Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը մոտենում է ավարտին, եւ շուտով պարզ կդառնա՝ որ երկրի հավաքականն է ճանաչվելու ամենաուժեղը։ Բուքմեյքերները ամենից բարձր են գնահատում Բրազիլիայի շանսերը։ Բրազիլացիների՝ 6-րդ անգամ աշխարհի չեմպիոն դառնալու շանսերը գնահատվում են 3.2 գործակցով։ Բրազիլացիներին հաջորդում են իսպանացիները՝ 3.8 գործակցով։ Իսկ հավակնորդների եռյակը եզրափակում են արգենտինացիները։
Ամենաանհավանականը, ըստ մասնագետների, Պարագվայի հավաքականի հաղթանակն է` 41 գործակից։ Գանացիների շանսերը մի փոքր ավելի բարձր են գնահատվում՝ 34։ Գրեթե նույն կերպ՝ ամենից հավանականը համարվում է, որ եզրափակչում կհանդիպեն Բրազիլիա-Իսպանիա կամ Բրազիլիա-Արգենտինա զույգերը։
Շատերն, ի դեպ, կուզեին եզրափակչում տեսնել Արգենտինա-Իսպանիա զույգին, սակայն դա հնարավոր չէ։ Նրանց ճանապարհները կխաչվեն լավագույն դեպքում կիսաեզրափակչում։ Ամեն դեպքում, ֆուտբոլը հետաքրքիր է հենց նրանով, որ անկանխատեսելի է։ Ո՞վ կմտածեր, որ աշխարհի գործող չեմպիոնն ու փոխչեմպիոնը՝ Իտալիան եւ Ֆրանսիան, պարզապես խայտառակ հանդես կգան՝ խմբում գրավելով վերջին տեղերը։ Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչ հանդիպումները մեկնարկում են վաղը։ Բրազիլիան եւ Հոլանդիան կհանդիպեն Երեւանի ժամանակով ժամը 19։00-ին, իսկ Ուրուգվայն ու Գանան՝ 23։30-ին։ Արգենտինա-Գերմանիա եւ Պարագվայ-Իսպանիա խաղերը տեղի կունենան հուլիսի 3-ին։
Նիկիտա Սիմոնյանը դժգոհ է Մունդիալի հարձակվողներից
Արարատ-73-ի լեգենդար մարզիչ, ներկայումս՝ Ռուսաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը բացատրել է, թե ինչու այս Աշխարհի առաջնությանը հարձակվողներին այդքան էլ հաճախ չի հաջողվում աչքի ընկնել։ «Բոլոր թիմերը սկսել են առանձնակի մեծ ուշադրություն դարձնել պաշտպանությանը, անգամ այնպիսի էլիտար հավաքականներ, ինչպիսիք են Բրազիլիան, Արգենտինան, Գերմանիան։ Այդպիսի պաշտպանությունը շատ դժվար է ճեղքել։ Դա պատճառներից մեկն է։ Բացի այդ, ուշադրություն դարձրեք, որ ազգային առաջնությունների գոլահարները մի տեսակ արգելակվել են։ Օրինակ՝ նույն Մեսսին։ Իհարկե, նա տանում է խաղը, սակայն գոլ խփել նրան ոչ մի կերպ չի հաջողվում։ Դա միգուցե հաջողության կամ հոգեբանության խնդիր է»։
Ն. Սիմոնյանը չի կիսում այն կարծիքը, որ Չեմպիոնների լիգան ավելի կարեւոր է եւ իր մակարդակով ավելի բարձր է Աշխարհի առաջնությունից. «Մենք եվրոպական մրցաշարերի չենք մասնակցել, սակայն ես խաղացել եմ աշխարհի առաջնությունում եւ կարող եմ ասել հետեւյալը. ոչ մի առաջնություն չի կարող համեմատվել աշխարհի առաջնության հետ՝ եւ՛ լարվածության, եւ՛ պատասխանատվության առումով։ Առանց ներքին, ուժեղ կամային հատկանիշների՝ այստեղ հնարավոր չէ դրսեւորվել»։
Նիկիտա Սիմոնյանը ճշմարտության տարրեր է տեսնում այն պնդումների մեջ, որ հարձակվողների մակարդակն իջել է նախկինի համեմատ։ «Չէ՞ որ նույն Մարադոնան ու Պելեն կարողանում էին դարպասը գրավել, թեեւ նրանց դեմ էլ թույլ պաշտպաններ չէին խաղում։ Այդ հարձակվողներն ունեին բարձրագույն կատարողական վարպետություն, գոլային հոտառություն եւ կարողանում էին կենտրոնանալ գոլային պահերի ժամանակ։ Նման մի բան ես տեսել եմ Բրազիլիա- Հյուսիսային Կորեա հանդիպման ժամանակ. Ռոբինյոն գնդակը փոխանցեց Էլանոյին, վերջինս էլ բիլյարդի գնդակի նման այն տեղադրեց դարպասի անկյունում։ Սա հենց բարձր կարգն է, որի պակասը ունեն շատ հարձակվողներ։ Գոլային պահերի չօգտագործումը պարզապես աչք է ծակում։ Երբ հարձակվողին (եւ ոչ միայն հարձակվողին) գոլ խփելու հնարավորություն է ընձեռվում, ի՞նչ ենք մենք տեսնում. գնդակն ուղարկում են դարպասից 5 մետր բարձր։ Ընդ որում, դա անում են նախանձելի հետեւողականությամբ։ Սակայն դա պարզապես անթույլատրելի է, ես դա ասում եմ մասնագիտական տեսանկյունից։ Այստեղ ամեն ինչ կարեւոր է՝ եւ կեցվածքը, եւ հարվածող ոտքի ուղղությունը։ Շատ անգամներ ես նայում եմ հարվածողի ոտքին, եւ հասկանում, որ գնդակը դարպասից ահագին բարձր է սլանալու»,- ըստ «Ռոսիյսկայա գազետա»-ի՝ ասել է Սիմոնյանը։
Անկարգություններ Պարագվայում
Պարագվայի ոստիկանության Հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սեբաստիան Տալավերան հայտնել է, որ Պարագվայի` Ճապոնիայի հանդեպ տոնած հաղթանակից հետո երկրի մայրաքաղաքում անկարգություններ են սկսվել։ Ինչպես գրում է armsport.am-ը, թիմի երկրպագուները դուրս են եկել քաղաքի փողոցներ` նշելու իրենց թիմի հաղթանակը: Սակայն նրանց թվում են եղել նաեւ այնպիսիք, ովքեր սկսել են խախտել քաղաքի կարգուկանոնը: Հիմնականում դրանք եղել են անչափահասներ` ոչ սթափ վիճակում: Պարագվայի հավաքականի հաղթանակը խաղաղ կերպով տոնող երկրպագուները ստիպված են եղել դիմել Ոստիկանություն: «Մեզ են դիմել մարդիկ, ովքեր հանգիստ նշում էին իրենց հավաքականի հաղթանակը: Նրանք խնդրեցին մեզ հանգստացնել այն խուլիգաններին, ովքեր բջջային հեռախոսներ, դրամապանակներ եւ այլ իրեր էին գողանում մարդկանցից: Իսկ երբ Ոստիկանությունը միջամտեց, նրանք սկսեցին շշեր նետել մեր ուղղությամբ, ինչն էլ վերածվեց մեծ վեճի եւ ավելի մեծ անկարգությունների: Այս պահին 15 մարդ ձերբակալվել է, տարվում է հետաքննություն»,- հայտարարել է Տալավերան:
Վենգերը հիացած է սամուրայներով
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոստովանել է, որ իրեն հաճելիորեն զարմացրել է Ճապոնիայի հավաքականի եւ ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Կեյսուկե Հոնդայի խաղն այս առաջնությունում:
«Ճապոնիայի հավաքականի խաղն ինձ ոգեշնչում է: Այն լիովին արտացոլում է ճապոնական մշակույթը: Իմ կարծիքով, նրանց խաղը կարելի է բնութագրել հետեւյալ կերպ. տվեք ինձ հանձնարարություն, ստույգ բացատրեք, թե ինչ պետք է ես անեմ, եւ ես կարդարացնեմ ձեր սպասումները: Ճապոնիայի թիմը հիանալի կազմակերպված պաշտպանություն ունի, որտեղ յուրաքանչյուր ֆուտբոլիստ ստույգ գիտի, թե ինչ պետք է անի, եւ բոլորը կատարում են իրենց առջեւ դրված խնդիրը: Ես շատ անգամներ եմ տեսել, թե ինչպես են ճապոնացիները ողջ խաղի ընթացքում գերազանցել հաշվով, բայց խաղի ավարտին զիջել հակառակորդին: Ճապոնիայի հավաքականի խնդիրը կայանում էր նրանում, որ պաշտպանությունում գործող ֆուտբոլիստներն այդքան էլ լավ չէին հանդես գալիս երկրորդ հարկում: Բայց այժմ թիմի կենտրոնական պաշտպանները այդ առումով ուժեղացել են: Բացի դրանից` ճապոնացիները կիսապաշտպանության շատ ամուր գիծ ունեն` Աբե, Էնդո, Խասեբե: Առջեւի գծում հանդես է գալիս հանճարեղ Հոնդան, ով խմբային փուլում ապացուցել է, որ համարվում է բարձրակարգ ֆուտբոլիստ: Այս պահին ես նրան այս մրցաշարի լավագույն ֆուտբոլիստն եմ համարում: Նա առանձնանում է անհատական որակներով: Իսկ Տակեսի Օկադան խմբային փուլի լավագույն մարզիչն է: Ես ասել էի նրան, որ եթե նրանք դուրս գան փլեյ-օֆֆ, ապա Տոկիոյում նրանց պատվին հուշարձան կկանգնեցվի: Հուսով եմ` իսկապես այդ գաղափարը կիրականանա»,- ասել է Վենգերը։
Մրցավարներին պատժեցին
Ֆուտբոլային մրցավար Խորխե Լարրիոնդան, որը սպասարկում էր Գերմանիա-Անգլիա խաղը, հեռացվել է ընթացիկ առաջնությունից։ ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքի համաձայն, նրա անունը տեղ չի գտել այն մրցավարների ցանկում, որոնք քառորդ եզրափակչից սկսած սպասարկելու են հանդիպումները։ Հիշեցնենք, որ Լարրիոնդան սկանդալային պատմության մեջ հայտնվեց հենց Գերմանիա-Անգլիա խաղի արդյունքում, որում 4։1 հաշվով առավելության հասան գերմանացիները։ Սկանդալային էպիզոդը տեղի ունեցավ 39-րդ րոպեին, երբ Լարրիոնդան չհաշվեց Ֆրենկ Լեմպարդի խփած գոլը՝ պատճառաբանելով, որ գնդակը դարպասային գիծը չի հատել։ Ականատեսների վկայությամբ, խաղից հետո դիտելով վիճելի դրվագի կրկնապատկերը, նա սարսափահար բացականչել է՝ Օ՜, Աստված իմ։
Առաջնությունը չի շարունակի նաեւ իտալացի մրցավար Ռոբերտո Ռոզետտին, որը Արգենտինա-Մեքսիկա խաղում հաշվեց արգենտինացիների՝ ակնհայտ խաղից դուրս վիճակից խփված գոլը։
Ուրախացիր մեզ հետ
Գերմանիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Լոտար Մատեուսը լուրջ չի ընդունում Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնայի խոսքերն այն մասին, որ քառորդ եզրափակչում «ալբիսելեստեն» առավելության կհասնի Գերմանիայի նկատմամբ։ «Հարգելի Դիեգո, մենք հրավիրում ենք քեզ մեզ հետ տոնելու մեր հաղթանակն աշխարհի առաջնությունում: Մի նեղացիր, բայց ուրբաթ օրը քո թիմի հաղթական արշավը կասեցվելու է»,- ըստ Bild-ի՝ ասել է Մատեուսը։
Հետաքրքիր փաստեր
Իսպանիա-Պորտուգալիա խաղում դարպասապահ Իկեր Կասիլյասը 51-րդ անգամ դաշտ դուրս եկավ՝ որպես ազգային թիմի ավագ։ Մադրիդի «Ռեալի 1»-ին համարը Քեյփթաունում գերազանցեց մեկ այլ լեգենդար դարպասապահի՝ Անդոնի Սուբիզարետայի ռեկորդը։
***
1930թ. աշխարհի առաջին առաջնությանը մասնակցեցին 13 երկրների հավաքականներ։ Խորհրդանշական այդ առաջնության մասնակիցներից միայն Բոլիվիան է, որին 80 տարվա ընթացքում այդպես էլ չի հաջողվել դուրս գալ քառորդ եզրափակիչ։ Իսկ Պարագվայի հավաքականին այս տարի դա հաջողվեց առաջին անգամ։
***
Մեկ ութերորդ եզրափակչի 8 հանդիպումներից յոթում հաղթել են այն թիմերը, ովքեր խմբում գրավել էին առաջին տեղը։ Միակ բացառությունը Գանայի հավաքականն է, որը լրացուցիչ ժամանակում առավելության հասավ ԱՄՆ-ի նկատմամբ։
***
Ճապոնիայի հավաքականը այս առաջնության բոլոր 4 խաղերում անընդմեջ խաղադաշտ է դուրս եկել նույն հիմնական կազմով։ Աշխարհի առաջնության պատմության մեջ ընդամենը 7 թիմ են 4 հաջորդական խաղերում նույն կազմով հանդես եկել։ Ընդ որում, միայն Իտալիան է, որ կազմը չի փոխել առաջին 4 խաղերում (Արգենտինա, 1978թ.)։
***
Աշխարհի առաջնության երեք անընդմեջ խաղերում 4 գոլ խփելով՝ Դավիթ Վիլյան հավասարվեց 6 տասնամյակ առաջ Իսպանիայի ֆուտբոլի լեգենդի՝ Զառռայի լեգենդին, ով 1950թ. նույնպես երեք խաղ անընդմեջ գոլի հեղինակ էր դարձել։ Բացի այդ, Վիլյայի գոլը Լա Լիգայի խաղացողների կողմից խփված 200-րդ գոլն էր աշխարհի առաջնություններում։ Այդուհանդերձ, Իսպանական առաջնությունը իր մասնակիցների գոլերի թվով դեռեւս զիջում է իտալական Ա Սերիայի եւ գերամանական բունդեսլիգայի ցուցանիշներին։