Նոր բեմադրություն՝ Հրանտ Մաթեւոսյանի հարցադրումներով

08/10/2005

Որտեղի՞ց ենք գալիս, ո՞ւր ենք գնում, արդյոք ամո՞ւր ենք կանգնած մեր
մշակութային հիմքի վրա եւ ի՞նչ արժեքներ ենք տանում մեզ հետ. այս հավերժ
հարցերը շուտով Երեւանի Դրամատիկական թատրոնի բեմ կբարձրանան, քանի որ
սպասվում է Հրանտ Մաթեւոսյանի «Չեզոք գոտի» կինովիպակի բեմականացումը: «Սա
շատ խորը, իր տեսակով եւ մոտեցմամբ բարդ գործ է», – ասաց թատրոնի
գեղարվեստական ղեկավար եւ ներկայացման ռեժիսոր Արմեն Խանդիկյանը, ով
«Չեզոք գոտին» «կոսմիկական կինոնովել» է անվանում: Բեմադրությունը հագեցած
է լինելու երկխոսություններով եւ դերակատարներով: Թատրոնի 24 առաջատար
դերասաններ՝ Վլադիմիր Մսրյանը, Արթուր Ութմազյանը, Հրաչյա Հարությունյանը,
Հայկուհի Խուդավերդյանը, Հովհաննես Բաբախանյանը, Գոհար Իգիթյանը եւ այլք
կմասնակցեն այս բեմադրությանը, որի պրեմիերան կկայանա նոյեմբերին եւ կլինի
նոր` 37-րդ թատերաշրջանի առաջին նոր ներկայացումը: Արմեն Խանդիկյանն ասաց.
«Մենք արագ ըմբռնվող ճաշակի կողմնակիցը չենք, փորձում ենք չաղավաղել այն
սկզբունքները, որոնցով աշխատում է մեր թատրոնը»: Ամուր խաղացանկ ունեցող
Դրամատիկական թատրոնը չի կորցրել իր հանդիսատեսին, իսկ Ա.Խանդիկյանը
համարում է, որ հեռուստատեսությամբ ելույթ ունենալու եւ հարցազրույցներ
տալու փոխարեն` պետք է աշխատել: «Ես չեմ կարող բարձր ճաշակ ներարկել
երիտասարդներին կամ էլ ստիպել լավ երաժշտություն լսել: Ինձ մտահոգում է
նաեւ այսօրվա լրագրողների վերաբերմունքը, սակայն ես չեմ կարող դա փոխել,
ես իմ գործն եմ անում»,- ասաց նա: Դրամատիկական թատրոնում լինելու են նոր
պրեմիերաներ, որոնցից մեկը Անտուան դը Սենթ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանի»
բեմադրությունն է՝ դերասանների եւ խամաճիկների մասնակցությամբ: