Երկու նոր հայկական պրեմիերա

08/10/2005 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Իսկ մեր նորությունները շատ հետաքրքիր ու որակյալ են: Սովորության
համաձայն, նորություն սպասում ենք, փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանի
խոսքերով ասած՝ «մեր հրեշ-թատրոններից», իսկ նոր շունչն այսօր զգացվում է
ստուդիական թատերախմբերի աշխատանքներում: Երիտասարդների ուժերով ստեղծված
ներկայացումները հիմնականում թարմ ու պրոֆեսիոնալ են: Երկու նոր
բեմադրություն են ցուցադրել «Գոյ» թատրոնն ու Մնջախաղի թատրոնը:

Մարդաբնակ միայնություն

Անմարդաբնակ կղզում անցկացրած 30 տարիները Ռոբինզոն Կրուզոն ոչ մի կերպ
մոռանալ չի կարող: Ապահով Անգլիայում նա հասցրել է սովորել
քաղաքակրթությանը, իր արկածների մասին գիրք գրել, սակայն հուշերը ստիպում
են նրան կրկին Խուան Ֆերնանդես կղզի վերադառնալ եւ տեսնել՝ ինչի՞ է այն
վերածվել, չէ՞ որ համատարած գլոբալիզացիան դժվար թե իր հետքը չթողներ
աշխարհի կորած-մոլորած այս անկյունում: Ռոբինզոնը արժանացել է արգենտինացի
գրող Խուլիո Կորտասարի ուշադրությանը եւ դարձել «Հաջողություն, Ռոբինզոն»
ռադիոնովելի հերոսը: Իսկ «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն
Մազմանյանը որոշել է իր դերասանական կուրսի ուսանողների ուժերով բեմադրել
այս նովելը՝ արդիական համարելով անձի միայնակության խնդիրը: Բեմադրության
ռեժիսորը Գարեգին Գրիգորյանն է:

Միայնակ կարելի է զգալ, երբ շրջապատված ես մարդկանցով եւ բարձր
տեխնոլոգիաներով, երբ առաջ ես շարժվում հաշվարկված քայլերով, ունես օրվա,
նաեւ ողջ կյանքի հստակ ծրագիր: Ռոբինզոնը՝ իր հավատարիմ ընկեր-ծառայի՝
Ուրբաթի հետ իջնում է ինքնաթիռից, տեսնում, որ իր խրճիթի փոխարեն երկնաքեր
է կառուցված, վայրագ բնության զավակները՝ աբորիգենները, վերածվել են
ռոբոտանման էակների, որոնք ժամանակ առ ժամանակ տեղական թանգարանում
նմուշներ են աշխատում: Եվ ընդհանրապես ողջ կղզում տոտալիտար ռեժիմ է
հաստատվել: Ոչ, Ռոբինզոնը շարունակում է մնալ տեղացիները կուռքը, սակայն
նա իրավունք չունի խախտել ընդունված կարգը եւ անցյալ կյանքի ռոմանտիկ
փշուրները փնտրել: Ուսանողական ներկայացումը շատ հետաքրքիր է, կառուցված է
դինամիկ, կլիպային սկզբունքով: Բեմադրիչը բաժանել է միզանսցենը կարճ, արագ
փոփոխվող դրվագների: Դա նման է կինոյի լեզվին, հիշեցնում է «Հինգերորդ
էլեմենտի» եւ «Մատրիցայի» լեզուն: Սակայն ավելի թեթեւ եւ պլաստիկ է:
Ներկայացման տեմպը եւ դերասանների շարժումները բառերից ավելի լավ են
ներկայացնում Ռոբինզոնի մոլորված ու շվարած վիճակը: Նա եկել է ռոմանտիկ
հուշերը վերականգնելու, սակայն սուզվում է ռացիոնալ բանանային պետության
կարգուկանոնի մեջ: Կղզու բնակիչները կղզու պատվավոր հյուրին՝ Ռոբինզոնին,
շունչ քաշելու հնարավորություն չեն տալիս, հաջորդելով իրար, նրանք ինչ-որ
բան են առաջարկում եւ Ռոբինզոնի լիակատար զբաղվածության պատրանք ստեղծում,
եւ միառժամանակ սահմանափակում նրա ինքնուրույնությունը: Նա կարող է
ծովախխունջը ռոբոտանման աղջկա ականջին դնել, ստիպել, որ նա մի քանի
վայրկյան զգա ազատ եւ հզոր տարերքի շունչը, բայց ավելին անել չի կարող:
Ամեն ինչ արդեն պլանավորված եւ պարտադրված է: Ներկայացման մեջ ենթատեքստ
եւ հումոր կա, կան նաեւ Կորտասարի մտքերը, որոնք շատ խորն են: Ուսանողները
խաղում են այնպես, ինչպես կարող են: Ներկայացումը, հետաքրքիր
հարցադրումներից բացի, շատ ամուր կառուցվածք ունի, լավ կամ վատ
դերակատարումը ներկայացումը խախտել չի կարող: Նույնիսկ Ռոբինզոնի թույլ
դերակատարը տպավորությունը չի փչացնում: Յուրաքանչյուր ուսանողի մեկական
դրվագ է վստահված, այնպես, ինչպես պետք է լինի կուրսային աշխատանքներում:
Իսկ Դեֆոյի, Կորտասարի, Մազմանյանի եւ Գրիգորյանի Ռոբինզոնին միայն մեկ
բան է մնում՝ հանել սպիտակ կոստյումը եւ միանալ կղզու նորաստեղծ
պատմության թանգարանի նմուշներին: Մտածող եւ վերլուծող մարդիկ արդեն իսկ
նմուշ են, ինչպես իրենց դարն ապրած դինոզավրերը:

Անիի շարժվող պատկերները

Երեւանի Մնջախաղի պետական թատրոնը վաղուց էր պատրաստվում ներկայացնել իր
վերջին պրեմիերան՝ «Շերանիկը», որը ցուցադրվեց «Հայֆեստի» օրերին: Թատրոնի
գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը երկար ժամանակ ուսումնասիրել է
հայ միջնադարյան պատմությունը եւ մանրանկարչությունը՝ փորձելով
վերակենդանացնել միջնադարյան պատկերները մնջախաղի կանոնների համաձայն:
«Մնջախաղը սահման չունեցող արվեստ է, եւ մենք ուզում էինք մուտք գործել
ուսումնասիրությունների դաշտը, նոր ոճ ստեղծել»,- ասում է նա: «Շերանիկը»
բավականին լուրջ դրամատուրգիական հիմք եւ մտածված սյուժե ունի, որը պետք է
հասկանալի դառնա լույսի եւ շարժումների շնորհիվ: Սակայն գործողության
հիմնական թելն անընդհատ կտրվում է, բեմադրությունը դժվար է ընկալվում:
Պատճառը թե սյուժեի խիտ լինելն է, թե մնջախաղացների ոչ կատարյալ
կատարումներն են: 13-րդ դարի հիասքանչ Անի քաղաքն ապրում է անհոգ եւ ուրախ
առօրյայով, տոնախմբություններն իրար են հաջորդում, եւ զվարճացող
բնակիչները չեն հասցնում նկատել վերահաս վտանգը՝ մոնղոլների հարձակումը:
Հոգեւորականի (դերասան՝ Յուրի Կոստանյան) զգուշացնող խոսքերին ոչ ոք ականջ
չի դնում: Արդյունքում` քաղաքը տապալվում է, իսկ քաղաքի խորհրդանիշը՝
առյուծը, սպանվում է: Սպանվում է զինվոր Շերանիկի կողմից, որը եւ ծնել էր
այդ առյուծին: Սպանվում է, որովհետեւ առյուծը չի կարողանում հակառակվել
մոնղոլների գայթակղությանը: Ընդհանրապես «Շերանիկում» խորհրդանիշերը շատ
են, բեմի հետին պլանում փակցված պաստառներին ժամանակ առ ժամանակ ստվերների
տեսքով երեւում են քրիստոնեության խորհրդանիշները՝ հրեշտակները, ձկները:
Բոլորը շատ գեղեցիկ եւ խոսուն են, սակայն ամբողջական պատկեր չեն ստեղծում,
նոր բեմադրության լեզուն հասկանալը բարդ գործ է: «Դա բնական է,- ասում է
Ժ. Դադասյանը,- փորձաբեմ չունենալու պատճառով մենք չենք կարողացել հստակ
կատարել լուսային աշխատանքները, եւ շատ բան անավարտ է մնացել: Դերասաններն
են շատ երիտասարդ: Բայց կարծում եմ, մի քանի անգամ խաղալուց հետո
բեմադրությունն իր ձեւը կընդունի»: Կենդանացող եւ ներկայացման ավարտին
նորից քարացող մանրապատկերները շատ գեղեցիկ են: Ներողամիտ լինելով որոշ
թերությունների հանդեպ, «Շերանիկը» կարելի է հաջողված էքսպերիմենտ
համարել: Որոնումները դեռ ընթացքի մեջ են: