Առաջին անգամ մեկ գրքում հավաքվել են հնագույն ժամանակներից ի վեր
Հայաստանին վերաբերող կարեւորագույն քարտեզները, որ վերաբերում են
Հայաստանի աշխարհագրական տարածքին՝ սկսած մ.թ.ա 6-րդ դարի բաբելոնյան կավե
սալիկից, հին հունական եւ հռոմեական քարտեզագետների աշխատանքներ, վաղ
քրիստոնեական, իսլամական, օսմանյան, վաղ եւ ուշ միջնադարյան քարտեզներ,
ինչպես նաեւ արտատպված են նմուշներ արեւմտյան հայտնի քարտեզագետներ Մարտին
Վալդեզմյուլլերի, Սեբաստիան Մյունստերի, Ջերարդուս Մերկատորի, Աբրահամ
Օրտելիուսի, Վիլյամ Յանսոն Բլաուի, Ջոն Սենեքսի, Նիկոլա Սանսոնի, Գիյոմ դը
Լիլի աշխատանքներից: «Սա գիտական մի աշխատություն է, որ հույժ կարեւոր է
բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են Հայաստանի, առհասարակ Կովկասի,
ինչպես նաեւ Օսմանյան ու Իրանական կայսրությունների պատմությունով եւ
աշխարհագրությունով»,- տեղեկացնում է «Փրինտինֆո» հրատարակչությունը, որը
եւ հրատարակել է այն:
Գիրքը պարունակում է շուրջ 128 քարտեզ եւ 40 հավելյալ դետալներ: Վերատպված
բոլոր քարտեզներին կից կան մանրամասն բացատրություններ դրանց հեղինակների,
գծագրվելու թվականի, հրատարակչի ու աղբյուրների, քարտեզի
յուրահատկությունների վերաբերյալ, ինչպես նաեւ՝ քարտեզագրության համառոտ
պատմություն եւ աշխարհագրական անունների համառոտ բառարան: Այստեղ կան նաեւ
հայերենով հրատարակված արժեքավոր քարտեզների նմուշներ եւ այլ
հետաքրքրաշարժ քարտեզներ՝ ընդհուպ մինչեւ Հայաստանի արբանյակային
լուսանկարը:
Գրքի հեղինակ Ռուբեն Գալչյանը ծնվել է Պարսկաստանում՝ վանեցի գաղթականի
ընտանիքում: Ուսանել է նախ Թեհրանում, ապա շարունակել Անգլիայում, ուր եւ
մինչեւ 1980 թվականն աշխատել է որպես էլեկտրաինժեներ, ղեկավարել է
նավթաքիմիական արդյունաբերության ծրագրեր: Քարտեզագրությունը նրա համար
ընդամենը հոբբի է եղել: «Քարտեզագրության եւ հատկապես Հայաստանի
վերաբերյալ նյութեր սկսել եմ հավաքել 1970 թվականից»,- պատմում է Ռ.
Գալչյանը: Դրանք առանձին գրքով հրատարակելու գաղափարը ծնվել է 5 տարի
առաջ: «Գիրքը պատրաստել եմ՝ նկատի ունենալով մի քանի կարեւորագույն
հանգամանքներ, որոնք այս օրերին ունեն նաեւ քաղաքական կարեւորություն,
քանի որ առնչվում են Հայաստանի ու Արցախի ապագային վերաբերող
բանակցություններին եւ ընդհանրապես հայ ժողովրդի Հայրենիք կոչվող
Հայաստանին: Վերջին տարիներին թուրք եւ ազերի «պատմաբաններն» ու
«գիտնականները» սկսել են ավելի բացահայտ կերպով արտահայտվել, թե իբր
հայերը Կովկասի ու Փոքր Ասիայի բնիկները չեն, այլ եկվորներ: Թուրք
դասախոսները զեկույցներ են կարդում Թուրքիայի «հնագույն» պատմության ու
մշակույթի մասին՝ առանց հիշատակելու հայերին եւ Հայաստանը: Ադրբեջանցի
«պատմաբաններն» էլ աշխատում են փաստել, որ հայերը Կովկաս են քոչել 19-րդ
դարից հետո միայն՝ ռուսական զորքերի միջոցով, այսինքն՝ հայերն այս
տարածաշրջանում ընդհանրապես գոյություն չեն ունեցել: Եթե այդ համոզմունքով
նայենք այդ խնդրին, ապա ինչպե՞ս բացատրել հին աշխարհագրագետների ու
քարտեզագետների բացատրած ու պատկերած Հայաստանը»,- ասում է Ռ. Գալչյանը:
Գրքում վերատպված քարտեզների բնօրինակների շատ փոքր մասն է հեղինակի
հավաքածուից, մնացածի բնօրինակները գտնվում են աշխարհի տարբեր
թանգարաններում ու գրադարաններում: «Օգտվել եմ Բրիտանական գրադարանից,
Ֆրանսիայի, Ավստրիայի ազգային գրադարաններից, Մյունխենի քաղաքային
գրադարանից, ԱՄՆ Կոնգրեսի գրադարանից, Օքսֆորդի, Մանչեսթերի եւ Իտալիայի
տարբեր քաղաքների գրադարաններից ու թանգարաններից, ինչպես նաեւ` մեր
Մատենադարանից ու ԵՊՀ գրադարանից»,- տեղեկացնում է հեղինակը:
Օտարների լեզվով եւ օտարների ձեռքով այս գիրքը պարզաբանում է՝ որտե՞ղ է
գտնվում Հայաստանը, եւ առհասարակ ո՞ր ժամանակաշրջանից է նրա գոյությունը
փաստվում, կամ՝ ո՞րն է Ադրբեջանը, որտե՞ղ է գտնվում, կամ՝ վկայակոչելով
իսլամական քարտեզները, օսմանյան ու արաբական աշխարհագրական գրքերը,
ներկայացնում է Հին Հայաստանի աշխարհագրությունը:
«Ռուբեն Գալչյանի այս ատլասը կմտնի ոչ միայն մեր քարտեզագրական
գրականության մեջ, այլեւ ընդհանրապես քարտեզագրության պատմության մեջ՝
որպես հարուստ նյութ պարունակող աշխատություն»,- համոզված է Մատենադարանի
տնօրեն, ակադեմիկոս Սեն Արեւշատյանը:
Իսկ առհասարակ քարտեզագրությունը Հայաստանում հին ակունքներ ունի, այդ են վկայում Մատենադարանում պահպանված հին ձեռագրերը:
«Մեզանում քարտեզագրության սկիզբ կարելի է համարել 17-րդ դարը, երբ 1695
թվականին Վանանդեցի եղբայրները Ամստերդամում տպագրեցին առաջին քարտեզը, որ
կոչվում էր «Համաշխարհային աշխարհացույց»,- փաստում է Մատենադարանի
տնօրեն, ակադեմիկոս Սեն Արեւշատյանը:
18-20-րդ դարերում թեեւ Հայաստանում քարտեզագրությունը մեծ զարգացում է
ապրել, սակայն քարտեզների բուն տպագրությունն իրականացվել է Հայաստանից
դուրս: Խորհրդային տարիներին գունավոր քարտեզների բարձրորակ մասնագիտացված
տպարան գործել է միայն Բելառուսի Մինսկ քաղաքում: Վերջին տարիներին հայ
տպագրիչները հասան նաեւ այն մակարդակին, որ այժմ մեզանում եւս տպագրվում
են գունավոր բարձրորակ քարտեզներ: «Այս գիրքը մեծ ձեռքբերում կարելի է
համարել նաեւ պոլիգրաֆիական առումով»,- հավելում է Ս.Արեւշատյանը:
Ի դեպ, գիրքը հրատարակվել է անգլերեն եւ հայերեն-ռուսերեն տարբերակով:
Գրախանութներում այն արդեն վաճառվում է. անգլերեն հրատարակությունը`
35.000, հայերեն-ռուսերեն հրատարակությունը` 21.000 դրամով: