Մարիխուանան` սրճեփում

05/07/2010

Պետական եկամուտների կոմիտեի Մաքսանենգության դեմ պայքարի եւ Կրկնակի մաքսային հսկողության (ՄԴՊ եւ ԿՄՀ) վարչության աշխատակիցները` «Հայ Փոստում», օպերատիվ տեղեկությունների հիման վրա, մաքսային զննման են ենթարկել Գերմանիայից ՀՀ քաղաքացի Ազատուհի Յարալյանի անվամբ ուղարկված ստվարաթղթե արկղը: Նրանում առկա է եղել սուրճ պատրաստող եւ ֆիլտրող սարք, որի ստորին անջատվող մասում էլ` երկու պոլիէթիլենային փաթեթների մեջ, հայտնաբերվել է մարիխուանա տեսակի 140 գրամ թմրամիջոց:

Թմրամիջոցի ներկրման մեկ այլ դեպք է կանխվել Մեղրիի մաքսակետում: Այս անգամ թմրամիջոցը թաքցված է եղել տաբատի աստառի մեջ: ՄԴՊ եւ ԿՄՀ վարչության աշխատակիցները մաքսային հսկողության են ենթարկել Իրանից PRIDE SABA մակնիշի մարդատար ավտոմեքենայով ծնողների հետ ՀՀ ժամանած Ֆազել Ղոլամաբբասին: Արդյունքում նրա տաբատի աստառից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցրած, պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված հինգ կտոր ափիոն` մոտ 40 գրամ ընդհանուր քաշով: Բացի այդ, 5 սրվակ հոգեմետ դեղորայք է հայտնաբերվել Ղոլամաբբասիին պատկանող պայուսակում: Ի դեպ, ՀՀ Առողջապահության նախարարի` 2003թ. թիվ 691 հրամանի համաձայն, ափիոնի 25 գրամը համարվում է առանձնապես խոշոր չափի թմրամիջոց: Կատարվում է քննություն: