Չափից դուրս ազատ

05/07/2010

Կաննի միջազգային գովազդային փառատոնում գրան-պրի մրցանակի արժանացած պլակատների շարքը, որոնք գովազդում են «DIESEL» ապրանքանիշը, Մեծ Բրիտանիան արգելել է ցուցադրել: Պատճառը էրոտիկ կադրերն են, որոնք ուղեկցում են ազատ ոճի հագուստ գովազդող պաստառները: Կաննի «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակը ստացած գովազդային արշավի հերոսուհիները համարձակ երիտասարդ աղջիկներ են, որոնցից մեկը պարսպի վրա տեղադրված տեսագրող սարքերի առջեւ մերկացնում է կուրծքը, իսկ մյուսը` լողազգեստ հագած, անթաքույց հաճույքով ինքն իր մարմինն է լուսանկարում: Գովազդային պոստերներն ուղեկցվում են հետեւյալ կարգախոսով. «Խելացիները ուղեղ ունեն, իսկ հիմարները` բնավորություն: Եղիր հիմար. DIESEL»: Բրիտանական գովազդային ստանդարտները վերահսկող կոմիտեն համարել է, որ այդ հոլովակները հակասոցիալական վարքագիծ են քարոզում, երեխաներին դրդում են անտեսել ընդունված նորմերն ու, վերջիվերջո` վիրավորական բնույթ ունեն: Իսկ գովազդի հեղինակները պարզաբանել են, որ իրենց հաջողվել է գտնել զարմանալի թարմ ու անսպասելի կանացիության դրսեւորում: Խիզախ ու գեղեցիկ աղջիկները սեփական մարմնից չեն ամաչում: Անցյալ տարի Մեծ Բրիտանիան նույնպես մի քանի գովազդային հոլովակների ցուցադրման արգելք է դրել, մասնավորապես` արգելել է նրբերշիկների քարոզչությունը, որի մեջ նույնպես սեքսուալ ենթատեքստ է նկատել: