Հաջորդը` Ռուսաստանո՞ւմ

29/06/2010

«Մեծ քսանյակի» երկրները Տորոնտոյում G20-ի գագաթաժողովի ամփոփիչ կոմյունիկե են ընդունել: Գագաթաժողովի հիմնական թեմաներն են եղել համաշխարհային տնտեսական ճգնաժամի դեմ պայքարն ու ֆինանսական կարգավորումը: G20-ի անդամ երկրները պայմանավորվել են մինչեւ 2013թ. կրկնակի կրճատել իրենց երկրների բյուջեների դեֆիցիտը, իսկ 2016-ին հասնել պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցության կայուն նվազման: G20-ի առաջնորդները խոստացել են վավերացնել պայմանավորվածությունները Արժույթի միջազգային հիմնադրամում (ԱՄՀ) քվոտաներին եւ ձայներին առնչվող բարեփոխումների վերաբերյալ: Նրանք նաեւ հավանություն են տվել նմանատիպ բարեփոխումներին ՀԲ-ում: «Մենք հավանություն ենք տվել մի շարք կարեւոր բարեփոխումների, որոնք համաձայնեցված են ՀԲ-ի բաժնետերերի հետ, որոնց արդյունքում 4,59 տոկոսով կմեծանա զարգացող եւ անցումային երկրների ձայների քանակը: Մենք ընդգծում ենք մեր վճռականությունը՝ ապահովել 2008թ. ԱՄՀ-ում քվոտաներին եւ ձայներին առնչվող բարեփոխումների վավերացումը եւ Պարտավորությունների մասին նոր համաձայնագրի ընդլայնումը»,- ասված է G20-ի կոմյունիկեում: Միաժամանակ G20-ի երկրներին չի հաջողվել համաձայնվել ֆինանսական հատվածում միասնական հարկ կիրառելու շուրջ: Կոմյունիկեում նշվում է, որ երկրներից յուրաքանչյուրը ինքնուրույն կարող է որոշել նման հարկատեսակ կիրառելու խնդիրը: Ընդհանուր առմամբ, G20-ի ղեկավարները ամփոփիչ կոմյունիկեում նշել են, որ 2008-ից սկսած համաշխարհային տնտեսական ճգնաժամի դեմ պայքարի ջանքերը տվել են իրենց արդյունքները: Սակայն, նշվել է նաեւ, որ թեեւ համաշխարհային տնտեսության աճի նշաններ կան, սակայն մի շարք երկրներում պահպանվում է գործազրկության անթույլատրելի բարձր մակարդակ, եւ ճգնաժամի սոցիալական հետեւանքները նկատելի են: Նշենք, որ ՌԴ-ն առաջարկել է 2013-ին G20-ի գագաթաժողովն անցկացնել ՌԴ-ում: Բացի ՌԴ-ից, նման հավակնություններ ունի նաեւ Թուրքիան: Նշենք նաեւ, որ G20-ի որեւէ հանդիպում ՌԴ տարածքում տեղի չի ունեցել: