«Եթե մամաս առողջանա՝ ես ամենաուրախ մարդը կլինեմ»,- ասում է քաղցկեղով հիվանդ Նարինեի որդին` Ալբերտը

05/07/2010 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Անկողնում ցավից գալարվող Նարինեն մահճակալում «թափառելով»՝ չի գտնում այն տարածքը, որտեղ կարող է ցավերը փոքր-ինչ մեղմել: Վիրավոր թռչունի նման «թպրտում» է ու, երբ ուրիշների աչքերի մեջ տեսնում է իր անօգնական, ցավոտ կերպարանքը` հայացքն անշարժացնում է դեպի պատը: Նարինեն ու մահը ոխերիմ թշնամիներ են: Արդեն քանի ամիս է` 35 տարեկան այս կինը մահվան հետ «ծանոթությունից» հետո պայքարի մեջ է: Երկուսն էլ իրար ապացուցելու շատ բան ունեն: Մահն ամեն օր Նարինեին ապացուցում է, որ իր հետ պայքարում ուրիշի հաղթանակը չի լինում, իսկ Նարինեն… Նարինեն հասկանում է, որ թույլ ու տկար է. օրեցօր մաշվում, հյուծվում է: Մահվան հետ պայքարում նա ապավինել է Աստծուն, իսկ բարձի տակ դրված Աստվածաշունչը… «Բա ի՞նչ անեմ, ո՞ւմ հավատամ»,- մեղմ, բայց ցավոտ ժպիտով ասում է նա ու խնդրում է այլեւս հարցեր չտալ: Առհասարակ չի ցանկանում խոսել: Ժամանակ չունի, իսկ այն կարճ ժամանակը, որը նրան տվել է նախախնամությունը, ավելի ճիշտ մահը` աղոթում է:

Ամիսներ առաջ Նարինեի մոտ հայտնաբերվել է արգանդի քաղցկեղ, որը ճյուղավորվել եւ «հոշոտել» է ամբողջ օրգանիզմը: Բժիշկներն անգամ քիմիաթերապիա անելու պատասխանատվություն չեն վերցրել, անօգուտ է… «Իրա մոտ չասես, որ մեռնելու ա»,- տուն մտնելուց առաջ ինձ զգուշացրին հարեւանները: Մինչդեռ Նարինեն գիտի, բայց ինքն իրեն խոստովանելու վախից անզուսպ ձեւացնում է: Այս տանը բոլորը խաղում են: Հարազատները խաղում են՝ իբր Նարինեն առողջանալու է, Նարինեն էլ ձեւացնում է, թե հավատում է դրան: Մի բան էլ կա, որ Նարինեին սպանելու չափ տանջում է: Բառակույտը… Այն բառակույտը, որը մեռնելուց առաջ մարդիկ արտահայտում են, լաց են լինում, ապրողներին մխիթարում են ու հանգիստ խղճով հեռանում են: Էդ բառակույտը Նարինեի հոգում խճճվել է սարդոստայնի նման մի թակարդում, դրա համար էլ նա չի կարողանում խոսել: Հարազատների նախաձեռնած խաղն էլ թույլ չի տալիս, որովհետեւ Նարինեն ինքնակամ ընդունել է խաղի մեջ մտնելու հրավերը: Ասում եմ` «Գուցե խոսեինք, մի քիչ կթեթեւանայիք…»: «Չէ՛, չէ, իրոք չեմ ուզում խոսել»,- ասում է նա ու կրկին շրջվելով դեպի պատը՝ փակում է այն «դուռը», որի ճեղքից կարող էր մեկը ներս մտնել ու օգնել, որ Նարինեն բառակույտը «փսխեր»: Արդյունքում՝ Նարինեն ու մահը մենակ են մնացել:

«Կուզե՞ս մամայիս փոխարեն ես խոսամ»,- որբության վախից անկյունում կծկված Ալբերտն արտահայտում է այն միտքը, որը երեւի երկար ժամանակ ծրագրել էր ասել, բայց չէր համարձակվում: Սենյակում հարմար տեղավորվում է ծանր լռությունը: Կանխատեսելի է, որ աչքի առաջ մայր կորցնող Ալբերտն էնպիսի բան է ասելու, որ… «Ես երազում եմ, որ մամաս լավանա: Մամաս շատ ա տանջվում, ցավին չի դիմանում, բայց ես չեմ կարում օգնեմ: Գիտե՞ս, ես առանց մամա չեմ դիմանա, ես էլ կմեռնեմ: Ամեն օր գնում եմ, նկարի (սրբապատկերի) մոտ աղոթում եմ, ասում եմ` Աստված պապիկ, մամայիս ուժ տուր, որ ինքը դիմանա ու չմահանա»: Նարինեն անուժ ձեռքերով փակում է ականջներն ու ներվային «ոռնում» է: «Դու էլ ես չէ՞ էդ մասին երազում»,- ավագ քրոջը հարցնում է Ալբերտն ու գլխի շարժումով հասկացնում է, որ քույրը հաստատի: «Ես էլ եմ երազում, որ մամաս առողջանա»,- ասում է Լիլիթը: «Ես էլ»,- շտապում է ասել Անին: Հետո Ալբերտը վստահեցնում է, որ երրորդ քույրը` Ամալյան, ով տատիկի հետ գտնվում է Ղարաբաղում, նույն բանի մասին է երազում: Հարցնում եմ` «Իսկ երբ մամադ լավանա, ու իրա լավանալու մասին երազանքդ կատարվի, հետո ինչի՞ մասին ես երազելու»: Ալբերտի աչքերը փայլում են, ու փոքրիկ մատները տանել-բերելով՝ պատասխանում է` «Չէ՛, չէ՛, ուրիշ երազանք ինձ պետք չի: Որ մամաս լավանա` ես ամենաուրախ մարդը կլինեմ, ինձ ուրիշ ոչ մի բան պետք չի»: Ալբերտն ասում է, որ ուզում է հոր, մոր եւ քույրերի հետ տեղափոխվել Ղարաբաղ, որտեղից մեկ ամիս առաջ են վերադարձել. «Գիտե՞ս, ես քաղաքը չեմ սիրում: Ղարաբաղում բնությունը լավ ա: Ես հող եմ փորում, հավերին եմ կերակրում: Շատ եմ սիրում գյուղը»: Անին էլ հետեւելով եղբոր Ղարաբաղում ապրելու ժամանակահատվածի պատկերավոր նկարագրությանն՝ ասում է` «Ես էլ տնային գործեր եմ սիրում: Չեմ թողնի մամաս գործ անի, ամանները կլվանամ, վեդրոներով ջուր կկրեմ, մենակ թե` մաման…»:

Արմենն ու Նարինեն Վրաստանից տեղափոխվել են Հայաստան միայն նրա համար, որ երեխաները հայկական դպրոց հաճախեն: Չորս երեխաների ծնողները՝ տուն չունենալու եւ բնակարան վարձակալել չկարողանալու պատճառով, որոշ ժամանակ անց տեղափոխվել էին Ղարաբաղի սահմանամերձ Փարուխ գյուղ: Պետությունը նրանց հատկացրել էր ընդամենը մի կիսաավերակ «ապրելատեղ»: Արմենն ասում է` «Էստեղ չէինք կարողանում ապրել: Ես մի քանի տարի Ռուսաստանում շինարարության վրա էի աշխատում: Գումարն ուղարկում էի, նորմալ էր, էստեղ Նարինեն կարողանում էր երեխեքին յոլա տանել: Հետո էնտեղ էլ աշխատանքի խնդիրը բարդացավ: Թողեցի եկա, ու հայտնվեցինք ահավոր վիճակում: Փող էլ չկար, որ տուն վարձեինք, էս բարեկամի, էն բարեկամի տանը մնալով անհնար էր»: Այնուհետեւ տեղափոխվեցին Ղարաբաղ, որտեղ դպրոց հասնելու համար երեխաները 10 կիլոմետր ոտքով էին գնում: Դպրոցում կրթությունն էլ հինգամյա է: Ասում է` ամայի տարածության մեջ ապրելով, հողագործությամբ էին մի կտոր հաց վաստակում: Որոշ ժամանակ անց Նարինեի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, եւ ահավոր ցավեր են սկսվել: Արմենը նրան տեղափոխել է Երեւան, իսկ ինքը մոր եւ երեխաների հետ մնացել է Ղարաբաղում: ՀՀ Առողջապահության նախարարության «Ուռուցքաբանության ազգային կենտրոնում» հետազոտվելուց եւ հիվանդության ախտորոշումից հետո նրան տեղափոխել են հայրական տուն, որտեղ էլ, արդեն քանի ամիս է՝ անկողնային վիճակում Նարինեն պառկած է: Նրան եղբայրն ու հարսն են խնամում, ովքեր, չնայած ծանր սոցիալական կենսապայմաններին, այդուհանդերձ կարողանում են ապահովել ցավազրկող թանկարժեք դեղորայքով: Նարինեի հարսը` Քրիստինեն, ասում է` «Արդեն վիճակը շատ վատ ա, զգայարանները չեն աշխատում, տակդիրներով ենք պահում: Կանացի օրգանները լրիվ փտած են, կտոր-կտոր գալիս թափվում են: Ամուսինս ոչինչ չի խնայում, բայց գիտեք, դեղորայքը, որը ամենաուժեղ դոզայով ենք ներարկում, շատ թանկ արժե: Ասում են` պիտի կարգ հանի, որ անվճար տանք, բայց նման հիվանդի համար կարգ հանելու իմաստը…»: Նման հիվանդների համար անիմաստ է ժամանակ վատնել փաստաթղթային հարցերը կազմակերպելու համար եւ նման հիվանդի համար հարազատները պատրաստ են հազար ու մի պարտքերի միջոցով օգնության ձեռք մեկնել: Մեկ ամիս առաջ Նարինեն այնքան է վատացել, որ օրերով անգիտակից վիճակում է եղել: Հարազատները կարծել են… «Իրան շատ քիչ ժամանակ են տվել, շատ վատ էր, ոչ խոսում էր, ոչ շարժվում: Լրիվ անգիտակից էր: Արդեն սպիտակ սավան էինք առել, պատրաստվել էինք, սգի մեջ էինք»,- պատմում են հարազատները, որոնք, սակայն, հետագայում ապշել են, որովհետեւ… «Զանգեցինք Արմենին, ասեցինք` շուտ երեխեքին վերցրու, արի: Արդեն վերջն ա… Արմենն երեխեքի հետ եկավ ու, կարծես, հրաշք լիներ: Նարինեն կամաց-կամաց ուշքի եկավ: Երեխեքի կարոտը նրան ոնց որ հետ բերեր: Հիմա էլ տեսնում եք, էլի»: Երեք երեխաների հետ Ղարաբաղից Երեւան տեղափոխված Արմենը տեւական ժամանակ ապրում է Խարբերդում գտնվող մի տան նկուղում: Նարինեի հայրական տունը շատ փոքր է, չեն կարող այնտեղ մնալ, դրա համար էլ նկուղում է ապրում: 4 երեխաների հայրն այնքան շփոթված, մոլորված է, որ խոսելիս ձեռքերը դողում են, շնչահեղձ է լինում: Ասում է` «Չգիտեմ, ինչ ա լինելու, իսկապես չգիտեմ: Չգիտեմ՝ Նարինեին ո՞նց օգնեմ, երեխեքիս ո՞նց օգնեմ: Անելանելի, անհասկանալի դրություն ա: Մայրս մի աղջկաս հետ դեռ էնտեղ ա: Մենք՝ էստեղ, ես՝ առանց աշխատանքի: Երեխեքին թողնում, գնում եմ աշխատանք ման գալու: Ոչ մեկն աշխատանք չի տալիս, չգիտեմ` ի՞նչ եմ անելու»: Արմենը թեեւ մասնագիտությամբ խոհարար է, այդուհանդերձ պատրաստ է կատարել ցանկացած աշխատանք: Ղարաբաղում ցանկացած աշխատանք արել է, բայց հիմա պարտավոր է մնալ Երեւանում, քանի որ Նարինեի հետ ամեն րոպե կարող է անկանխատեսելի, այսինքն` կանխատեսելի բան պատահել: Երեւանում հանգրվանելու համար Արմենը երեխաների հոգսերը հոգալու համար պիտի աշխատանք գտնի: Ասում է` «Եթե էդ հարցում կարողանայիք օգնել: Ախր կնոջս համար էլ չեմ կարողանում մի բան անել: Դեղորայքը, տակդիրները, խնամքը…»:

Նարինեն անձայն հետեւում է ամբողջ խոսակցությանը: Իսկ երբ մոտենում եմ հրաժեշտ տալու` երեսը շրջում է դեպի պատը: Հասկանում է, որ ինչ էլ ասեմ` ցավերը «փորփրելու» հետեւանք է ունենալու: