Վահանն ու Հեղինեն

05/07/2010

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների ղարաբաղյան հիմնախնդրի առնչությամբ արված հայտարարությունը բխում է Մադրիդյան սկզբունքներից, ինչին ՀՅԴ-ն սկզբունքորեն դեմ է»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Ըստ նրա, այն զիջումը, որ ակնկալվում է հայկական կողմից, տարածք է, որը, ի վերջո, պատահականորեն չի ազատագրվել: Խոսելով Մարտակերտի վերջին դեպքերի մասին՝ Հովհաննիսյանն ասել է. «Պատկերացրեք` ԼՂՀ շուրջ գոյություն չունենար անվտանգության գոտի, բոլոր հարձակումներն Ադրբեջանը կկատարեր ուղղակի հայկական գյուղերի վրա, եւ կզոհվեին խաղաղ բնակիչները: Այդ անվտանգության գոտին անհրաժեշտ է»: Նա ասել է, թե ՀՅԴ-ի համար մտահոգիչ է այն, որ այդ տարածքներն արդեն «օկուպացված տարածքներ» են անվանվում: Ի դեպ, այդ տարածքներն «օկուպացված են» անվանվում բավական վաղուց` դեռ այն ժամանակներից, երբ ՀՅԴ-ն իշխանության մաս էր կազմում եւ կրծքով պաշտպանում էր Ռոբերտ Քոչարյանի վարած արտաքին քաղաքականությունը: «Իսկ ի՞նչ է առաջարկվում անվտանգության գոտին հանձնելու դիմաց. հեռավոր, մշուշոտ մի հեռանկար, տարիներն էլ չի նշվում, թե երբ կլինի ԼՂ կարգավիճակի լուծումը: Բայց մինչ այդ մեզ խոստանում են, այսպես կոչված, միջանկյալ կարգավիճակ: Եթե նախկինում հստակ բացատրվում էր, որ միջանկյալ կարգավիճակը անկախություն է, ապա հիմա բոլորովին այլ բան է ասված»,- ասել է Հովհաննիսյանը: Երեք երկրների նախագահների հայտարարությունում տեղ գտած «ինքնակառավարում» ձեւակերպումը զարմացրել է Վ. Հովհաննիսյանին ու ՀՅԴ-ին: «Ի՞նչ է նշանակում ինքնակառավարում, սա ինքնուրույնություն չէ: Յուրաքանչյուր գյուղ ինքնակառավարվող է: Եթե այդ ինքնակառավարման մասին է խոսք գնում, սա մեզ համար ողջունելի չէ»,- ասել է Հովհաննիսյանը` այդ հայտարարությունը որակելով որպես ծուղակ: Ընդ որում, ՀՅԴ-ն համոզված է, որ անգամ խաղաղապահ ուժերի տեղակայման դեպքում Ադրբեջանի կողմից կրակոցներ կհնչեն, քանի որ հակառակորդն այսօր անարգել խախտում է զինադադարի համաձայնագիրը: Ավելի շատ ՀՅԴ-ին զարմացրել եւ բարկացրել է նախագահների հայտարարության վերաբերյալ Հայաստանի արտգործնախարարության հղած ողջույնը: «Ես չեմ հասկանում` մեր Արտգործնախարարությունը սրա ի՞նչն է ողջունում: Սրա ո՞ր կետն է այդքան ողջունելի եւ դրական թվում մեր Արտգործնախարարությանը: Մեզ հանգստացնելու համար, թե չգիտեմ՝ ի՞նչ պատճառներով մեզ դուրեկան ֆրազների մեջ են փորձում տեղավորել տեղի ունեցածը: Ասում են, որ ինչ կա, շատ լավ է, վերջապես մենք հասանք մեր նպատակին, եւ Հայաստանի ու Ղարաբաղի միջեւ ցամաքային կապ է ստեղծվում: Կապ չէ, այստեղ խոսքը կորիդորի մասին է: Մեր պահանջն էր՝ ընդհանուր ցամաքային սահման, սահմանը դարձավ կապ, հետո՝ կորիդոր, այսինքն` անընդհատ նեղանում է»,- ասել է Վ. Հովհաննիսյանը: Նա անդրադարձել է նաեւ հայտարարության ռուսերեն եւ անգլերեն տեքստերում եղած տարբերությանը` նշելով, որ ՀՅԴ գրասենյակը բառացի թարգմանել է անգլերեն տեքստը եւ ուղարկել պաշտոնյաներին, որպեսզի նրանք թյուրիմացության մեջ չընկնեն։ Ըստ Հովհաննիսյանի, նման փաստաթղթերում կետերի հերթականությունը նաեւ գործողությունների հերթականություն է ենթադրում: «Հայաստանի համար նույնիսկ միաժամանակյա գործողություններն ընդունելի չեն»,- ասել է նա` ավելացնելով, թե փաստաթուղթը կազմված է այնպես, որ Ադրբեջանը ցանկացած պահի կարող է մեկնաբանել դա իր օգտին: Այսքանից հետո լրագրողները Վ. Հովհաննիսյանին բնականաբար հարցրել են, թե ի՞նչ է անելու Դաշնակցությունը, բացի ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը պահանջելուց: Հարցը հունից հանել է դաշնակցականին, եւ նա սկսել է համեմատություններ անցկացնել իրենց, ներկայիս արմատական ընդդիմության ու երբեմնի ընդդիմադիր եղած քաղաքական ուժերի հայտարարությունների միջեւ: «Իսկ նրանց պահանջները, որ չեն սահմանափակվում Էդվարդ Նալբանդյանի հրաժարականի պահանջով, այլ պահանջ են ներկայացնում այլ հրաժարականների, նրանք ինչ-որ բան անո՞ւմ են: Ինչ-որ բանի հասե՞լ են»,- հարցրել է նա, ու ինքն էլ պատասխանել իր հարցադրմանը: «Այդ ամբողջը ձեւականություն է` բոլոր նրանք, ովքեր իրենց քաղաքական ակտիվությունը փորձում են ոգեկոչել, ասելով` մենք պահանջում ենք Սերժ Սարգսյանի հրաժարականը, ուրեմն մենք իսկական ընդդիմություն ենք, ապուշություն է: Տեսել ենք նման պահանջողների` պարոն Գեղամյանը, հիշում եք, ինչքան էր պահանջում նախագահի հրաժարականը, Ստեփանը Դեմիրճյանը, Արթուր Բաղդասարյանը ռելսերին էր պառկում էդ հրաժարականի համար, ինքնազոհության էր գնում էդ հրաժարականի համար, ո՞ւր են իրենք հիմա»: Նշենք, որ ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանը երեկ արդեն հասցրել է պատասխանել նախկին կոալիցիոն գործընկերոջը: «120-ամյա կենսագրություն ունեցող քաղաքական ուժի ներկայացուցչին պատիվ չի բերում հենց իրենց քաղաքական պայքարը իջեցնել ռելսերի մակարդակին` իրականացնելով անդեմ քաղաքականություն` «ո՛չ նալին, ո՛չ մեխին» սկզբունքով: Արթուր Բաղդասարյանը երբեք ռելսերին չի պառկել, արժանապատիվ հրաժարական է տվել, արժանապատվորեն էլ դիմակայել բոլոր ճնշումներին, այն դեպքում, երբ ՕԵԿ-ի շարքերում չթողեցին ոչ մի գործարար եւ պաշտոնյա: Մի՞թե ակնհայտ չէ տարբերությունը նախկին ընդդիմադիր ՕԵԿ-ի եւ ներկայիս ընդդիմադիր ՀՅԴ-ի միջեւ,- ասել է Բիշարյանն ու ավելացրել,- Դե՛, Վահանն է, է՛լի, իրեն որտեղի՞ց այդքան համարձակություն, որ վտանգի տակ դնի իրենց գործարարներին, իշխանությունից առայսօր պահպանած չալաղաջ պաշտոնները եւ, ո՛չ այս կողմ, ո՛չ այն կողմ, պահանջի նախագահի հրաժարականը: Բա նախագահը չի զայրանա՞ ու ասի՝ բա մեր պայմա՞նը, ընկե՛ր Վահան»: