Պարզվում է՝ Հայաստանի տնտեսության 8.8% աճի ցուցանիշը պայմանավորված է ամեն ինչով, բացի նախորդ տարվա աղետալի ցուցանիշներից։ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի խորհրդի 16-րդ նիստում բացման խոսքով հանդես գալով՝ Տիգրան Սարգսյանը նշեց, որ արձանագրված 8,8 տոկոս տնտեսական աճը պայմանավորված է երեք գործոնով:
Այսպես, ըստ վարչապետի, առաջին գործոնը համաշխարհային տնտեսության վերականգնումն է, ինչին զուգահեռ՝ վերականգնվում են ՀՀ տնտեսության բոլոր ոլորտները։ «Գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է 1 տոկոս աճ, շինարարության ոլորտում` շուրջ 12 տոկոս աճ։ Նկատվում է գործազրկության նվազում եւ աշխատավարձի աճի միտումների պահպանում մասնավոր եւ պետական հատվածներում»,- նշվում է հաղորդագրության մեջ։
«Որպես երկրորդ կարեւոր գործոն` կառավարության ղեկավարն առանձնացրել է ՀՀ կառավարության ընդլայնողական քաղաքականության արդյունքում իրականացված հակաճգնաժամային միջոցառումները` նպատակաուղղված փոքր եւ միջին բիզնեսի համար բարենպաստ միջավայրի ձեւավորմանը, մասնավորապես՝ օրենսդրական փոփոխություններ, հարկային հաշվետվությունների կրճատում ու հարկային արտոնությունների ավելացում, հաստատագրված վճարների ինստիտուտի եւ պարզեցված հաշվապահական հաշվառման կանոնների ներդրում: Կարեւորվել են նաեւ վարկային միջոցներով ճանապարհաշինության, ոռոգման եւ խմելու ջրի ոլորտներում իրականացված աշխատանքները»:
Երրորդ գործոնը, ըստ վարչապետի, ՀՀ Կենտրոնական բանկի իրականացրած դրամավարկային քաղաքականության արդյունքում նկատվող փոխարժեքի կայունացումն է, որը դրական է ազդում գների մակարդակի վրա:
Բավականին հետաքրքիր մոտեցում է։ Սկսենք թերեւս վերջինից՝ փոխարժեքից։ Մենք էլ մտածում էինք՝ ինչո՞ւ է դրամն արժեւորվում։ Պարզվում է՝ դա անում է Կենտրոնական բանկը։ Իհարկե, մենք այն անվանում ենք դրամի արժեւորում, իսկ վարչապետը՝ փոխարժեքի կայունացում, սակայն երեւույթի էությունը դրանից չի փոխվում։ Ավելին, վարչապետն իր ելույթում տվել է նաեւ այն հարցի պատասխանը, թե ինչո՞ւ է դա արվում։ Գներն իջեցնելու համար։ Այն, որ գների հարցում մենք իրոք խնդիր ունենք՝ ակնհայտ է. գնաճի առումով մենք ԱՊՀ երկրների շարքում զբաղեցնում ենք պատվավոր երկրորդ տեղը՝ մեզնից առաջ թողնելով միայն Մոլդովային։ Իսկ գնաճի դեմն առնելու համար կառավարությունը ոչ թե փորձում է իրական քայլեր անել՝ օրինակ, լուրջ պայքար մղել օլիգոպոլիաների դեմ, այլեւ գնում է փորձված ու հեշտ ճանապարհով՝ դրամի արժեւորման։ Այսինքն՝ դրամի արժեւորումը բերելու է ներմուծվող ապրանքների գների իջեցման։ Հիշո՞ւմ եք ժամանակին մեր իշխանությունների առաջարկած երկընտրանքը՝ կամ փոխարժեք, կամ գնաճ։ Հիմա դա կրկնվում է։ Կամ պետք է համակերպվենք, որ դրամն արժեւորվելու է՝ վնասելով տեղական արտադրողին, կամ էլ պետք է չդժգոհենք, եթե գները թռիչքաձեւ աճեն։ Չնայած՝ մեզ հարցնող էլ չկա, եւ ընտրությունն արդեն իսկ կանգ է առել փոխարժեքի վրա։ «Արդեն մտնում ենք դեֆլյացիոն փուլ. մոտակա երկու ամիսներին կունենանք դեֆլյացիա, եւ տարեկան կտրվածքով 5-6 տոկոսը իրատեսական ցուցանիշ կլինի»,- ասել է Տ. Սարգսյանը, ում խոսքերից կարելի է ենթադրել, որ դրամը կշարունակի արժեւորվել։
Ի դեպ, դրա նշաններն արդեն երեւում են. երեկ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում իրականացվել է 7.550.000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 367.97 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 368 դրամ։ Իսկ բանկերը ԱՄՆ 1 դոլարը գնում էին 365-366 դրամով, վաճառում 369-370 դրամով։
Վարչապետը փաստել է նաեւ գործազրկության նվազման մասին, սակայն պաշտոնական վիճակագրությունը այս տարվա հունվար-մայիսի համար (8.8% տնտեսական աճի պայմաններում) արձանագրել է գործազրկության 1.2% աճ։
Եվ վերջապես, խոսելով տնտեսության տարբեր ճյուղերում արձանագրված աճի մասին, վարչապետը մեծ գոհունակությամբ շեշտել է շինարարության ոլորտում արձանագրված 12% աճի մասին։ Այս անգամ, փոխարենը, խոսք չի եղել տնտեսության դիվերսիֆիկացիայի, շինարարության տեսակարար կշռի փոքրացման եւ ճգնաժամի մյուս դասերի մասին։ Դատելով այս ամենից, կարելի է ասել, որ մենք սկսում ենք զրոյից՝ այսինքն՝ գնում ենք այն նույն ճանապարհով, որը մեր տնտեսությունը դարձրեց այնպիսին, ինչպիսին այն այսօր կա։
Նշենք, որ վարչապետը իր բոլոր ելույթների տեքստերը տեղադրում է իր ինտերնետային բլոգում՝ ակնկալելով լսել մեկնաբանություններ ու քննարկում։ «Եթե հետեւել եք իմ հրապարակային գործունեությանը, բլոգում տեղ գտնող քննարկումներին ու հնչեցված առաջարկություններին բազմիցս անդրադառնում եմ: Ես ուրախ եմ, որ իմ բլոգում ձեւավորվել է մտածող մարդկանց մի յուրատեսակ համայնք, եթե կարելի է այդպես անվանել` արտահաստիքային խորհրդականների մի մեծ խումբ, ում ես շնորհակալ եմ կարծիքների համար»,- մի առիթով գրել է վարչապետը՝ խոսելով Եվրոպայի ու եվրոպական կառույցների հետ հարաբերությունների խորացման մասին։
Ազգային մրցունակության հիմնադրամի խորհրդի նիստում իր ելույթը վարչապետը դեռ բլոգում չի տեղադրել։ Սակայն վերը նշված գրառմանը բլոգի այցելուներից մեկը պատասխան է տվել, որը վերաբերում է ընդհանրապես «արտահաստիքային խորհրդականների» դերին՝ պետական քաղաքականության մեջ, այդ թվում՝ տնտեսական քաղաքականության։ «Պրն վարչապետ, Իզուր լապշա մի կախեք ժողովրդի ականջին՝ ասելով, որ «իմ բլոգում ձեւավորվել է մտածող մարդկանց մի յուրատեսակ համայնք, եթե կարելի է այդպես անվանել` արտահաստիքային խորհրդականների մի մեծ խումբ, ում ես շնորհակալ եմ կարծիքների համար», քանի որ ակնհայտ է, որ ձեր իրական խորհրդատուները միջազգային արժույթի հիմնադրամի` IMF եւ Համաշխարհային բանկի՝ WB վաշխառուներն են, որոնք նստած մեր հայրենիքում ամեն օր եղանակի տեսության պես հայտնում են տնտեսությունում տեղի ունեցող իրադարձությունները եւ ուղիղ հրահանգներ տալիս, թե ինչ անել»։ Սա ասում ենք ոչ թե մենք, այլ այն մարդիկ, ում հետ անմիջական շփվելու համար (առանց մամուլի միջնորդության) բացվել էր այս բլոգը։