, պահանջելու եմ, որ օրենքով սահմանված կարգով բավարարեն իմ պահանջը, եւ իմ իրավունքը պաշտպանելու եմ մինչեւ վերջ: Թե ո՞ւմ եւ ի՞նչ ճանապարհով ջուր կծախեն` թող իրենք մտածեն: Թող Դատախազությունը գա, քննություն կատարի ու պարզի, թե ինչո՞ւ են իմ գործարանում տարիներ շարունակ ջրի պատճառով խնդիրներ ստեղծում»,- ասում է Ռ. Վիրաբյանը` ներկայացնելով նաեւ այն գրությունը, որն ուղարկել է «Երեւան Ջուր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Պասկալ Ռայենին: Իսկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղղված նրա բազմաթիվ դիմում-նամակները մնում են անարձագանք: Ռ. Վիրաբյանը վարչապետին ուղղված նամակում գրել է. «Մեծարգո վարչապետ, «Սեմուր ընդ կո» ՍՊԸ-ն գործում է 2003-ից, տարեցտարի արտադրական ծավալները՝ կրկնապատկվում, տեխնիկական հագեցվածությունը համալրվում է նոր տեխնոլոգիական հոսքային գծերով, արտադրանքի տեսականին տարեցտարի կրկնապատկվում է: Շուրջ մեկ տարի է՝ արտադրանքն արտահանվում է հարեւան Վրաստան: Ֆինանսական ճգնաժամի պայմաններում կրճատումներ եւ արտադրանքի գնի բարձրացում տեղի չի ունեցել: 2008թ. որակի բարձր ցուցանիշների համար արժանացավ ՀՀ կառավարության պատվոգրին: Ձեռնարկության աշխատանքներին խոչընդոտում է խմելու ջրի թերի մատակարարումը, որը խիստ բացասաբար է անդրադառնում արտադրության ռիթմիկ աշխատանքի վրա: Խմելու ջուրը չի բավարարում ձեռնարկության կարիքները, որի հնարավորությունները թույլ են տալիս նոր աշխատատեղեր բացելու: «Երեւան ջուր» ՓԲԸ-ի կողմից ջրի մատակարարումը կատարվում է ամեն օր ժամը 11-13-ը եւ երեկոյան 10-11-ը, երբ աշխատակիցները գտնվում են իրենց տներում: Զուգարանները չեն գործում, բանվորական ճաշարանը՝ նույնպես, բանվորներն իրենց անձնական կարիքները հոգում են հարակից դաշտերում, հակասանիտարական վիճակ է, եւ ձեռնարկության վիճակը գնալով վատթարանում է: Վերը նշված գրաֆիկը, որը սահմանված է գործարանի համար, չի բավարարում, բացի այդ, հաճախակի խախտում են գրաֆիկը: Պատահում է` օրվա մեջ կես ժամ են տալիս կամ ընդհանրապես չեն տալիս ջուր: Հարգարժան վարչապետ, բազմիցս դիմում ենք «Երեւան Ջուր» կազմակերպությանը, սակայն, ոչ միայն չեն բավարարում մեր արդարացի պահանջը, այլեւ շանտաժ են անում։ «Ինչի՞ եք ձեռնարկություն կառուցում, չգիտե՞ք, որ ջուր չկա»,- հայտարարում է Եղվարդի ջրային տնտեսության ղեկավարը: Դիմում ենք «Երեւան Ջուր» Եղվարդ քաղաքի ծառայության ղեկավարին: Մեզ պատասխանում է. «Եղվարդի քաղաքապետն ինձնից պահանջում է ջուր տալ հիմնականում քաղաքին»: Զարմանալի եւ տարօրինակ են Եղվարդի քաղաքային իշխանությունների անտարբերության սահմանները: Եղվարդ քաղաքում կառուցվել է վերջին 20 տարում խոշոր «Սեմուր ընդ կո» ձեռնարկությունը, որն աշխատատեղեր է ստեղծել, ՀՀ խոշոր հարկատուներից մեկն է եւ, որին աջակցելու փոխարեն՝ խոչընդոտում են` ջրամատակարարումից զրկելու ճանապարհով»: