Կոտրել է «Պլատոնի ծածկագիրը»

05/07/2010

Ամերիկացի մաթեմատիկոս եւ գիտության տեսաբան Ջեյ Քենեդին ամերիկյան գիտական Apeiron ամսագրում հայտարարել է, որ կոտրել է Հին Հունաստանի փիլիսոփա Պլատոնի աշխատություններում թաքնված գաղտնի ծածկագիրը:

Ըստ Քենեդու` Պլատոնը կիսել է Պյութագորասի պատկերացումները «սֆերաների երաժշտության» մասին (արարման անլսելի երաժշտական հարմոնիայի) եւ իր աշխատությունները կառուցել է ըստ երաժշտական հարմոնիայի օրենքների։ Հետազոտողը, մասնավորապես, եկել է եզրահանգման, որ պլատոնյան ամենահայտնի երկխոսություններից մեկը` «Պետությունը», բաժանված է 12 մասի՝ ըստ պլատոնյան երաժշտական գամմայի հնչյունների քանակի: Քենեդին նշում է, որ ընթերցողի տրամադրությունը փոխվում է տեքստում թաքնված երաժշտական անցումներին համապատասխան, այնպես որ, ընթերցողը կարծես դառնում է երաժշտական գործիք հեղինակի համար: Քենեդու համոզմամբ` «Պլատոնի գաղտնի ուղերձի» էությունն այն է, որ աշխարհը ղեկավարում են ոչ թե աստվածները, այլ բարձրագույն օրենքները, որոնք կարող են արտահայտվել մաթեմատիկայի կամ երաժշտության լեզվով: