«Մեր շահույթը Տիգրան սարգսյանը կերավ…»,- ասում են միջին գործարարները` նկատի ունենալով անցած տարվա դրամի արժեզրկումը

05/07/2010 Գայանե ՍԱՀԱԿՅԱՆ

Եթե հավատալու լինենք Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած, կամ ինչպես հաճախ ասվում է` նկարած թվերին, ապա պետք է որ Հայաստանը գտնվի տնտեսական վերելքի փուլում:

Ըստ Վիճծառայության, այս տարվա առաջին 5 ամիսներին 8,8 տոկոս տնտեսական աճ է արձանագրվել: Սա բավականին բարձր ցուցանիշ է, որի ազդեցությունն առաջին հերթին պետք է զգան բիզնեսի ներկայացուցիչները` ներկրողներն ու արտահանողները: Զրուցելով նրանցից մի քանիսի հետ, սակայն, եւս մեկ անգամ համոզվում ենք, որ անկախ բոլոր տեսակի տնտեսական ցուցանիշներից, փոքր ու միջին բիզնեսը կործանվում է, իսկ խոշորները էլ ավելի են բարգավաճում: Խոշոր բիզնեսի ներկայացուցիչները վստահեցնում են, որ, իսկապես, Հայաստանի տնտեսության զարգացումն ակնհայտ է, իսկ փոքրերը` հակառակը, պնդում են, որ այդ մասին չարժե նույնիսկ խոսել:

«Վեդի Ալկո» ընկերության սեփականատեր, ԱԺ պատգամավոր Մանվել Ղազարյանն ասում է, որ նախորդ տարվա համեմատությամբ աճն ակնհայտ է. «Դա զգացվում է եւ մեր ընկերությունում, եւ գործարարների հետ շփումներից ընդհանրապես: Եվ արտահանման աճ կա, եւ տեղական շուկայում բավականին նկատելի աշխուժացում կա: Ավելացել են նաեւ մեր արտահանման ծավալները»: Նշենք, որ պաշտոնական տվյալներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, 1,2 տոկոս գործազրկության աճ է գրանցվել: Պարոն Ղազարյանից հետաքրքրվեցինք, թե իր բիզնեսում ունեցած վերելքը նպաստե՞լ է աշխատատեղերի ավելացմանը: «Մեր արտադրությունում աշխատատեղերը հիմնականում հաստատուն են: Դեռեւս մարտ ամսից մեզ մոտ շատ քիչ աճ եղել է, ու այդպես էլ պահպանվել է»:

Ինչ վերաբերում է Հայաստանում բիզնեսի զարգացման համար բավարար պայմաններին, ապա, պարոն Ղազարյանն ասում է. «Դա հարաբերական է: Եթե գործարարը ձգտում ունի, ուրեմն նա ցանկացած իրավիճակում պարտավոր է հույսը դնել միայն իր վրա ու աշխատել: Հիմա դա բավարար դաշտ է, լիբերալ դաշտ է, սուբյեկտիվ պահերը շատ են, թե քիչ են, այդ ամենը, կարծում եմ, հարաբերական է: Մեր անցած տարիները մեզ սովորեցրել են, որ մենք պետք է հույսներս մեզ վրա դնենք»:

Հայաստանի խոշորագույն արտադրական ձեռնարկություններից մեկի` «Ռուսալ-Արմենալ» գործարանի տնօրեն Գեորգի Ավետիքյանը եւս վստահեցնում է, որ իրենց գործերը շատ լավ են, իսկ տնտեսության վերելքն էլ` ակնհայտ: Նրա խոսքերով. «Անցյալ տարվա համեմատությամբ իսկապես աճ կա: Մենք ամենավերջին տեխնոլոգիաներով վերազինում արեցինք, որ եւ գործը լավանա, եւ արտադրանքը շատ լինի: Անցյալ ամիս տվել ենք 2300 տոննա արտադրանք, նախկինում տալիս էինք 1200-ից մինչեւ 1500 տոննա: Մեր արտադրանքը համարյա ամբողջությամբ արտահանում ենք, որովհետեւ Հայաստանում սպառող չկա»: Ինչ վերաբերում է աշխատատեղերի ավելացմանը, ապա պարոն Ավետիքյանն ասում է. «Աշխատատեղերը չեն ավելացվել, քանի որ վերազինումից հետո, սովորաբար, ձեռքի ուժի պահանջարկը պակասում է, դրա կարիքը շատ չի զգացվում»:

«Մաքս գրուպ» ընկերության սեփականատեր, ԱԺ պատգամավոր Խաչիկ Մանուկյանն էլ ասում է, որ 8,8 տոկոս տնտեսական աճի մասին խոսելիս պետք է համեմատություններ անել նախորդ տարիների նույն ցուցանիշի հետ: Նման վերլուծության դեպքում պարզ է դառնում, որ 2 տարի առաջվա համեմատությամբ՝ դեռեւս անկման փուլում ենք: Չնայած սրան, պարոն Մանուկյանը իր բիզնեսի օրինակով փաստում է, որ աճ, այնուամենայնիվ, կա: «Այլապես էլ ինչի՞ համար ենք աշխատում»,- ասում է նա: Ըստ պարոն Մանուկյանի, թռչնարտադրության ոլորտում աճն ավելի բարձր է, քան մյուս ոլորտներում, քանի որ չկա մենաշնորհային իրավիճակ եւ ոչ մրցակցային հարաբերություններ. «Շուկայում ամենացածր գինը ունի ձուն, սակայն դա չի նշանակում, որ սպառումն ավելացել է: Եթե գինը իջնում է, դրանից սպառման ծավալները չեն ավելանում: Ինչքան ուզում է էժան լինի, մարդը 2-ի փոխարեն 5 հատ ձու չի ուտելու: Սովորաբար, առաջին սպառման ապրանքները մարդիկ օգտագործում են այնքան, ինչքան պահանջարկ ունեն»: Պարոն Մանուկյանը կարծում է, որ տնտեսական աճի բաղադրիչների մասին խոսելիս, պետք է նկատի ունենալ նաեւ գնաճը, ինչից էլ պարզ է դառնում, որ իրականում աճն այնքան էլ բարձր չէ, որքան հայտարարվում է. «Ասել, որ տնտեսությունը զարգանում է, դա այդպես չէ, մենք էլի գտնվում ենք ճգնաժամային փուլում, այն առումով, որ ճգնաժամի հետեւանքները 1 կամ 2 տարվա մեջ չեն վերանում»:

Իսկ միջին ձեռնարկություն համարվող «Անտարես» ընկերության տնօրեն Արմեն Մարտիրոսյանն էլ մեզ հետ զրույցում ասում է, որ Հայաստանի վարած հարկային ու մաքսային քաղաքականության պայմաններում, տնտեսական աճի մասին ընդհանրապես իմաստ չունի խոսել: Նա ասում է, որ թեեւ կա շրջանառության աճ, բայց շահույթ չկա. «Եթե ընկերությունում շահույթ չկա, դա նշանակում է, որ չկա նաեւ զարգացման հեռանկար: Մեր շահույթը վարչապետ Տիգրան Սարգսյանը կերավ 2009-ի մարտի 2-ին, երբ որ դրամը մի օրում արժեզրկեց: Մենք նույն գներով ենք վաճառում մեր ապրանքը, բայց դրսից ներկրվող հումքը թանկացել է: Եթե դու մոլիբդեն չես արտադրում, Հայաստանի պայմաններում շատ դժվար է աշխատել»:

Պարոն Մարտիրոսյանն ասում է, որ իշխանությունները շատ են խոչընդոտում իրենց աշխատանքին. «Մաքսայինի փնթի աշխատանքի արդյունքում` 17 օրվա ընթացքում չենք կարողանում մաքսավորել մեր ապրանքը, որպեսզի արտահանենք: Ի՞նչ տնտեսության բարելավման կամ զարգացման մասին է խոսքը, եթե քո ապրանքը շաբաթներով մնում է սահմանի վրա: Եթե, ասենք, Վրաստանում 3 ժամվա մեջ մաքսային ձեւակերպումները չտվեցին, ապա պետությունը տնտեսվարող սուբյեկտին տուգանք է վճարում: Ես արտահանման տարբեր պատվերներ եմ ունենում, սակայն դրանք չեմ կարողանում իրականացնել մի պարզ պատճառով: Սահմանի վրա այդքան երկար մնալով` իմ արտադրանքը կփտի: Արտահանողին խանգարում են՝ ավելորդ ու ապուշ փաստաթղթեր պահանջելով, հետո էլ խոսում են արտահանումը խթանելու մասին: Կոնկրետ ես համարվում եմ բարեխիղճ գործարար: Միշտ վճարում եմ բոլոր հարկերը, ցույց եմ տալիս բոլոր աշխատողներին ու նրանց աշխատավարձերն ամբողջությամբ, բայց չենք կարողանում շնչել: Ճիշտ է, մենք փոքր ձեռնարկություն չենք, միջին ենք, բայց մեզ էլ փոքրերի նման նեղացնում ու «տշում են»: Պարոն Մարտիրոսյանն ասում է, որ իրենց խեղդում են նաեւ չափից շատ հարկերն ու տուրքերը: «Այսօր Հայաստանում խնդիրն այն է, որ հարկ վճարում է նա, ով օլիգարխ չէ: Իսկ մեզ նման ընկերությունները վճարում են ոչ միայն մեր, այլ նաեւ այն օլիգարխի փոխարեն, որը չի վճարել իր հարկերը: Կապ չունի՝ ինչ ձեւով ես վճարում` հոժարակա՞մ, կաշառքի ձեւո՞վ, թե՞ ստիպողաբար: Հարցն այն է, որ նման ձեւով տնտեսությունը չի կարող զարգացում ապրել: Քանի դեռ համակարգն այսպիսին է, փոքրն ու միջինը դոփելու են տեղում, իսկ խոշորները զարգացում են ապրելու: Օրինակ, թղթի բիզնեսում, Հայաստանում ներկրողների 70 տոկոսը ազատված է ԱԱՀ-ից, դրանք օլիգարխներն են: Մնացած 30-ը վճարում է ոչ թե 20 տոկոս, այլ 61 տոկոս հարկ, որովհետեւ մաքսազերծումը կատարվում է ոչ թե իմ բերած գնից, այլ հսկիչ գնից, որն այդ պահին սահմանում է Մաքսային կոմիտեն` իր գլխից եկած պատահական որեւէ թվից: Այսինքն, ստացվեց, որ 3 անգամ ավելի վճարելով` ես վճարում եմ նաեւ այն օլիգարխի համար, որը, չգիտես ինչու, ազատված է ԱԱՀ-ից: Մեր տնտեսության իրական պատկերը սա է»,- փաստում է գործարարը: Նշենք նաեւ, որ մեր թերթը բազմիցս անդրադարձել է փոքր եւ միջին ձեռնարկատերերի խնդիրներին: Նրանցից շատերը, ելնելով տնտեսական վատթար պայմաններից, նույնիսկ դադարեցրել են իրենց գործունեությունը: