Հայ դատի ամերիկյան հանձնախումբը տարածել է հայտարարություն, որում քննադատել է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահների համատեղ հայտարարությունը ԼՂ-ի վերաբերյալ` որակելով այն որպես «կապիտուլյացիայի նույն այն հին ու ծեծված կոչերից մեկը` ուղղված ԼՂՀ ժողովրդին»: «Նախագահներ Օբաման, Սարկոզին եւ Մեդվեդեւն իրենց հայտարարությունում պետք է խստորեն դատապարտեին հունիսի 18-ին Մարտակերտի շրջանում ադրբեջանցիների իրականացրած հարձակումը»,- հայտարարել է Հայ դատի ամերիկյան հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը: «Փոխարենը նրանք արեցին կապիտուլյացիայի նույն այն հին ու ծեծված կոչերից մեկը` ուղղված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդին: Նրանց համատեղ հայտարարությունը եւս մեկ անգամ ներկայացնում է այն միակողմանի բանաձեւը, որով ԼՂ-ին ստիպում են անել ծայրահեղ վտանգավոր եւ իր անվտանգության տեսանկյունից անդառնալի զիջումներ` անորոշ եւ պարտադիր ուժ չունեցող խոստման դիմաց, թե դրա կարգավիճակը կարող է որոշվել անորոշ մի գործընթացով, անորոշ մասնակիցների կողմից եւ ապագայի ինչ-որ անորոշ պահի»,- ասել է Համփարյանը: Նրա խոսքով, նախագահների այդ հայտարարությունն էլ ավելի վիրավորական է դարձնում նրանց հնչեցրած մեղադրանքը տարածքների օկուպացման մասին: Ըստ Հայ դատի ամերիկյան հանձնախմբի, երեք նախագահների վերջին հայտարարությունը գրեթե չի տարբերվում 2009թ. հուլիսի 10-ի հայտարարությունից` չհաշված այն հանգամանքը, որ այս անգամ ավելացել է տարածքների օկուպացման մեղադրանքը։