Շնորհակալագրեր՝ ոչ միայն ռուսա թագավորից

29/06/2010

ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների վերջին հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ չնայած բուռն քննարկման առարկա է դարձել, սակայն իրականում իր մեջ առանձնապես նոր տարրեր չի պարունակում: Իհարկե, դա ամենեւին չի նշանակում, թե Հայաստանում դրանով մտահոգվելու առիթ չկա: Ճիշտ հակառակը` այդ վերջնագիր-հայտարարությամբ գերտերությունների ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարները եւս մեկ անգամ կրկնում են ոչ հայանպաստ այն լուծումը, որը «խաղաղության հաստատման» գեղեցիկ արտահայտությունների քողի տակ կարող է պարտադրվել կողմերին: Չնայած դիվանագիտական ձեւակերպումներին, այդ հայտարարությամբ պարզորոշ ասվում է` հայկական զորքերը պետք է դուրս բերվեն ազատագրված տարածքներից (ըստ հայտարարության հեղինակների` «օկուպացված»), պետք է ապահովվի տեղահանված անձանց կամ փախստականների վերադարձը իրենց բնակության վայրեր, Լեռնային Ղարաբաղին շնորհվի միջանկյալ կարգավիճակ, Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցք ունենա, եւ ԼՂ-ի վերջնական կարգավիճակը որոշվի իրավականորեն պարտավորեցնող կամարտահայտության միջոցով: Այլ կերպ ասած` անորոշ ժամկետում կիսաանորոշ հանրաքվեի միջոցով: Նշված բոլոր դրույթները, որոշակի տարբերություններով, պարունակվում էին նաեւ 2009 թ. հուլիսի 10-ի Լ’Աքվիլայում ընդունված հայտարարությունում, ինչին էլ, ի դեպ, հղում են կատարել երեք երկրների նախագահները: Որոշակիորեն նորություն էր, սակայն, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի շնորհակալական հայտարարությունն` ուղղված երեք երկրների նախագահներին: «Մենք բարձր ենք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների` Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի նախագահների ցանկությունը եւ հետեւողական ջանքերը աջակցելու հակամարտության կողմերին` մոտեցնելու դիրքորոշումները եւ առաջ ընթանալու հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ»,- ասել է Նալբանդյանը` փորձելով պարզաբանել իր «գոհունակությունը»: Նալբանդյանի հայտարարության մեջ, սակայն, չկա որեւէ «բայց», որեւէ «այդուհանդերձ», որեւէ վերապահում: Այսինքն` Հայաստանի իշխանություններն անվերապահորեն ընդունում են վերը նշված բոլոր կետերը: Հետաքրքիր է` իսկ գերտերությունների ղեկավարներին «շնորհակալագրեր» հղող ՀՀ իշխանության ներկայացուցիչներից որեւէ մեկը բարեհաճելո՞ւ է, մեղմ ասած, պարզաբանումներ ներկայացնել հասարակությանը: Թե՞ շաբաթ օրվա հայտարարության հեղինակները երաշխավորել են, որ կապահովեն նաեւ «հասարակական կարծիքը», կամ դրա ոտնահարման վրա կփակեն իրենց խաղաղասիրական աչքերը: