Հատուկ միջոցառումներ՝ Քլինթոնի համար

05/07/2010

Երեկ պաշտոնապես հայտնի դարձավ, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Երեւան է ժամանելու հուլիսի 4-5-ը: Նա Երեւան է ժամանելու Բաքվից եւ այստեղ անցկացնելու է մեկ գիշեր: ԱՄՆ պետքարտուղարի այցը կարեւոր եւ հետաքրքիր է ոչ միայն քաղաքական, այլ նաեւ կազմակերպչական տեսանկյունից: Քլինթոնի այցի հետ կապված արդեն իսկ ձեռնարկվել են անվտանգության խիստ միջոցառումներ: Օրերս Հայաստան է ժամանել ամերիկյան հատուկ ծառայությունների մի քանի տասնյակ աշխատակիցներից կազմված խումբ, որը զբաղված է պետքարտուղարի այցի նախապատրաստական աշխատանքների կազմակերպմամբ: Թե որտեղ է հանգրվանելու տիկին Քլինթոնը եւ ինչ վայրեր է այցելելու, բնականաբար, գաղտնի է պահվում: Հայտնի է միայն, որ նա հանդիպելու է նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Նշենք, որ մեր տեղեկություններով՝ նույնիսկ Երեւանում Հիլարի Քլինթոնը շրջելու է ԱՄՆ-ից բերված ավտոմեքենայով. չնայած հայկական կողմը վստահեցրել է, որ կարող է տրամադրել անվտանգության չափանիշներին համապատասխանող ավտոմեքենա, սակայն ամերիկացիները հրաժարվել են: