Շաբաթ օրը Կանադայում անցկացվող «Մեծ ութնյակի» գագաթաժողովի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ` մեկ անգամ եւս շեշտելով ղարաբաղյան հակամարտության` խաղաղ ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը:
Դմիտրի Մեդվեդեւը, Բարաք Օբաման եւ Նիկոլա Սարկոզին, փաստորեն, արձանագրում են, որ հակամարտության լուծման հարցում Հայաստանը եւ Ադրբեջանը նշանակալից առաջընթաց են գրանցել եւ համաձայնություն են ձեռք բերել հիմնարար սկզբունքների շուրջ: 3 երկրների նախագահները կարեւոր առաջընթաց են գնահատում այն փաստը, որ հակամարտող կողմերը, որպես հարցի երկարաժամկետ լուծման հիմք՝ ընդունում են Հելսինկյան եզրափակիչ ակտի եւ Լ’Աքվիլայում հրապարակված սկզբունքները: Որպես հիշեցում, նրանք մանրամասնում են, որ այդ սկզբունքները ներառում են ԼՂ շրջապատող տարածքների վերադարձ, ներքին տեղահանվածների` իրենց մշտական բնակության վայրերը վերադառնալու իրավունք, Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ, Հայաստանը Ղարաբաղին կապող միջանցք, նաեւ ԼՂ հետագա կարգավիճակի որոշում` նրա բնակչության իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով, միջազգային անվտանգության երաշխիքներ եւ ինքնակառավարում:
Սանկտպետերբուրգյան եռակողմ հանդիպմանը հաջորդած այս հայտարարությունը Հայաստանի քաղաքական շրջանակներում տարբեր մեկնաբանությունների տեղիք տվեց: Ոմանք վստահ են, թե բանակցային գործընթացը գրեթե ավարտված է եւ համանախագահող երկրները ճնշում են գործադրելու հակամարտող երկրների վրա` հարցի շուտափույթ լուծման համար: Ոմանք էլ այս հայտարարությունը համարում են դրական եւ նպաստավոր Հայաստանի համար՝ այն առումով, որ մի շարք կետեր բխում են ուղղակիորեն ԼՂՀ շահերից: Քաղաքական շրջանակներում նաեւ տեսակետ կա, որ համանախագահների առաջարկները հանգեցնելու են պատերազմի: Վերջին պնդման հեղինակը Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության Հայաստանի կազմակերպության ներկայացուցիչներն են:
Մեկնաբանելով համանախագահների հայտարարությունը, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն ասում է. «Համանախագահող երկրների հայտարարության մեջ որեւէ նոր բան չի ասվում: Դա միայն Մադրիդյան սկզբունքների վերահաստատումն է: Այդ փաստաթղթի նորացված տարբերակը մեզ համար ընդհանրապես մերժելի է, իսկ մադրիդյան սկզբունքների մեջ թեպետ կան ընդունելի կետեր, բայց ընդհանուր առմամբ այն եւս մեր կուսակցության համար ընդունելի չէ: Ես համարում եմ, որ սա ինչ-որ առումով ճնշում է, որն ուղղված է առաջին հերթին՝ Ադրբեջանի, ապա նաեւ՝ Հայաստանի դեմ»: Պարոն Մարգարյանն ասում է, որ քանի դեռ Հայաստանը արտաքին քաղաքականության մեջ ցուցաբերում է անգործություն, նվազ ակտիվություն եւ ունի մեծ բացթողումներ, նման երեւույթներ հաճախ են պատահելու: «Պետք է դիմադրել: Սա վերջնագիր չի, այնպես չէ, որ ասել են ու անպայման պետք է լինի: Կարծում եմ, որ հասել ենք ոչ թե բանակցությունների վերջնագծին, այլ սա մի նոր գործընթացի սկիզբ է»,- ասում է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը:
ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանն էլ կարծում է, որ համանախագահների հայտարարությունից հետո կարելի է խոսել ոչ թե հակամարտության կարգավորման գործում արձանագրված առաջընթացի, այլ` ետընթացի մասին: «Տպավորություն է ստեղծվում, որ Սոչիում սկիզբ էր առել մի գործընթաց, որից ոգեւորված էր Ադրբեջանը, եւ լռություն էր պահպանում Հայաստանը, իսկ Սանկտ Պետերբուրգում սկիզբ դրվեց մի գործընթացի, որից ոգեւորվեց հայկական կողմը, իսկ Ադրբեջանը դիմեց բացահայտ դեմարշի` գնալով անգամ ռազմական սադրանքի: Եվ երբ այս իրավիճակում հնչում է Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, ընդ որում, շատ հստակ նշելով Մադրիդյան առաջարկները, տպավորություն է ստեղծվում, թե նրանք երկու կողմերին փորձում են նորից կանգնեցնել հին եւ կոտրած տաշտակի առաջ եւ նրանց ոգեւորությունների կամ հիասթափության դաշտից վերադարձնել դեպի ռեալ դաշտ»: Անդրադառնալով Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակ տալու մասին առաջարկին, Ս. Սաֆարյանն ասում է. «Մինսկի խմբի համանախագահները կարիք չունեն նոր միջանկյալ ստատուս տալ Ղարաբաղին, քանի որ այն արդեն 19 տարի է՝ չճանաչված անկախության ստատուսով ունի այդ կարգավիճակը: Եթե նրանք ցանկանում են գործնականում ապացուցել, որ Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտությունը իրենց համար կարեւոր է, ապա պահն է, որ նրանք ոչ թե մեկ այլ միջանկյալ կարգավիճակի մասին խոսեն, այլ ճանաչեն արդեն իսկ գոյություն ունեցածը»: «Ժառանգության» պատգամավորը կարծում է, որ եթե անգամ Ադրբեջանը ստորագրի ԼՂՀ ճանաչման փաստաթղթի տակ, միեւնույն է, Հայաստանը չի կարող լիարժեք վստահել Մինսկի խմբի կողմից ղեկավարվող գործընթացին. «Քանի դեռ համանախագահ երկրները Ադրբեջանին չեն պատժել վերջին սադրանքի համար, քանի դեռ չեն պատժել 90-ականներին սկիզբ առած նրա ռազմական արկածախնդրությունը, եւ Ադրբեջանի ռազմական դոկտրինայում չի վերացվել պատերազմ սկսելու ուղղակի դրույթը, Հայաստանը չի կարող վստահություն ունենալ Մինսկի խմբի կողմից ղեկավարվող այս պրոցեսի նկատմամբ»:
ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովն էլ համանախագահների հայտարարությունը որակեց դրական: «Այն իր մեջ ներառում է կետեր, որի մասին մշտապես խոսել է հայկական կողմը: Եթե ես այստեղ լուրջ վտանգներ տեսնեի, ես նման գնահատական չէի տա, քանի որ ես չեմ պատկանում այն քաղաքական գործիչների թվին, ովքեր առանց հասկանալու շաբլոն արտահայտություններ են անում,- ասում է Է. Շարմազանովն` ավելացնելով,- Խոսվում է Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակ տալու մասին, հետագայում արդեն Ղարաբաղի ժողովրդի պարտադիր կամարտահայտությամբ, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչում: Մյուս քայլն այն է, որ Հայաստանը եւ Ղարաբաղը պետք է ունենան ընդհանուր ցամաքային սահման, եւ, որ շատ կարեւոր է, պետք է ապահովվի Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը: Ես կարծում եմ, որ այստեղ իր դերն է խաղացել մի քանի օր առաջ տեղի ունեցած պետերբուրգյան հայտնի հանդիպումը եւ պետերբուրգյան առաջարկները, որոնք բխում են մադրիդյան սկզբունքների ոգուց: Այդ առաջարկները հայկական կողմը հիմք ընդունեց եւ դրական գնահատեց, իսկ ադրբեջանական կողմը` լռեց: Այս քայլը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ մեր դիրքերը շահեկան են, իսկ Ադրբեջանի հիստերիկ արձագանքը նշանակում է, որ նրանք դեպրեսիայի մեջ են եւ մտել են փակուղի»: Համանախագահների հայտարարության մեջ խոսվում է Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ ոչ թե ցամաքային սահման, այլ` ընդամենը միջանցք ունենալու մասին, իսկ դրանք քաղաքական տարբեր կատեգորիաներ են` տարբեր կարգավիճակներով: Ի պատասխան մեր այս դիտարկմանը, պարոն Շարմազանովն ասաց. «Կարեւորն այն է, որ գլոբալ առումով Հայաստանին եւ Ադրբեջանին հնարավորություն է ընձեռվում, որպեսզի ունենան ցամաքային սահման, իսկ մնացածը տեխնիկական պահեր են, որոնք պետք է երկարատեւ բանակցությունների հիմք հանդիսանան»:
Ինչ վերաբերում է այն մեկնաբանություններին, որ ղարաբաղյան գործընթացը թեւակոխել է վերջնական փուլ, ապա ՀՀԿ մամլո խոսնակն ասում է. «Կարծում եմ, որ այն ոչ թե թեւակոխել է վերջնական փուլ, այլ թեւակոխել է մի նոր փուլ: Վերջնական փուլ կտեղափոխվի միայն այն ժամանակ, երբ Ղարաբաղի Հանրապետությունն ինքը կմասնակցի բանակցություններին, որպես առանձին կողմ»: է. Շարմազանովը կարծում է, որ համանախագահների հայտարարության հետ կապված հարցեր կարող են առաջանալ միայն առաջարկների հաջորդականության առումով:
Հայտարարության հետ կապված` իր տեսակետը մեզ փոխանցեց նաեւ ԼՂՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը. «Համանախագահող երկրների առաջնորդների հայտարարությունը պայմանավորված է առաջին հերթին բանակցային գործընթացը պահպանելու նրանց մտահոգությամբ: Երկրորդ, եթե մենք ժամանակի կտրվածքով ենք դիտարկում, ապա հայտարարությունը հետեւեց ՌԴ նախագահի նախաձեռնած եռակողմ հանդիպմանը, եւ բնականաբար տպավորություն է ստեղծվում, որ 3 երկրների ղեկավարները փորձում են միջազգային հանրությանը ցույց տալ, որի խնդրի վերաբերյալ ունեն համաձայնեցված մոտեցում: Հորդորը, որ անում են նրանք, կարծում եմ՝ առաջին հերթին հասցեագրված է Ադրբեջանին, որովհետեւ Ադրբեջանի ղեկավարությունը մի քանի անգամ հայտարարել է, որ խնդիրը պետք է լուծվի բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, հակառակ դեպքում` պատերազմը անխուսափելի է: Վերահաստատելով իրենց հանձնառությունը, որ խնդիրը պետք է լուծվի Հելսինկյան սկզբունքների եւ Աքվիլայի սկզբունքների շուրջ, համանախագահները հստակ ակնարկում են, որ չեն կարող բավարարվել Ադրբեջանի հավակնությունները, եւ նրանք մերժում են խնդրի կարգավորման ռազմական տարբերակը: Այս առումով հայտարարությունը դրական է»: Սակայն Վ. Աթանեսյանը կարծում է, որ փաստաթղթերում ներառված առաջարկները գուցե գրավիչ լինեին 20 տարի առաջ, բայց այսօր դրանք չեն արտահայտում ԼՂՀ ժողովրդի եւ իշխանությունների ցանկությունը. «Նման մեթոդաբանությունը, որ դրված է մադրիդյան սկզբունքների եւ այդ հայտարարության հիմքում, մեզ համար գուցե գրավիչ լիներ 90-ականների սկզբին: Բայց այսօր, երբ անցել ենք ինքնահաստատման շուրջ 20-ամյա ճանապարհ, որից 4-ը ծախսվել է Ադրբեջանի զինված ագրեսիան դիմակայելու եւ պատերազմի պատճառած վնասները մասամբ վերացնելու վրա, չեմ կարծում, թե կոռեկտ է հայտարարել ինքնորոշված ժողովրդի` վերստին ինքնորոշման մասին: Մեր ժողովրդի, իշխանության եւ քաղաքական շրջանակների տեսակետն այն է, որ միջազգային հանրությունը պետք է ճանաչի ԼՂ փաստացի անկախությունը, այդպիսով իսկ հնարավորություն ընձեռելով, որ որպես միջազգային հանրության լիարժեք անդամի, ԼՂՀ-ն Ադրբեջանի հետ կարգավորի առկա տարաձայնությունները: Ճիշտ կլիներ, որպեսզի միջնորդ երկրները վերանայեին բանակցությունների ընթացքը, ձեւաչափը, նաեւ՝ մեթոդաբանությունը, եւ հնարավորություն ընձեռեին, որպեսզի ԼՂՀ-ն մինչեւ վերջ պաշտպաներ իր մոտեցումներն ու իր տեսակետները»:
ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն էլ կարծում է, որ այս հայտարարությունը ցույց է տալիս, որ միջազգային հանրությունը ղարաբաղյան խնդրի կարգավորումը դիտարկում է որպես առաջնահերթություն եւ սաստկացնում է իր ճնշումները խնդրի կարգավորման ուղղությամբ. «Ակնհայտ է, որ հակամարտության կողմերից ավելի համառ կերպով են պահանջում ավարտել աշխատանքները սկզբունքների մասին համաձայնագրի վրա եւ անցնել պայմանագրի մշակմանը»:
Հայտարարության հետ կապված երեկ պարզաբանում է ներկայացրել նաեւ Հայաստանի Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նա ասել է. «Համանախագահ երկրների ղեկավարները փաստում են, որ 2007 թ. մադրիդյան առաջարկությունների հիման վրա ընթացող բանակցություններում կարեւոր քայլ, եւս մեկ հանգրվան է գրանցվել, հատկապես ուղիղ 10 օր առաջ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպմանը, որտեղ կողմերը արձանագրեցին այն, ինչին հասել են առ այսօր հանդիպումների արդյունքում, եւ պայմանավորվեցին շարունակել բանակցությունները հենց դրա հիման վրա: Գալիք օրերը ցույց կտան, թե արդյո՞ք Ադրբեջանը պատրաստ է շարժվել այդ ուղիով, թե՞ շարունակելու է իր ռազմատենչ կեցվածքը` փորձելով ձախողել խաղաղ գործընթացը նոր սադրիչ եւ ապակառուցողական քայլերով»: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանն էլ մեզ փոխանցեց հետեւյալը. «Քանի որ ՀՀ նախագահն է նախանշում արտաքին քաղաքականության ուղենիշները, հետեւապես երկրի արտգործնախարարի կողմից արված ցանկացած նման հայտարարություն համաձայնեցնում է ՀՀ նախագահի հետ: Արտգործնախարարի պարզաբանումը նաեւ ՀՀ նախագահի տեսակետն է»: