«Ես լսեցի Երվանդ Քոչարին»

08/10/2005 Նարինե ԱՎԵՏՅԱՆ

Եկող տարի Կոտայքի մարզի Արգել գյուղը փայտագործության արվեստի թանգարան
կունենա: Տուն-թանգարանը Արգելին է նվիրելու նույն գյուղի բնակիչ,
փայտարվեստի ոլորտի անվանի փորագրիչ, զարդանկարիչ Արսեն Փանոսյանը:

Նա պատրաստվում է գյուղի իր տունը վերանորոգել ու իր
ստեղծագործություններով հանդերձ նվիրել գյուղին. «Առանց այդ էլ տունս հիմա
ոնց որ թանգարան լինի, եթե էս կողմերով մի զբոսաշրջիկ է անցնում, անպայման
այցելում է աշխատանքներս տեսնելու: Հոգուս մեջ ես տունս արդեն կտակել եմ
իմ հայրենի գյուղին, մնում է բարով-խերով վերանորոգում էլ անեմ ու հանձնեմ
իրենց»: Տուն-թանգարանը կանմահացնի Փանոսյանին եւ իր որդիներին:

Փայտի փորագրության մեջ ունեցած իր հաջողությունների համար Արսեն
Փանոսյանը շնորհակալ է իր մորեղբորը եւ ուսուցչին՝ հայտնի բժիշկ եւ
քանդակագործ Հովսեփ Մարգարյանին: «Սակայն,- ասում է,- եթե չլիներ Երվանդ
Քոչարը, ես երեւի դերասան դարձած լինեի: Ինքն էր, որ միանշանակ պնդում ու
ոգեւորում էր ինձ՝ շարունակել փայտի փորագրությունը: Ասում էր՝ ուրիշ
ասպարեզներում դու հնարավոր է շատ լավ մասնագետ դառնաս, բայց եթե
շարունակես փորագրել, դու կդառնաս Արսեն Փանոսյան: Ես լսեցի նրան եւ
չսխալվեցի»:

Որպես կանոն, աշակերտները շարունակում են գերազանցել ուսուցիչներին. «Եթե
փայտի փորագրության մեջ երեւելի համարվող Հակոբ Նաղաշյանի ու Հակոբ
Ազատյանի մոտ փայտի միաշերտ փորագրություն է եղել, ապա քեռիս՝ Հովսեփ
Մարգարյանը կատարելագործել է այն մինչեւ երկշերտ փորագրության աստիճանը,
ինձ մոտ հասավ երեք շերտի, տղաս՝ Պարույրը հասավ քառաշերտի: Ես մինչեւ
հիմա էլ զարմանում եմ՝ ո՞նց կարելի է քառաշերտ անել: Փոքր տղաս եռաշերտի
հասել է, հույս ունեմ քառաշերտն էլ կհաղթահարի»:

Արսեն Փանոսյանը փայտի գաղտնիքները հաղորդել է 67 հոգու, աշակերտներից
միայն հինգի աշխատանքներն են նրան գոհացնում, նրանցից երկուսն իր որդիներն
են: Միակ մտահոգությունն այն է, որ եւ որդիների, եւ մյուս բոլոր
աշակերտների մոտ փորագրությունը զուտ տեխնիկական աշխատանք է,
ստեղծագործական մոտեցում չկա: «Ես հանգիստ գերեզման կիջնեմ այն ժամանակ,
երբ իմ տղաները սկսեն փորագրել իրենց հեղինակած զարդանախշերը»: Ասում է,
թե Պարույրն արդեն փորձում է: «Սակայն վախ կա մեջը, վախենում է
կրկնվելուց»:

Շուրջ կեսդարյա ստեղծագործական կյանքում Արսեն Փանոսյանը 60 աշխատանք է
ստեղծել: Իր գլուխգործոցը համարում է եռաշերտ փորագրությամբ մեծածավալ
սկահակը, որի համար արժանացել է «Մովսես Խորենացի» մեդալին: «23 տարի է
պահանջվել ինձանից այդ սկահակի համար, օրական 6-12 ժամ եմ աշխատել»,-
ասում է: Եվս երեք գլխավոր մրցանակների էլ արժանացել է տարբեր տարիների
միջազգային տարբեր փառատոներում: Փայտի բազմաշերտ փորագրության հասնելու
համար մարդ պետք է լայն մտահորիզոն ունենա ու համբերություն՝ գտնում է
քանդակագործը: Նրան մինչեւ հիմա զարմանք է պատճառում ավագ որդու փորագրած
քառաշերտ խաչը, 9 տարվա անդուլ աշխատանք էլ դա է պահանջել: «Հիմա, եթե
մեկը գալիս ինչ-որ բան է ուզում գնել, ես այնպիսի գին եմ ասում, որ
չկարողանա վճարել, որովհետեւ չեմ կարողանում էդ գործերը տնից հանել»,-
ասում է: Սակայն որոշ գործեր, այնուամենայնիվ, ստիպված է եղել վաճառել:
Հատկապես կարոտով է հիշում իր «Սասունցի Դավիթը». 7մ 21 սմ տրամագծով այս
աշխատանքը, որ ներկայացնում է էպոսի բոլոր հերոսներին, այժմ գտնվում է
մասնավոր հավաքածուում: «1985 թվականին «Սասուցի Դավիթը» Մոսկվայում ինձ
ոսկե մեդալ բերեց: Ասում են, թե Մարգարետ Թետչերին այդ գործն այնքան է
դուր եկել, որ ցանկացել է այդ աշխատանքը Լոնդոնում տեսնել: Սակայն էն
ժամանակ պետությունը դեմ էր էդպիսի գործարքներին ու պատճառաբանելով, թե
իբր հեղինակը համաձայն չէ, չեն տվել: Սակայն էն ծանր տարիներին ստիպված
եղա վաճառել»,- հիշում է Ա. Փանոսյանը:

65-ամյա քանդակագործն այժմ բնակվում է հայրենի գյուղում: Ակտիվորեն
մասնակցում է գյուղի հասարակական կյանքին: Ավագանու անդամ է:
Մտահոգությունների շրջանակը, սակայն, հայրենի Արգելով չի սահմանափակվում:
Այս օրերին խիստ մտահոգ է սահմանադրական փոփոխություններով: Ասում է՝
«Սրտիս մեջ ես իմ Սահմանադրությունն եմ ստեղծել, կուզենայի հենց դա
գործեր»: Ըստ Արսեն Փանոսյանի «սրտի Սահմանադրության», Ազգային ժողովը
պետք է գործի հասարակական հիմունքներով. «Այնտեղ պետք է լինեն միայն
գիտության մարդիկ՝ ակադեմիկոսներ, գիտնականներ, գիտության թեկնածուներ՝
բոլոր բնագավառներից, նրանք պետք է նստեն Ազգային ժողովում ու օրենք
մշակեն, ի՞նչ գործ ունի «ավտարիտետ» լավ տղեն Ազգային ժողովում, կամ էն
խեղճ գործարար լավ տղեն ի՞նչ կարող է անել, ասենք, լեզվի մասին օրենք
մշակելիս… Եթե Ազգային ժողովը գործի միայն ու միայն հասարակական
հիմունքներով, կտեսնեք՝ ոնց է էս երկրից վերանում կոռուպցիան»: