Հոկտեմբերի 1-ին Ստեփանակերտում մեկնարկեց «Ղարաբաղ-2005» շախմատի միջազգային երկրորդ մրցաշարը, որին մասնակցում են 20 բարձրակարգ շախմատիստներ՝ Լեհաստանից, Ուկրաինայից, Մոլդովայից, Լատվիայից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Նիդեռլանդներից, Իսպանիայից, Չինաստանից, Ռուսաստանից ու Հայաստանից: Տեղեկության կարգով նշենք, որ միաժամանակ անց է կացվում երկու՝ 17-րդ եւ 11-րդ կարգի մրցաշար (յուրաքանչյուրում 10-ական շախմատիստ): Մասնակիցների թվում ընդգրկված են այնպիսի հանրահայտ գրոսմայստերներ ու շախմատիստներ` ինչպիսիք են միջազգային գրոսմայստերներ Վասիլի Իվանչուկը, Իվան Սոկոլովը, Ալեքսեյ Դրեեւը, Վիկտոր Բոլոգանը, Խիկարու Նակամուրան, Բարտլոմե Մաչեյան, Եվգենի Սվեշնիկովը եւ այլք: Մրցաշարի պատվավոր հյուրի կարգավիճակով Արցախ է ժամանել հանրահայտ գրոսմայստեր Լայոշ Պորտիշը:
Հիշեցնենք, որ առաջին մրցաշարն անցկացվել է 2004թ. մարտին, որին մասնակցում էին տարբեր երկրների 10 բարձրակարգ շախմատիստներ: Մրցաշարի պատվավոր հյուրն էր շախմատի աշխարհի 10-րդ չեմպիոն Բորիս Սպասսկին, իսկ չեմպիոնը՝ Հայաստանի ներկայացուցիչ, միջազգային գրոսմայստեր Կարեն Ասրյանը:
Ինչպես հայտնի է, Ղարաբաղում անցկացվող առաջին միջազգային մրցաշարը խոչընդոտելու փորձ էր արվել հարեւան հանրապետության՝ Ադրբեջանի կողմից: Այդ փաստը հանրահայտ գրոսմայստեր Եվգենի Սվեշնիկովը համարում է սխալ քայլ, «քանի որ սպորտը պետք է ծառայի տարածաշրջանում առկա կոնֆլիկտների լուծմանը»: Նա նաեւ տեղեկացրեց, որ նախորդ մրցաշարի ընթացքում Ադրբեջանի Արտգործնախարարությունը բողոք-նամակ էր ուղարկել Լատվիայի շախմատիստների միությանը, որտեղ էլ պատասխանել են, որ իրենք չեն կարող հրամայել իրենց շախմատիստներին՝ այս կամ այն անհատական մրցույթին չմասնակցել: Եվգենի Սվեշնիկովը մեր զրույցի ժամանակ նշեց, որ կողջուներ նաեւ ադրբեջանցի շախմատիստների մասնակցությունը Ղարաբաղում անցկացվող մրցաշարին: Տեղեկացնենք, որ մրցաշարը, որն անցկացվում է շրջանաձեւ մրցակարգով, կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 11-ը: Երրորդ տուրի արդյունքներով «Ա» (17-րդ կարգի) խմբի մրցաշարում առաջատարներն են Աշոտ Անաստասյանը (Հայաստան) եւ Բու Կսանգժին (Չինաստան), ովքեր ունեն 2,5-ական միավոր, իսկ «Բ» (11-րդ կարգի) խմբում՝ 2,5 միավորով միանձնյա առաջատար է Ռուսաստանը ներկայացնող հայազգի շախմատիստ, միջազգային գրոսմայստեր Սերգեյ Գրիգորյանցը: