«Դժգոհ բնակիչ չենք ունենա»

05/07/2010

Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրավերով հունիսի 29-ին պաշտոնական այցով Երեւան է ժամանել Մոսկվայի կառավարությունում Մոսկվայի քաղաքապետի առաջին տեղակալ Վլադիմիր Ռեսինի գլխավորած պատվիրակությունը: Հանդիպման ընթացքում Գ. Բեգլարյանը կարեւորել է Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի կողմից իրագործվող քայլերն` ուղղված երկու մայրաքաղաքների միջեւ գործնական հարաբերությունների ընդլայնմանը: Քննարկվել են Երեւանի Նորագյուղ թաղամասում քաղաքաշինական ներդրումային նախագծերի իրականացման, ինչպես նաեւ՝ Երեւանի եւ Մոսկվայի միջեւ երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Վ. Ռեսինը Նորագյուղ թաղամասում նախատեսվող քաղաքաշինական ծրագրի առիթով նշել է. «Մեր պատվիրակության կազմում է Մոսկվայի գլխավոր ճարտարապետը: Հայերը լավ շինարարներ են, ես կարծում եմ, որ ձեր մասնագետների հետ միասին մենք կունենանք դրական արդյունք: Ծրագիրը շատ կարեւոր է քաղաքի զարգացման համար»: Այնուհետեւ Գ. Բեգլարյանը եւ Վ. Ռեսինն այցելել են ծովակալ Իսակովի արձանի մոտ` դիտելու քաղաքաշինության համար նախատեսված տարածքը: Նորագյուղ թաղամասը գտնվում է Իսակովի պողոտայի հարեւանությամբ: Պասկեւիչի բլուրն իր շրջակա տարածքով, որտեղ նախատեսվում են կառուցապատման աշխատանքները, մոտ 158 հա է: Հյուրերին տեղում ներկայացվել է Երեւանի նոր գործարար-մշակութային կենտրոնի նախագիծն ու մանրակերտը: Լրագրողների հետ զրույցում ներկայացնելով նախագծի նպատակը, Գ. Բեգլարյանը նշել է, որ Երեւանի այժմյան կենտրոնը գերծանրաբեռնված է, անկախ պետության մայրաքաղաքին բնորոշ բազմաթիվ ֆունկցիաներ այժմյան փոքր կենտրոնում այլեւս հնարավոր չէ իրականացնել ու տեղակայել: «Երեւանին անհրաժեշտ է նոր կենտրոն, որը նախատեսել ենք կառուցել Նորագյուղ թաղամասում` այն պայմանականորեն կոչենք Նոր Երեւան»,- նշել է քաղաքապետը: Նոր թաղամասում կլինեն տարբեր` միջազգային, գործարար, դիվանագիտական, մշակութային, կրթական եւ այլ ֆունկցիոնալ կառույցներ, տեխնոպարկեր, բիզնես կենտրոններ, ուսանողական շենքեր, բնակելի տներ, բավականին մեծ հանրային կանաչ զանգված եւ այլն: Գ. Բեգլարյանը նաեւ նշել է, որ բնակիչների փոխհատուցումը կատարվելու է բնակարանային տարբերակով` Իսակովի պողոտայի հարեւանությամբ արդեն մոտ 2 հա տարածք է առանձնացվել, որտեղ նորագյուղցիների համար առաջիկա 3 տարիներին կկառուցվեն բնակելի շենքեր: Նախ՝ մարդիկ կապահովվեն նոր բնակարաններով, հետո միայն նրանց հին, մեծ մասամբ խարխուլ տները կիրացվեն: «Մինչեւ բնակիչների համար նոր, հարմարավետ բնակարաններ չունենանք, իրացում չենք սկսի, որպեսզի բոլորը սիրով տեղափոխվեն նոր բնակարաններ, եւ մենք դժգոհ բնակիչ չունենանք»,- ասել է Գ. Բեգլարյանը: