Նորաբաց «Գաբոնե» ցուցասրահը կազմակերպել էր նկարիչ Գաբրիել Մանուկյանի
(Գափոյի) աշխատանքների ցուցադրությունը: Նկարչի «Հի-հի, հա-հա» շարքի 30
կտավները լիովին արդարացնում էին խորագիրը: Նրանք անհոգ, ուրախ եւ պայծառ
տրամադրություն էին ստեղծում: Թռչող, սավառնող, լողացող, պարող
երեւակայական էակները, մարդիկ ու կենդանիները պատկերված են շատ վառ,
երանգներից զուրկ գույներով: Գափոյի նկարներում իշխում է կարմիրն ու
ոսկեզօծը՝ ստեղծելով տոնի, տոնախմբության, զվարճանքի շքերթ: Այդ ոճը ավելի
նման է դեկորատիվ կերպարվեստի, բոլոր աշխատանքները նույն ոճն ունեն: Կողք
կողքի կախված 30 աշխատանքներին մի քանի րոպե նայելուց հետո աչքերը
հրաժարվում են ընկալել տեսածը: Պատին կախված Գափոյի մեկ նկարը կարող է
միանգամից փոխել սենյակի մթնոլորտը եւ հիշեցնել, որ կյանքում անկաշկանդ
ժպտալու, ուրախանալու ավելի շատ պատճառներ կան, քան թախծելու եւ խորհելու:
Գափոն լավ վաճառվող նկարիչ է, նրա աշխատանքներից կան շատ օտարերկրացիների
հավաքածուներում: Գափոյի կերպարները երազներից ծնված եւ երազելու հրավիրող
էակներ են: Նրանք վերլուծության կարիք չունեն, պարզապես շատ գեղեցիկ եւ
վառ են: Նաեւ առատ եւ անմնացորդ լցնում են կտավի տարածքը, գորշ կամ սուր
իրականությանը Գափոյի ստեղծած աշխարհ սողոսկելու ճեղք անգամ չթողնելով:
«Գաբոնե» ցուցասրահը նոր է սկսել աշխատել եւ մեծ հեռանկարներ ունի: Հարմար
վայրում գտնվելն ու ցուցադրությունները թարմացնելու ձգտումը
հնարավորություն կտա Երեւանի հյուրերին ծանոթանալ հայ կերպարվեստին, իսկ
նկարիչներին՝ ցուցադրվել եւ վաճառվել:
Ն.Հ.