Քլինթոնն է գալիս

29/06/2010

Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը տեղի է ունենալու հուլիսի 16-17-ը Ալմաթիում կայանալիք ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական նիստի շրջանակներում: Թեեւ այդ մասին դեռեւս պաշտոնապես չի հայտարարվում, սակայն հայկական եւ ադրբեջանական դիվանագիտական շրջանակները հաստատում են դա: Հանդիպման անհրաժեշտությունը պայմանավորված է ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների վերջին հայտարարությամբ: Հիշեցնենք, որ այդ հայտարարությունում ասվում էր. «Մենք մեր նախարարներին եւ համանախագահներին հանձնարարում ենք ակտիվորեն աջակցել կողմերին առկա տարաձայնությունների հաղթահարման գործում` նախապատրաստվելով Ալմաթիում ԵԱՀԿ նախարարների ոչ ֆորմալ հանդիպման շրջանակում անցկացվելիք համատեղ հանդիպմանը»: Ընդ որում, այդ հանդիպումը կայանալու է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի` առաջիկայում Հարավային Կովկաս կատարելիք այցից հետո: «Այցի շրջանակներում Քլինթոնը կայցելի Հայաստան եւ Ադրբեջան, որից հետո կշարունակվեն այդ երկրների հետ ավելի վաղ իրականացված քննարկումները»,- այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին: Նա ընդգծել է, թե ԱՄՆ-ը մեծ ջանքեր է գործադրել Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ: Նշենք, որ նախնական տվյալներով՝ ԱՄՆ պետքարտուղարը Հայաստան կժամանի հուլիսի 4-ին: