Կրկնել է նախապայմանները

29/06/2010

Կանադայում կայացած «Մեծ քսանյակի» գագաթաժողովի շրջանակում հանդիպել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը: Թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ, 1 ժամ 15 րոպե տեւած հանդիպման ընթացքում Օբաման եւ Էրդողանը հիմնականում քննարկել են Քրդստանի բանվորական կուսակցության (PKK), Իրանի միջուկային խնդրի, ինչպես նաեւ՝ «Ազատության տորմիղի» եւ իսրայելական բանակի զինվորների միջեւ տեղի ունեցած միջադեպը: Սակայն «Hurriyet»-ը, վկայակոչելով սեփական անանուն աղբյուրները, գրում է, որ մոտ 1 ժամ 30 րոպե տեւած Օբամա-Էրդողան հանդիպման ընթացքում, բացի նշված հարցերից, քննարկվել են նաեւ ինչպես հայ-թուրքական հարաբերությունները, այնպես էլ ղարաբաղյան հիմնախնդիրը: Թուրքիայի վարչապետ Ռ. Էրդողանը, ընդգծելով, որ առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավոր չի լինելու առաջընթաց ապահովել Հայաստան-Թուրքիա մերձեցման գործընթացում, հայտարարել է. «Հակառակ այն բանին, որ մինչեւ օրս չենք ստացել 2005թ. արված պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու առաջարկության պատասխանը, մենք վճռական ենք հարաբերությունների կարգավորման հարցում: Մյուս կողմից՝ պետք է հասկանալ, որ եթե առաջընթաց չգրանցվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, հնարավոր չի լինելու առաջ տանել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը»: Նշենք, որ ըստ ԶԼՄ-ների, Ռ. Էրդողանը Բ. Օբամայի հետ հանդիպելու համար ստիպված է եղել սպասել 1 ժամ: CNNTurk-ի փոխանցմամբ` հանդիպումը սկսվել է նախատեսվածից 1 ժամ ուշ, քանի որ Իբաման այդ պահին հեռուստացույցով հետեւելիս է եղել ԱՄՆ-Գանա ֆուտբոլային խաղին, որը, ինչպես հայտնի է, ավարտվեց ԱՄՆ-ի պարտությամբ: