Նորից աճեց

05/07/2010 Արա ԳԱԼՈՅԱՆ

Արդեն ահագին ժամանակ է` տնտեսությունն աճում է: Անկախ ամեն ինչից, գիշեր-ցերեկ անխնա աճում է: Ոչ մի կերպ հնարավոր չէ դեմն առնել: Բորսաներից ամեն օր սահմռկեցուցիչ տեղեկատվություն է հաղորդվում: Ազգային դրամը նորից ոտատակ է առել համաշխարհային արտարժույթները: Օր օրի արժեւորվում է: Ու որպեսզի այդ հեքիաթային իրավիճակն ազգին քիչ թե շատ հասկանալի դառնա, պաշտոնական վիճակագրություն է հրապարակվում:

Ֆինանսների նախարարությունը շտապում է տեղեկացնել, որ այս տարվա հունվար-մայիս ամիսների բյուջեի կատարողականը փայլփլուն վիճակում է: Անցյալ տարվա համեմատ՝ պետեկամուտներն աճել են 22,2 տոկոսով: Ընդ որում, հարկային մուտքերի, պետական տուրքերի ու համանման այլ ներքին աղբյուրների հաշվին: Դատելով պաշտոնական տվյալներից՝ աճն ավելի մեծ կարող էր լինել: Հարուստ երկրները կրճատել են Հայաստանին տրամադրվող դրամաշնորհները: Կրճատել են համարյա կրկնակի` նախորդ տարվա համեմատ մոտ 47 տոկոսով: Եթե այդ թույլիկ տնտեսությունները չտուժեին համաշխարհային տնտեսական ճգնաժամից ու գոնե անցած տարվա չափ մեզ դրամաշնորհ տային (այսինքն՝ փող նվիրեին), աճի ցուցանիշն ավելի բարձր կլիներ: 22,2-ի փոխարեն, ամբողջ 26,3 տոկոսով կաճեինք: Ի հեճուկս տնտեսական ճգնաժամի ու մեր կառավարության: Մեր կառավարության վարքուբարքին (մասնագիտական վարքուբարքին) հետեւողներից շատերը կհաստատեն, որ այդ հարգարժան մարմինը հաճախ է սխալվում իր կանխատեսումներում: Բացի սխալվելու փաստն ընդունելուց, շատերը կպնդեն, որ մեր կառավարությունը սխալվելու հարցում անկանխատեսելի է: Եթե պետական բուքմեյքերական գրասենյակ ունենայինք, ու այդ գրասենյակը կառավարության կանխատեսումների խաղադրույքներ ընդուներ, բյուջեն ահագին կշահեր: Հետեւաբար տնտեսական աճն ավելի մեծ կլիներ: Տեսեք` հարազատ կառավարությունը 2009թ.-ի համար կանխատեսում էր 9,2 տոկոս տնտեսական աճ: Բայց մեր տնտեսությունը, աճելու փոխարեն, տարին վնասով փակեց: Եթե հիշողությունս չի դավաճանում՝ անկումը 14 տոկոս էր: Այսինքն, պլյուս 9-ի փոխարեն՝ մինուս 14 ստացվեց: Խաղադրույք կատարող ոչ մի մասնագետ նման տարբերություն չէր ենթադրի: 2010թ. համար մեր կառավարությունն արդեն խիստ համեստ կանխատեսումներ արեց: Դառը փորձից ելնելով` մեզ ընդամենը 1,2 տոկոս տարեկան աճ խոստացան: Ու էլի սխալվեցին: Բայց այս անգամ՝ հակառակ նշանով: Բյուջեի 22,2 տոկոսանոց գերակատարումը հուշում է, որ տարեվերջին վիճակագիրները մի քանի անգամ ավելի մեծ աճ են նկարելու: Եթե ամեն ինչ այս տեմպերով շարունակվի, հնարավոր է, վեհերոտ 1,2 տոկոսի փոխարեն, նորից երկնիշ աճենք: Աճն, իհարկե, կրկին չի անդրադառնա երկրի բնակչության կենսամակարդակի վրա, բայց դա ամենեւին էլ կարեւոր չէ: Շահումով ՀԴՄ-ների քաղաքականությունը կակաց-կամաց ծալվեց ու մի կողմ դրվեց: Հիմա բյուջեն կարելի է խաղադրույքների հաշվին լցնել: Կառավարությունը մի բան կասի ու կսխալվի, իսկ տաքգլուխները խաղադրույք կկատարեն ու տակ կտան` հօգուտ պետական բյուջեի: Հատկապես, որ բիզնեսի այս տեսակը Հայաստանում ամենազարգացածն է: Այս օրերին բուքմեյքերական գրասենյակները նույնիսկ բացօթյա սրճարաններում են կետեր բացել ու մեկ-երկու բաժակ կոնծած հաճախորդներից գումարները խլում են «դեպքի վայրում»: Բարոյական նորմերի այս աստիճան անկումը եւս անկանխատեսելի էր: Մեր իշխանությունները մի քանի տարի բնակչությանը հորդորում էին սպասել` խոստանալով կարգավորել խաղային բիզնեսի ոլորտը:

Նախ` խաղատներն իբր Երեւանի վարչական տարածքից դուրս հանվեցին: Հետո խոստացան դրանք տեղափոխել առողջարանային քաղաքներ, ուր սովորաբար հանգստյան օրերն ու արձակուրդներն է անցկացնում բնակչության մի մասը: Կարելի է ենթադրել, որ մեր իշխանությունների համար «հանգստանալ» եւ «արձակուրդ» բառերը նույնացվում են «խաղատների» հետ: Բայց հետո համոզվեցին, որ այդ հանգստյան ու առողջարանային համարվող քաղաքները մատչելի չեն բնակչության նկատելի հատվածի համար, ու բուքմեյքերական գրասենյակ կոչվող «լայթս կազինոներին» մայրաքաղաքում բացօթյա գործելու հնարավորություն տվեցին: Մեր երեխաները տոտալ ներքաշվել են խաղերի ու խաղատների ոլորտ: Տանը Հանրային հեռուստատեսությունը մի գլուխ «Վիվարոյի», «Տոտոյի», «Վիվա Սելի» խաղադրույքներ է գովազդում: Սրճարաններում եւս սրանք են: Հետեւանքների մասին ոչ ոք չի մտածում: Խորհրդային տարիներին մի գեղեցիկ լեգենդ էինք հորինել Հայաստանի մասին: Պնդում էինք, որ «Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ»: Հիմա արխային կարող ենք պնդել, որ «Հայաստանը խաղատուն է բաց երկնքի տակ»: Համաեվրոպական ալիքներով այս թեմայով գովազդային հոլովակ պտտեցնելուց հետո կարելի կլինի լուրջ խթանել զբոսաշրջությունը: (Զբոսաշրջության զարգացումը եւս մեր կառավարության փայփայած թեմաներից է):

Արդյունքում՝ ահագին արտասահմանցի կգա: Թե եվրոպացիների, թե հարեւան երկրներից ժամանողների համար իրական վայրի հաճույք կլինեն բացօթյա բույքմեյքերական կազինո-սրճարանները: Հայաստանցիներս էլ կհաճախենք այդ սրճարաններ: Կհաճախենք ու խաղադրույքներ կկատարենք կառավարության տնտեսական կանխատեսումների իրականացման թեմայով: Ես, օրինակ, պատրաստ եմ մի քիչ գումար դնել «Կառավարությունը կբավարարվի տնտեսական աճը 8-11 տոկոսի սահմաններում նկարելով» տողի դիմաց: Բարոյական նորմերի հերն էլ անիծած: Կարեւորը երեւի բյուջեն է: