«Պետերբուրգյան առաջարկներ» չկան

29/06/2010

«Եթե Հայաստանը չփոխի իր քաղաքական գիծը եւ չլինի նախաձեռնող, կունենանք կորուստներ»,- երեկ կայացած ասուլիսում ասել է ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը` անդրադառնալով ՌԴ-ի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի նախագահների կողմից ընդունված ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարությանը: «Նախաձեռնող լինելը միայն մեկ քայլ անելը չէ: Նախաձեռնողը նա է, ով անընդհատ պարտադրում է հակառակորդին պատասխանել իր գործողություններին: Ես զարմանում եմ, թե ո՞նց կարող է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, որը, չնայած իմ ընկերն է, հայտարարել, որ Ադրբեջանը չունի արտաքին քաղաքականություն, ունի ընդամենը քարոզչություն: Դե լավ, էլի, ուրեմն մենք դրանով պետք է մեզ մխիթարենք ու նստե՞նք: Մենք պարտավոր ենք Ադրբեջանի դեմ ունենալ համապատասխան ծրագրային գործողություններ, անգամ՝ եթե դա քարոզչություն է»,- նշել է նա: Ա. Սարգսյանը առաջարկել է ստեղծել հատուկ հանձնարարությունների գծով կամ արագ արձագանքման խումբ, որը միանգամից կարձագանքի գործընթացներին եւ ճիշտ խորհուրդներ կտա Հայաստանի ղեկավարությանը` գործընթացներին համարժեք քայլեր կատարելու հարցում: «Մենք ժամանակակից մեթոդներով չենք աշխատում, չենք օգտագործում Սփյուռքի հնարավորությունները նաեւ այս հարցում: Մենք համակարգված գործողությունների կարիք ունենք»,- ասել է նա: ՀԴԿ ղեկավարն անդրադարձել է նաեւ, այսպես կոչված, «պետերբուրգյան առաջարկներին», որոնց մասին տեղեկությունը հայկական կողմը սկսել է շրջանառել վերջերս Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ՀՀ-ի, Ադրբեջանի եւ ՌԴ նախագահների եռակողմ հանդիպումից հետո: Արամ Սարգսյանը հայտարարել է, որ համանախագահող երկրների հայտարարությունը փաստեց, որ իրականում նման առաջարկներ գոյություն չունեն` անհարմար դրության մեջ դնելով հայկական կողմին: