Ասում է Հայաստանի Ազգային պարարվեստի եւ պարագետների միության նախագահ, «Բերդ» պարային անսամբլի գլխավոր բալետմայստեր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Կարեն Գեւորգյանը
– Անցյալ տարի լրացավ «Բերդ» պարային անսամբլի հիմնադրման 45-ամյակը: Այսօրվա «Բերդը» նախկինի պես ամո՞ւր է:
– «Բերդը» բերդապահների նման ամուր մնաց, որովհետեւ դրա կուռ դարպասներից ներս մտնողն անմիջապես վարակվում էր պար կոչվող կախարդական արվեստով: «Բերդի» հիմքերը դրվել են դեռեւս 1963թ.` արվեստի վաստակավոր գործիչ Բորիս Գեւորգյանի կողմից, ով, ի դեպ, իմ հայրն է: Այն ժամանակ նա պատկերացում անգամ չուներ, որ տարիներ անց «Բերդն» արժանանալու է ՀՀ Վաստակավոր կոլեկտիվ կոչման: Այս տարիների ընթացքում բազմաթիվ սերունդներ եկան-գնացին այդ «դարպասներով», բայց որեւէ մեկը չդավաճանեց «Բերդի» գաղափարախոսությանը: Իսկ «Բերդը» ազգային արժեքների պահպանման կուռ ամրոց է:
– Խորհրդային տարիներից մինչ օրս «Բերդը» ի՞նչ փոփոխություններ է կրել:
– Խորհրդային Միության ժամանակաշրջանում պարտադրված ծրագրեր կային, որոնք հարկադրում էին պարել այս կամ այն երկրի պարը, քանի որ ազգերի բարեկամություն էին քարոզում: Այդ տարիներին համույթն ամեն բան արեց` ազգային արժեքներն ու հայի դիմագիծը պահպանելու համար: Սակայն Խորհրդային կարգերի փլուզումից հետո մի շարք խմբեր, այսպես ասած` դավաճանեցին հայ պարարվեստի սկզբունքներին` գնալով էժանագին ծափերի ետեւից եւ ստեղծելով հայկական «լամբադաներ» ու «քոչարիներ»: Մեր համույթը, սակայն, հավատարիմ մնաց իր գաղափարախոսությանը, արժեքներին: Այսօր էլ համույթն իր ստեղծագործական տարերքի մեջ է, եւ այս դաշտում լուրջ ասելիք ունեցող խմբերից է:
– Պարը, լինելով մարդու մարմնի լեզուն, արդյո՞ք վտանգված է օտարալեզու դպրոցների բացմամբ:
– Պարարվեստը նախեւառաջ լեզվամտածողություն է, իսկ լեզվամտածողությունը յուրաքանչյուր ազգի կոդն է, որը կորցնելու դեպքում` ազգը կկորցնի նաեւ իր երկիրը: Լեզուն միայն հայերենը չէ, այլ գորգի, կերպարվեստի, երաժշտության, պարի լեզուն է: Ես սարսափում եմ այդ օտարալեզու բառից: Ինքս այդ դպրոցների կողքով շատ զգույշ եմ անցնելու, որովհետեւ ինձ համար այդ դպրոցներում սովորելու են օտար մարդիկ, ովքեր սեփական երկրում մտածելու են օտար լեզվով: Սրանից սարսափելի բան կա՞, երբ քո զավակին դու չես ճանաչի, որովհետեւ նա արդեն ուրիշ մտածողություն ունի: Սա նման է «Պարոն-420» հնդկական ֆիլմի հերոսին, որտեղ հերոսի շապիկը հնդկական էր, վերնաշապիկը` չինական, գլխարկը` անգլիական: Իսկ օտարալեզու դպրոցում սովորողը, բնականաբար, կնախընտրի իտալական, ֆրանսիական, անգլիական, գերմանական պարերը: Ի վերջո, այդ դպրոցներում քարոզվելու է նաեւ մշակույթ: Չեմ կարող պատկերացնել, թե ինչպես է հայ երեխան իր ազգի պատմությունը սովորելու անգլերենով կամ ֆրանսերենով: Սա նաեւ մարտահրավեր է, որն ուղղված է բոլորիս: Մենք պետք է պայքարենք այդ երեւույթի դեմ: Համոզված եմ` ընդամենը մի քանի տարի հետո օտարալեզու դպրոցների պահանջն ավելի կաճի, ու մենք կկանգնենք օտարալեզու եւ ազգային դպրոցների ճամփաբաժնում:
– ՀՀ նախագահը Գերմանիա կատարած այցի ժամանակ նշել էր, որ մտահոգվելու կարիք չկա` չէ՞ որ Հայաստանում տարիներ շարունակ գործում են Հայ-ամերիկյան, Սլավոնական, Ֆրանսիական համալսարանները, որտեղ ուսուցումը օտար լեզվով է, բայց դրանից որեւէ վնաս չի կրել Հայաստանը:
– Այո, բայցեւ այդ համալսարաններում սովորողները հաճախել են հայկական հանրակրթական դպրոցներ, ովքեր, բացի մայրենի լեզվից, տիրապետել են նաեւ օտար լեզուների: Իսկ հետաքրքիր է` ինչո՞ւ Ֆրանսիայում կամ Ռուսաստանում օտարալեզու դպրոցներ չեն բացում:
– «Բերդ» անսամբլն այսօր ֆինանսական աջակցություն չի ստանում պետության կողմից: Ինչպե՞ս է գոյատեւում:
– «Բերդը» երբեւէ չի ֆինանսավորվել պետության կողմից: Գոյատեւում ենք, այսպես ասած` կամքի ուժով: Այսօր, ցավոք, մեր երկրի պետական բյուջեից սնվում են որոշ պարախմբեր, որոնք բավարար ստեղծագործական մոտեցումներ եւ կայուն խաղացանկ չունեն: Իսկ այդ դաշտում ռեալ գործ անողները, մեղմ ասած` մատնվում են անուշադրության: Լուծումը ո՞րն է. կամ պետք է այդ խմբերի կարգավիճակը հավասարեցնեն, տվյալ դեպքում` «Բերդ» անսամբլի կարգավիճակին, կամ մեր կարգավիճակը` իրենցին:
– Վերջին տարիներին Մշակույթի նախարարությունն ի՞նչ է արել ազգային պարարվեստի համար:
– Չեմ կարող չնշել, որ վերջին տարիներին Մշակույթի նախարարը բավարար ուշադրության է արժանացնում ժողովրդական պարախմբերին, որոնց ազգային տարազների պատրաստման համար որոշակի ֆինանսական աջակցություն է ցուցաբերում: Անցյալ տարի մարզերում գործող շուրջ 10 պարային համույթների օգնել է ազգային տարազներ ձեռք բերել:
– Որքան գիտեմ, օրինակ, Կապանի պարի խմբերին այդ հագուստներից չեն հասել: Ստացվում է այնպես, որ Մշակույթի նախարարությունը մի մասին ապահովել է, մյուսներին` ո՞չ:
– Հերթը անպայման Կապանին էլ կհասնի:
– Արդեն 15 տարի է` գոյություն ունի Պարարվեստի միությունը: Ինչո՞վ է զբաղվում այն: Նկատենք, որ մեզանում «ստեղծագործական միություն» ասվածը ավելի շատ ֆիկտիվ բնույթ է կրում:
– Չգիտեմ, թե մյուս միություններն ինչո՞վ են զբաղվում, բայց Պարարվեստի միությունն առայսօր ակտիվ գործունեություն է ծավալում: Իրականում մեր կատարած աշխատանքն այնքան լայնածավալ նյութի թեմա է, որ դժվարանում եմ մի քանի տողով այն ձեւակերպել: Այսօր Պարարվեստի եւ պարագետների միության մեջ ընդգրկված են 130 պարախմբեր, այդ թվում` անդամակցում են նաեւ Սփյուռքի ավելի քան 30 պարախմբեր: Հայաստանում այդպիսի պետական միջոցառում չկա, որտեղ ՀՀ Ազգային պարարվեստի եւ պարագետների միությունը մասնակցություն եւ մաս չկազմի: Մեր խմբերը մասնակցում են պետական եւ կառավարական մակարդակով կազմակերպված բոլոր միջոցառումներին, այդ թվում` Էրեբունի-Երեւանի, «Մեկ ազգ, մեկ մշակույթի», «Համահայկական խաղերի», Բանակին նվիրված եւ այլ թատերականացված մասսայական միջոցառումներին: Մինչ օրս չեմ հասկանում, թե ինչո՞ւ Խորհրդային Միության տարիներին պետք է լիներ Գրողների, Կոմպոզիտորների, Նկարիչների միություն, եւ չլիներ Պարարվեստի միություն, կամ ո՞վ է որոշել, որ գրողը կարող է հանգստանալ Ծաղկաձորում, կոմպոզիտորը` Դիլիջանում, իսկ պարարվեստի գործիչը իրավունք չունենա հանգստանալու: Սա աբսուրդ է: Կամ ո՞վ է որոշել, որ մյուս ստեղծագործական միությունները պետք է շենքային պայմաններ ունենան, իսկ Պարարվեստի միությունը` ոչ: Մի՞թե արվեստում լինում են առաջնային եւ երկրորդային արվեստներգ
– Այսինքն` ՀՀ Ազգային պարարվեստի եւ պարագետների միությունը շենք չունի՞:
– Պարարվեստի միությունը 3 քմ տեղ էլ չունի: Այսօր մենք նույնիսկ պարելու տեղ չունենք: Միությունն ընդամենը մի փոքրիկ գրասենյակ ունի:
– Իսկ դա պետության կողմի՞ց է տրվել:
– Ոչ, այդ գրասենյակը բացեցինք միության անդամների նախաձեռնությամբ: Այն գտնվում է Ժողստեղծագործության հանրապետական կենտրոնում:
– Այնուամենայնիվ, ազգային պարարվեստն ի՞նչ խնդիրներ ունի այսօր:
– Ազգային պարարվեստը լուրջ խնդիրներ ունի` պրոպագանդման, պետական հովանավորչության տեսանկյունից: Մեծագույն խթան կլինի պետական մակարդակով ազգային պարարվեստի կենտրոնի ստեղծումը, որտեղ կհավաքվեն ազգային պարարվեստի տեսաբաններ, ովքեր հայկական պարը կդնեն գիտական լուրջ հիմքերի վրա: Այդ կենտրոնի ստեղծման համար պետք է լինի պետական հոգածություն: Եթե իրավիճակն այսօրվա պես շարունակվի, ապա կարող եմ ասել, որ տարիներ անց մենք կունենանք ավելի մեծ խնդիրներ, որոնք լուծելն արդեն շատ բարդ կլինի, այլ կերպ ասած` այլեւս հնարավոր չի լինի վերականգնել մեր դարավոր ավանդույթները: Մեր աչքի առջեւից վերանում է երկու հազար տարիների պարամշակույթը, որը 5 կամ 10 օրում չի ստեղծվել:
– Ի՞նչ է պարը:
– Պարը մեր պատմությունն է, կոդը, մեր կենցաղի անբաժան մասը, մեր լեզվամտածողությունն էգ Շատերի համար պարը, այսպես ասած` «թռնոցի» է: Ազգային պարարվեստի պատմությունն ուսումնասիրելիս տեսնում ենք, որ հայերն առանց պարի որեւէ բան չեն արել: Հայերը պարով փառաբանել են իրենց բարի աստվածներին, իսկ չար ուժերին փորձել են հեռացնել իրենց բնակության վայրից: Հայերն ունեցել են ուրախության, սգո, տոտեմական, դիցաբանական, կրոնապաշտական, ծիսական, արարողակարգային եւ այլ բնույթի պարեր: Պարամշակույթը չափազանց լուրջ գիտություն է: Ցավոք, մեր երկրում ինկուբատորի պես բազմանում են դիլետանտ ու անմակարդակ պարուսույցները, ովքեր ազգային քողի տակ ինչ ասես ներկայացնում են: Իսկ դա մեր ժողովրդի որոշ հատվածի ճաշակն է: Այնինչ, մեր ինքնության բանալին հենց պարի մեջ է: Պարը մեր հավաքական միտքն է: Եթե այդ հավաքական միտքն էլ հանենք, մեզնից կմնա ընդամենը «ֆուտլյար»:
Օրեր առաջ, Դելֆյան խաղերի բացման արարողությանը մասնակցելիս, որին հրավիրված էին նախկին ԱՊՀ երկրների հարյուրավոր մասնակիցներ, ինձ թվում էր, թե գտնվում եմ օտար մի երկրում: Ե՞րբ ենք ձերբազատվելու քաղքենիական մտածելակերպից: Օտարն ուզում է տեսնել մեր ազգայինը: Գնացեք հետաքննեք, տեսեք` ովքե՞ր են եղել այդ միջոցառման բացման հանդիսավոր արարողության ռեժիսորները: Համոզված եմ, որ նրանք հայերեն մտածողություն ընդհանրապես չունեն: Ավելին` նրանք կամ ավարտել են ռուսական դպրոց, կամ կլասիկ կրթություն ունեն:
– Պարոն Գեւորգյան, այս ամենից հետո ազգային պարարվեստի հեռանկարների մասին խոսելը կարծես ավելորդ է:
– Ոչ, ես չափազանց լավատես եմ: Պարն ունեցել է եւ ունի ապագա: Մեր ուզածն այդքան էլ շատ չէ` ազգային պարարվեստի պահպանում: Երբեմն այնպիսի տպավորություն եմ ունենում, ասես պայքարում եմ աղանդի դեմ: Ես ի՞նչ եմ ուզում` պարի միջոցով այս ազգի տեսակը պահել, սակայն կան մարդիկ, ովքեր դրան դեմ են: Այդ մարդկանց արյունը պետք է անալիզի ենթարկել: Մի թուրք պարագետ ընկեր ունեմ, ով ընդունում է, որ իրենք պարում են մեր պարերը: Նա ասում է` դուք ձեր պարերը գցել եք ցեխի մեջ` վերցնելով մեր բայաթիները, մենք էլ վերցրել ենք ձեր պարերը: Ասում է` մենք լավ հասկանում ենք, որ դա ձեր պարն է, բայց այն ձեր երկրում չի քարոզվում: Թուրքիայում գործում են ժողգործիքների 250 պետական համույթներ, որի մեծ մասին պետությունն ամեն տարի ուղարկում է միջազգային համերգների: Պետությունը վարձում է լավագույն դահլիճները Եվրոպայում եւ Լատինական Ամերիկայում: Ավելին` համերգները կազմակերպում են անվճար: Դուք հիմա պատկերացնո՞ւմ եք, թե սա ինչ քաղաքականություն է: Մեր պետությունն էլ պետք է նման քաղաքականություն վարի:
«Բերդ» պարային անսամբլի հարյուրից ավելի մասնակիցների եւ ինձ համար անչափ ուրախալի էր, որ մեր երկրի առաջին դեմքը` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, «Բերդի» հիմնադրման 45-ամյակի կապակցությամբ՝ բարձր գնահատելով անսամբլի տասնյակ տարիների աշխատանքը, շնորհեց ՀՀ Վաստակավոր կոլեկտիվի պատվավոր կոչում, որի համար շատ շնորհակալ ենք իրեն: Դա մեծ գնահատական է, որը ոգեշնչում է անսամբլի յուրաքանչյուր արտիստի: Պարարվեստի արժանի խմբերը, անհատ ներկայացուցիչները պետք է մշտապես գնահատվեն: ՀՀ նախագահը բարձր է գնահատում այդ արվեստում արժանի մարդկանց եւ պարային հայտնի անսամբլների, նրանց ղեկավարների, հայտնի պարուսույցների գործունեությունը: Չեմ կարող չնշել, որ Նախագահը ժողովրդական արտիստի կոչման է արժանացրել Սուրեն Գյանջումյանին: Մշակույթի վաստակավոր գործչի կոչմանն են արժանացել «Սեբաստիա» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Հովհաննես Թադեւոսյանը, «Սարդարապատ» համույթի գեղարվեստական ղեկավար Մուրադ Հակոբյանը: Նման գնահատում չէր եղել վերջին տարիների ընթացքում: Ես ուզում եմ, որպեսզի բոլորը հասկանան եւ գնահատեն պարարվեստի ստեղծագործողի աշխատանքը: