«Էներգետիկ հարցերը գերակա են: Ես դրանք կորակեի որպես լուրջ խնդիրներ: Խաղադրույքները բարձր են: Դրանք շատ կարեւոր են Ադրբեջանի համար, եւ կարեւոր՝ մեզ համար: Դրանք լուրջ հարցեր են: Ես չէի ասի՝ լուրջ տարաձայնություններ, պարզապես լուրջ խնդիրներ, որոնք պետք է քննարկել»,- ճեպազրույցում նման կարծիք է հայտնել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի գծով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը` պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի միջեւ տարաձայնությունների ապացույց չէ նախագահ Բարաք Օբամայի նամակը՝ ուղղված Իլհամ Ալիեւին: Գորդոնը նկատել է, թե Ադրբեջան կատարելիք այցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը քննարկելու է մի շարք առանցքային հարցեր: «Էներգետիկ հարցերը գերակա են բոլորի համար այս կամ այն ձեւով, բոլոր երկրներում, ուր այցելելու է պետքարտուղարը: Կովկասում էներգետիկ հարցը շատ կարեւոր է եւ քննարկման առանցքային տարր է լինելու: Էներգետիկան Ադրբեջանի հետ քննարկվող հարցերում առանցքային հարցերից է: Հայաստանի հետ հարաբերությունների օրակարգում նաեւ տարածաշրջանային հարցերն են»,- հստակեցրել է Գորդոնը: Հիշեցնենք, որ նախագահ Բարաք Օբաման հունիսի սկզբին նամակ էր հղել Ի. Ալիեւին` պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսի միջոցով: «Մեզ հայտնի է առկա լուրջ խնդիրների մասին, բայց վստահ եմ, որ կարող ենք լուծել դրանք»,- նշել էր Օբաման: