Ինչպես մյուսները

29/06/2010

«Ուժի գործադրումն ու նման միջադեպերն անընդունելի են: Երկու կողմերն էլ պետք է զերծ մնան ուժի կիրառումից եւ սպառնալիքներից»,- երեկ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնդսդեյլը` պատասխանելով ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակման վերաբերյալ հարցին: Ըստ նրա, դա եւս մեկ անգամ ընդգծում է բանակցությունների միջոցով հիմնախնդրի լուծման կարեւորությունը: «Ես մեծ հույս ունեմ, որ նման միջադեպեր էլ չեն լինի, եւ հունիսի 18-ին գրանցվածը վերջինը կլինի: Մենք խրախուսում ենք, որպեսզի երկու կողմերն էլ ակտիվ մասնակցեն բանակցություններին»,- ասել է Լոնդսդեյլը: Ըստ նրա, Մինսկի խմբի ձեւաչափը չպետք է փոփոխվի, եւ բանակցությունները պետք է շարունակվեն այդ ձեւաչափով: Պատասխանելով պատերազմի վերսկսման հնարավորության մասին հարցին` դեսպանն ասել է. «Ես չեմ ուզում խոսել պատերազմի վերսկսման մասին: Վերջին միջադեպը մտահոգությունների տեղիք է տալիս: Սակայն կարծում եմ, որ պետք է հեռու մնալ պատերազմից: Բայց որեւէ մեկը չի էլ կարող ասել եւ չպետք է մտածի, թե ներկա իրավիճակը կարող է կենսունակ լինել երկար ժամանակահատվածի համար»: