ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը երեկ պաշտոնապես հաստատեց, որ հուլիսի 4-5-ը Հայաստան կայցելի ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: ԱՄՆ վարչակազմի նման բարձրաստիճան պաշտոնյայի մակարդակով` վերջին 20 տարիների ընթացքում սա երկրորդ այցն է Հայաստան: 1992 թվականին Հայաստան է այցելել նաեւ նախկին պետքարտուղար Ջեյմս Բեյքերը:
Հայաստանում արդեն սկսվել են նախապատրաստական աշխատանքները` Հիլարի Քլինթոնի անվտանգությունը ապահովելու ուղղությամբ: Մեր տեղեկություններով, նախօրեին ԱՄՆ-ից Հայաստան է ժամանել անվտանգության աշխատակիցների մի քանի տասնյակ հոգանոց խումբ, իսկ երեկ արդեն նրանք Արտգործնախարարության, Պետական արարողակարգի գործակալության եւ Պետական պահպանության ծառայության աշխատակիցների հետ սկսել են մշակել, այսպես կոչված, անվտանգության պլանը: Տեղեկացանք նաեւ, որ դիպուկահարներ շատ չեն լինելու, քանի որ պետքարտուղարը բացօթյա վայրերում գրեթե չի գտնվելու, փոխարենը, օդանավակայանից սկսած` յուրաքանչյուր 20 մետրի վրա հսկողություն են իրականացնելու ՊՊԾ զինված աշխատակիցները: Թեեւ հայկական կողմը նախապես տեղեկացրել է, որ կարող է պետքարտուղարին եւ նրան ուղեկցող անձնակազմին ապահովել զրահապատ բարձրակարգ ավտոմեքենաներով, սակայն, մեր աղբյուրի փոխանցմամբ, ամերիկյան կողմը հրաժարվել է Հայաստանի տրամադրած մեքենաներից: Անվտանգության նկատառումներից ելնելով, պետքարտուղարը Հայաստանում կշրջագայի ԱՄՆ-ից բերված ավտոմեքենայով: Բացի նախագահականից եւ ԱՄՆ դեսպանատնից, մեր տեղեկություններով՝ տիկին Քլինթոնը կայցելի նաեւ մեկ մշակութային օջախ, ամենայն հավանականությամբ` թանգարան: Բացի այդ, նա հանդիպելու է նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ եւ քննարկելու է մարդու իրավունքների, ժողովրդավարացման եւ մամուլի ազատության հետ կապված հարցեր: Նշենք նաեւ, որ ԱՄՆ պետքարտուղարը Երեւան է ժամանելու Բաքվից, որտեղ նախատեսված են հանդիպումներ` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հայաստան այցելությունից հետո` հուլիսի
5-ին տիկին Քլինթոնը մեկնելու է Թբիլիսի, որտեղ էլ կավարտվի նրա շրջագայությունը:
Հիլարի Քլինթոնն իր կարճատեւ այցի ընթացքում կհանդիպի միայն ՀՀ նախագահի եւ արտգործնախարարի հետ: Այլ հանդիպումներ նախատեսված չեն: «Երեւանում կայանալիք բանակցությունների օրակարգում են լինելու հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության զարգացմանն ու խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, քննարկվելու են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային եւ միջազգային խնդիրներ»: Ահա այն ամենը, ինչ պաշտոնապես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն: Իսկ քաղաքական շրջանակներում վստահ են, որ նման բարձրաստիճան պաշտոնյան ինչ-որ օրակարգային հարցեր քննարկելու համար չէ, որ գալիս է Հայաստան: Հակառակը` նրա այցը պետք է դիտարկել օրեր առաջ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների կողմից արված հայտարարության համատեքստում: Հ. Քլինթոնը այցելելու է ոչ միայն Հայաստան, այլ նաեւ` Ադրբեջան: Ակնհայտ է, որ իր այցով նա 2 երկրներին պետք է հորդորի, կամ, ինչպես վստահ են որոշ քաղաքական գործիչներ` ճնշում գործադրի՝ հնչած առաջարկները նշված ժամկետներում իրագործելու համար: Իսկ ի՞նչ հնարավոր զարգացումներ կհաջորդեն պետքարտուղարի այցին, եւ արդյո՞ք կլինեն խնդրի լուծման նոր առաջարկներ: ՀՀ նախկին արտգործնախարար, Հայ Ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանն, օրինակ, ասում է, որ նոր առաջարկներ, որպես այդպիսին, չեն լինի: «Նոր առաջարկ անշուշտ չի լինելու, քանի որ օրեր առաջ 3 երկրների նախագահները հստակ հայտարարեցին, թե ինչն է դրված սեղանի վրա: Հստակ ասվեց, որ ԼգԱքվիլայի հայտարարությունը ուժի մեջ է, եւ բանակցային գործընթացի հիմքը դա է: Նրանք 2 երկրներին կոչ արեցին շատ ավելի ակտիվ աշխատել: Հենց այդ կոչի շրջանակներում էլ դիտարկվում է պետքարտուղարի այցելությունը, որպեսզի կողմերին նորից մեկ անգամ եւս հիշեցնեն, բացատրեն եւ համոզեն, որպեսզի բանակցությունները շարունակվեն իրենց առաջարկների շրջանակներում: Բացի այդ, հստակ խոսելով իրենց դիրքորոշման մասին, նրանք նաեւ հստակ ժամկետ դրեցին եւ ասացին, որ այդ ժամկետում պետք է նախապատրաստվի խաղաղ դաշնագրի ստորագրման գործընթացը: Թե այդ ընթացքում ինչ այցելություններ կլինեն, ով կգա-կգնա, ով ում հետ կհանդիպի, դրանք բոլորը միտված են լինելու այդ առաջարկների շուրջ գործընթացը շարունակելուն»,- ասում է Ա. Արզումանյանը: Իսկ հնարավո՞ր է, որ պետքարտուղարի այցի ժամանակ քննարկվեն նաեւ ԱՄՆ-ի նախաձեռնությամբ սկիզբ առած հայ-թուրքական արձանագրությունների վերսկսման հնարավորությունները: Պատասխանելով մեր այս հարցին, ՀԱԿ ներկայացուցիչն ասում է. «Մինչեւ թուրքերը Ղարաբաղի հարցում իրենց տեսանկյունից առաջխաղացում չտեսնեն, բացառվում է, որ նրանք որեւէ փաստաթուղթ վավերացնեն, կամ սահման բացեն: Ես դա բացառում եմ: Թուրքիան առաջին օրվանից է պայման դրել, այդ պայմանը չի իրականացվել, ինչու պետք է որեւէ նոր փոփոխություն լինի: Չի լինելու»: Համանախագահող երկրների ղեկավարների առաջարկներում առաջին տեղում Ղարաբաղի հարակից շրջանների վերադարձի հարցն է, միայն դրանից հետո խոսվում է ԼՂ ժողովրդի ինքնորոշման եւ անվտանգության հետ կապված երաշխիքների մասին: Արդյո՞ք հստակեցում կմտցվի, կամ կքննարկվեն առաջարկների իրականացման հաջորդականության հետ կապված հարցեր: Պարոն Արզումանյանն ասում է. «Այդ մակարդակի պետական գործիչների հետ հանդիպումներում բացառվում է որեւէ հարցի դետալների քննարկում: Կքննարկվեն միայն քաղաքական սկզբունքային մոտեցումների վերաբերյալ հարցեր: Մասնավորապես հայ-թուրքական հարաբերությունների զարգացման սկզբունքները, հայ-ադրբեջանական հարաբերությունները` Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման կոնտեքստում, եւ այս հարցերի հետ կապված` ԱՄՆ-ի մոտեցումները»:
Իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանն ասում է, որ պետք չէ այս այցը դիտարկել համանախագահող երկրների ղեկավարների հայտարարության կոնտեքստում, քանի որ դրա վերաբերյալ պայմանավորվածությունները եղել են շատ ավելի վաղ: «Դա տարածաշրջանային այց է եւ կապված է թե Հայաստանում, թե Վրաստանում եւ թե Ադրբեջանում առկա ներքին եւ արտաքին խնդիրների հետ: Կոնկրետ ներքաղաքական օրակարգի առումով կլինեն նոր առաջարկություններ: Կքննարկվեն եղած առաջարկությունները եւ առավելապես Ղարաբաղյան խնդրի շուրջ ծագող հարցադրումները: Հայտարարության մասին խոսելով, ասեմ, որ այնտեղ առավելապես գերակայում է ազգերի ինքնորոշման իրավունքը, որը շատ լավատեսություն է ներշնչում: Հատկանշական է, որ հիմնական քննարկումների առումով ԼՂՀ-ն կդառնա մասնակից, դա է վկայում հայտարարության ամբողջական տեքստը»,- ասում է Գ. Սահակյանը: Իսկ հարցին, թե հնարավո՞ր է, որ տիկին Քլինթոնի այցը նպաստի հայ-թուրքական արձանագրությունները կյանքի կոչելուն, մանավանդ, որ պետքարտուղարի տեղակալն արդեն այդ մասին անուղղակիորեն ասել է, Գ. Սահակյանը պատասխանում է. «Այդ մոտեցումները գնահատելի են, բայց այդ դաշտում խնդիրը վերաբերում է ոչ թե մեզ, այլ այն երկրներին, որոնք երաշխավոր են կանգնել այդ արձանագրությունները ստորագրելուն: Քլինթոնն այս առումով իր վրա պարտավորություն է վերցնում, որովհետեւ մասնակից է եղել արձանագրությունների ստորագրմանը: Քննարկումները մեզ մոտ կասեցրել ենք, բայց ասել ենք, որ երբ Թուրքիան պատրաստ կլինի վավերացնելու, մենք կողմնակից ենք: Տեսնելով Թուրքիայում կատարվող իրողությունները, ես այսօր չեմ տեսնում այն քաղաքական պայմանը, որ հնարավորություն կտա վերսկսել այդ գործընթացը: Նրանք խնդիրը կապում են Ղարաբաղի հարցի հետ, որը, կարծում եմ, արդեն ընդունելի չէ միջազգային դիվանագիտական մակարդակով»:
ԱՄՆ պետքարտուղարի այցից ՀՅԴ-ի սպասելիքները մեզ փոխանցեց Դաշնակցության Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նա ասում է. «Պարզ է, որ տուրիստական այցելություն չէ: Առնվազն Հայաստան եւ Ադրբեջան այցելելու պետքարտուղարի նպատակները հստակ են: Պաշտոնյաների հետ հանդիպումներում կարծարծվի Ղարաբաղի հարցը այն կոնտեքստում, որի մասին հայտարարվեց համանախագահող երկրների կողմից: Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին եւս կխոսվի: Այս ուղղությամբ ԱՄՆ-ը մեծ ճիգեր է ներդրել, եւ այս այցն էլ նպատակ է հետապնդում, որ գործադրված ճիգերն ապարդյուն չանցնեն: Եթե ուզում եք ճիշտ բառով ասել, ապա պետքարտուղարի այցելության նպատակը նաեւ ճնշում գործադրելն է, այսինքն, որ գալիս այստեղ է հասնում, ուրեմն պետք է նաեւ արդյունք լինի: Այս պահին, իհարկե, դեռեւս հիմք չունենք ասելու, որ նա իր ակնկալածները կստանա»: Արդյո՞ք Ադրբեջանը պատրաստ է խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների, եթե նկատի ունենանք, որ 3 երկրների ղեկավարների հայտարարությունից հետո անգամ չի դադարեցնում ռազմական գործողությունները: Այս առնչությամբ էլ պարոն Մանոյանն ասում է. «Առաջին հերթին դա պետք է ակնհայտ լինի միջնորդների համար, ովքեր անտեսում են Ադրբեջանի կողմից խաղաղ կարգավորման գործընթացի տապալմանը միտված քայլերը` եւ ռազմական, եւ ոչ ռազմական: Մինչդեռ համանախագահողները լռում են, ու նրանց պահվածքն այնպիսին է, որ նույնիսկ կարելի է անտեսել տեղի ունեցածը»: Այս հարցի հետ կապված` «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն էլ ասում է, որ չնայած Ադրբեջանի ագրեսիվ պահվածքին, նրանք չեն դադարեցնի բանակցությունները. «Ես կարծում եմ, որ այդ պրովոկացիաները նաեւ ճնշման փորձ են բանակցությունները վարողների հանդեպ: Ընդամենը պետք է նրանց համարժեք պատասխան տրվի: Չեմ կարծում, թե գնալով ավելանում է լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը»: Իսկ ԱՄՆ պետքարտուղարի այցի հետ կապված, պարոն Մարտիրոսյանն ասում է. «Քանի որ ԱՄՆ-ը տարածաշրջանում ունի որոշակի հետաքրքրություններ, ապա, կարծում եմ, որ տիկին Քլինթոնը պետք է փորձի որոշակի աշխուժություն մտցնել: Ինչ վերաբերում է ինչ-որ լուծումներին կամ փաստաթղթերի ստորագրմանը, ապա այդ առումով հոռետես եմ եւ չեմ կարծում, թե նման զարգացումներ կլինեն: Հայկական կողմի առջեւ դրված հիմնախնդիրների լուծման ուղղությամբ նոր առաջարկներ չեն լինի: Ես իրատեսական եմ համարում, որ Քլինթոնն իր այցի ընթացքում առավել ուշադրություն դարձնի Հայաստանի ժողովրդավարացման հարցերին, այդ ուղղությամբ, թերեւս, ռեալ քայլեր հնարավոր է ակնկալել»: Ա. Մարտիրոսյանը եւս կարծում է, որ այցը պետք է դիտարկել համանախագահների հայտարարության համատեքստում: Նա ասում է. «Այդ հայտարարությունը հայկական կողմի սխալ արտաքին քաղաքականության հետեւանք է: Մենք ժողովրդավարական հարցերում հետընթաց ենք արձանագրել, ինչն էլ խարխլել է մեր բանակցային դիրքերը: Տարբեր միջազգային ատյաններից նմանատիպ բանաձեւեր սպասելի են, քանի որ դրանք միշտ մատուցվում են թույլ հակառակորդին: Մեր խնդրի բանալին ներքաղաքական է, եւ եթե մենք երկրի ներսում կարողանանք փոփոխություններ իրականացնել, ապա հաջողություն կարձանագրենք նաեւ արտաքին քաղաքական դաշտում»: Հ. Քլինթոնի շրջագայության հետ կապված մանրամասներ է հաղորդել նաեւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը: Խոսելով Հայաստան կատարելիք այցի մասին, նա ասել է, որ դա պատեհ առիթ է նոր լիցք հաղորդելու արձանագրությունների վավերացման փուլում խցանված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Հիշեցնելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն խոսքերը, որ եթե Թուրքիան պատրաստ լինի գործընթացն առաջ տանել եւ վավերացնել արձանագրությունները, ապա նույն քայլին կդիմի նաեւ Հայաստանը, Ֆ. Գորդոնն ասել է. «Միացյալ Նահանգները հավատացած է, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացումն ու երկու երկրների միջեւ սահմանների բացումը նպաստավոր կլինի ինչպես կողմերի, այնպես էլ տարածաշրջանի համար»: ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն անդրադարձել է նաեւ ԼՂՀ-Ադրբեջան շփման գոտում տեղի ունեցած միջադեպին: Նա ասել է. «Բռնության մի քանի գործողությունները, որոնք վերջերս տեղի ունեցան տարածաշրջանում, ցույց տվեցին, որ մենք չենք կարող կայունությունը համարել որպես ինքնին ենթադրելի երեւույթ: ԱՄՆ պետքարտուղարը Հայաստանում եւ Ադրբեջանում հնարավորություն կունենա ընդգծել այն, ինչ 3 երկրների նախագահներն ասել են Տորոնտոյում»: