Չարենցավանի թիվ 5 դպրոցում մահացած տասնամյա Դերենիկ Գասպարյանի հարազատներին երեկ ծանոթացրել են դատաբժշկական փորձաքննության արդյունքների հետ: Ըստ փորձաքննության արդյունքների, Դերենիկը տառապել է բազմաթիվ հիվանդություններով` սրտի, թոքերի, երիկամների եւ այլն:
Դերենիկի հարազատները համոզված են, որ դատաբժշկական փորձաքննության արդյունքները կեղծել են: «Եթե մեր էրեխեն իրենց թվարկած հիվանդություններն ունեցել էր, ուրեմն վաղուց ոտքի վրա չպիտի կարողանար կանգնել: Շատ շարժուն, առողջ երեխա է եղել եւ երբեք առողջական խնդիրներ չի ունեցել»,- բողոքում էր մայրը` Գայանե Մկրտչյանը:
Մայրն ասում է, որ իր երեխան երբեք որեւէ հիվանդությամբ չի տառապել, եւ նրա հիվանդության պատմության մեջ որեւէ հիվանդություն արձանագրված չկա մինչ այսօր: Մշտապես եւ ժամանակին Դերենիկը ենթարկվել է բժշկական ստուգումների, բացի այդ, երբեւիցե երեխայի մոտ որեւէ բողոք չի եղել: «Մենք շիվարել մնացել ենք, էս մի մատ էրեխուց ինչ են ուզում: Էրեխուն ծեծել են` մահացել ա, հիմա էլ հիվանդ են սարքում, մենք դա չենք հանդուրժի»,- ընդվզում էր պապը` Դերենիկ Գասպարյանը:
Դատաբժիշկ Գառնիկ Սահակյանից, ով եւ ներկայացրել է փորձաքննության արդյունքները, տասնամյա Դերենիկի հարազատները հետաքրքրվել են, հարցրել են երեխայի մարմնի տարբեր մասերում հայտնաբերված կապտուկների մասին, սակայն բժիշկն ասել է, որ հիվանդություններն այնքան շատ են, որ կապտուկները հիմք չեն կարող հանդիսանալ երեխայի մահվան համար:
Հունիսի 5-ին Չարենցավանի թիվ 5 դպրոցում համադասարանցիների կողմից ծեծի արդյունքում մահացել էր չորրորդ դասարանի աշակերտ, տասնամյա Դերենիկ Գասպարյանը: Այդ օրը երեխաները դպրոցում քննություն էին հանձնելու մաթեմատիկա առարկայից: Միջադեպի պահին ուսուցիչները դասասենյակում չեն եղել: Մինչ շփոթված երեխաները գտել են ուսուցչին, արդեն ուշ է եղել, Դերենիկը մահացել էր, եւ փոքրիկին օգնություն ցույց տալ չի հաջողվել: Ծնողներն իրենց երեխայի մահվան լուրը ստացել են նրան դպրոց ուղեկցելուց կարճ ժամանակ անց:
Չնայած դեպքը տեղի է ունեցել քննությունից անմիջապես առաջ, եւ երեխաներին պարզ է դարձել, որ իրենց դասընկերը մահացավ իրենց աչքի առաջ, մաթեմատիկայի ուսուցչուհին, այսուհանդերձ, քննությունն անց է կացրել: Ընդգծենք նաեւ, որ տասնամյա Դերենիկի մահվան փաստով քրեական գործ դեռեւս չի հարուցվել:
Փոքրիկի հարազատներն այսօր հիշել էին Չարենցավանի նորանշանակ ոստիկանապետ Վաղարշակ Վարդանյանի խոսքերը, որն իրենց հավատ ու վստահություն էր ներշնչել: Երբ նրա հետ հանդիպման ժամանակ հարցրել էին, թե, գուցե, բողոք գրեն, որ օբյեկտիվ քննություն կատարվի, ոստիկանապետը պատասխանել էր. «Բողոքը որ գրեք, ինձ մոտ է գալու, բա դուք հիմա եկել եք ինձ մոտ, էլ ի՞նչ բողոքի մասին եք խոսում»։ Ոստիկանապետի խոսքերը վերհիշում էր երեխայի պապիկը, ով խիստ հիասթափություն է ապրում կատարվող կեղծիքներից ու անարդարությունից:
Դերենիկի հարազատներն ասում են, թե շրջանառվում են լուրեր, որ գործին խառնված են որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք էլ ուզում են փակել գործը:
Ժաննա ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
www.lragir.am