Եթե ամբողջ աշխարհում մարդիկ անտառին առանձնակի խնամքով են վերաբերվում, ապա մեզանում այն շարունակում է մնալ իբրեւ բնափայտի աղբյուր ու «լավ քեֆ» անելու տեղ:
Օրեր առաջ «Ինտերնյուս» մամուլի աջակցության հասարակական կազմակերպության գրասենյակում Հայաստանում ENPI FlEG ծրագիրը «Հայաստանում անտառային ոլորտը» թեմայով սեմինարներ էր կազմակերպել: Երկօրյա սեմինարին հետեւեցին մեդիա-շրջայցերը դեպի Տավուշի մարզ: Անտառային ոլորտի գերատեսչական մարմիններն ամեն կերպ փորձում էին ծածկել ապօրինի անտառահատման դեպքերը: Ավելին, այդ գործին լծվել էին անգամ տեղի բնապահպանները, ինչպես, օրինակ, Դիլիջանի «Օրհուս» բնապահպանական կենտրոնի համակարգող Արարատ Ալիխանյանը: Վերջինս փորձում էր հավաստիացնել, որ Տավուշում որեւէ ապօրինի անտառահատում չի կատարվել, եւ որ 1990-ականների համեմատ իրավիճակը կտրուկ փոխվել է: «Բայց այսօր արդեն անտառների կառավարման համակարգը լրիվ այլ է եւ տարբերվում է նախկին տարիների իրավիճակից, քանի որ վերահսկողությունը գտնվում է այլ հիմքերի վրա»,- ասաց Ա. Ալիխանյանը` ավելացնելով, թե մինչ օրս ապօրինի հատումների մասին բնակիչներից ահազանգեր չի ստացել: «Պարկի տարածքը մեծ է, եւ եթե հատումներ են լինում, պարկի տնօրենը զգուշացնում է, որ դրանք լրիվ սանիտարական հատումներ են, այսինքն` դրանք գտնվում են լրիվ օրինական դաշտում: Մենք այդպիսի գործնական գործընթաց չենք իրականացրել, որ գնանք-տեսնենք` որտե՞ղ են կատարվում ապօրինի ծառահատումներ: Բնակիչների կողմից էլ մենք ահազանգ չենք ստացել»,- ասում էր «Օրհուս» բնապահպանական կենտրոնի համակարգողը` նշելով, որ ապօրինի ծառահատումների հետքերով գնալն իրենց գործառույթի մեջ չի մտնում: Եթե այսպիսի պատասխան է տալիս քաղաքի բնապահպանական խնդիրներով զբաղվող կենտրոնը, ապա լիովին պարզ է «Դիլիջան» ազգային պարկի տնօրինության դիրքորոշումը: «Հատումների վերաբերյալ մենք ունենք տվյալներ 2000թ.-ից սկսած: Նախկին տվյալները չեն պահպանվել: Հատումների քանակը մեզ մոտ նվազել է, բայց օր օրի վախ ա առաջանում մեզ մոտ, որ գազի գնի թանկացումը կավելացնի ապօրինի հատումների թիվը»,- նկատում է «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Աշոտ Դավթյանը: Ըստ նրա` նախորդ տարի ապօրինի հատումների 37 ակտ է գրանցվել, որոնք մեծամասամբ կատարել էին տեղացիները: «Արդեն 2-3 տարի է` հատատեղերի գնորդներ չունենք: Վառելափայտի գնորդ ունենք, բայց արտադրական նպատակով գնորդ չունենք: Պատճառն այն է, որ շինարարությունները պակասել են, մարդիկ ավելի շատ եվրոդռներ են դնում, պարկետի փոխարեն էլ` լամինատ»,- ընդգծեց Ա. Դավթյանը: Իսկ հարցին, թե ինչպե՞ս են որոշում տվյալ տարածքի սանիտարական հատումների թիվը, «Դիլիջան» ազգային պարկի տնօրենը պատասխանեց. «Դա մենք չենք որոշում: Կառավարության կողմից մեզ տրվել են քառակուսիներով սահմանված տեղեր, թե որտեղ են գերհասուն եւ հիվանդ ծառերը: Մենք միայն կատարում ենք Կառավարության որոշումը: Մենք որոշելու իրավունք չունենք: Հանրապետության ամենասակավ ապօրինի հատումները «Դիլիջան» ազգային պարկում են: Մենք ոչ մեկին չենք խնայում: Ով հատում է, նրան անմիջապես ակտավորում ենք»: Մյուս հարցին, թե քանի՞ բիզնեսմենի են ակտավորել, եւ ՀՀ իշխանություններից ովքե՞ր են պարկում տարածքներ վարձակալել, Ա. Դավթյանը պատասխանեց. «Ինչքան ակտ կա, հիմնականում բիզնեսմեններն են, իսկ վարձակալների անունների համար կարող եք հետաքրքրվել Կադաստրում»: Այնինչ, Իջեւանի անտառատնտեսության աշխատակիցներն ամեն կերպ փորձում էին վստահեցնել, որ անտառագողերը գյուղացիներն են: «Անտառահատումներով զբաղվում են միայն գյուղացիները` էն էլ վառելիքի նպատակով: Բիզնեսմենը ի՞նչ գործ ունի էս անտառում»,- ասում էր Վազաշենի անտառապետ Գեղամ Քոքոբելյանը: Ի դեպ, նշենք, որ որոշ աղբյուրների համաձայն, Վազաշեն գյուղին պատկանող պանսիոնատը սեփականաշնորհվել է ՀՀ նախագահի եղբայր, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանի կողմից, ով, բնականաբար, այն գրանցել է ոչ իր անունով: 1980-ականներին կառուցված պանսիոնատը գտնվում է Վազաշենի անտառի, այսպես ասած` սրտում` ունի հսկա մարզադաշտ, լողավազան: Հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ այն ավերվեց:
Ցավալին այն է, որ անտառի թվացյալ պաշտպանները` անտապահներն ու նրանց պետերը, պատրաստ են կոծկել օլիգարխիկ համակարգի կողմից կատարված անտառահատման բոլոր դեպքերը, սակայն կազմ-պատրաստ են ներկայացնելու խեղճ գյուղացիների անուններ, ովքեր «հանդգնություն» են ունեցել մտնել անտառ ու ապօրինի ծառ կտրել: Ավելին, գյուղացիները անտառից թափուկներ հավաքելու համար պետք է ունենան համապատասխան փաստաթուղթ, որի համար վճարում են 1200 դրամ: Հարց է ծագում, եթե գյուղացին անտառ մտնում է օրինավոր կերպով եւ զուտ թափուկներ հավաքելու նպատակով, ապա ինչպե՞ս է հեկտարներով անտառը ոչնչացվում: «Դե անխիղճ մարդիկ կան, որ գալիս են ու ծառեր են կտրում»,- նկատեց Գ. Քոքոբելյանը` ավելացնելով, որ իր կողմից վերահսկվող անտառում ապօրինի հատումները կարելի է մատների վրա հաշվել: «Անտառից տարվում են միայն թափուկները»,- շարունակեց Իջեւանի անտառտնտեսության գլխավոր անտառապետ Վարդան Առուստամյանը: Իսկ հարցին, թե ինչո՞ւ են «սանիտարական հատումների» անվան տակ շատերը զբաղվում առողջ ծառերի «մորթով», Վ. Առուստամյանը պատասխանեց, թե առողջ ծառը երբեւիցե չի կարող ենթարկվել սանիտարական հատման, եւ դա սխալ տեղեկատվություն է: «Դե մեքենաներով տանում են, ո՞վ չգիտի»,- միանշանակ ասացին Տավուշի մարզի բնակիչները` մի տեսակ վախվորած ու հուսահատ: «Էսօր մեր խնդիրը դաժե էդ անտառները չեն, տո ինչ ուզում են անեն, մենակ թե սողանքների մասին մտածեն: Ամբողջ մի թաղամաս ա գտնվում էդ գոտում: Վախով ենք ապրում»,- վրդովված նշեց դիլիջանցի կանանցից մեկը: «Անտառների կորուստը բազմաթիվ խնդիրներ է առաջացնում, որոնք ուղղակիորեն ազդում են Հայաստանի տնտեսական ու սոցիալական բարեկեցության վրա: Այդ խնդիրներից են` հողերի վտանգավոր չափերի հասնող էրոզիան, սելավներն ու սողանքները, կլիմայի փոփոխությունը, որը բերում է ջրային պաշարների կորստի, անապատացման եւ էքստրեմալ եղանակի, հողերի բերրիության անկումը, բերքատվության նվազումը, եւ այլն»,- նշեց «Հայաստանի անտառներ» հ/կ-ի նախագահ Նազելի Վարդանյանը: Ըստ նրա` թեեւ Հայաստանում անտառահատումների մեծ ծավալները գրանցվել են 1992-95թթ. էներգետիկ ճգնաժամի տարիներին, սակայն այսօր էլ հատումները եւ անտառածածկ տարածքների կրճատումը շարունակվում է` հասնելով մտահոգիչ ծավալների: «Համաշխարհային բանկի հաշվարկների համաձայն` եթե հատումները շարունակվեն այս ծավալներով, ապա 20 տարի անց Հայաստանում անտառները կվերանան»,- շարունակեց Ն. Վարդանյանը, ում ներկայացրած անտառային տեղեկագրի համաձայն` Հայաստանում անտառահատումները շարունակվում են էժան վառելիքի մեծ պահանջարկի եւ անտառային անկատար օրենսդրության պատճառով: Այլ վտանգներից են համարվում նաեւ առավել թանկարժեք ծառատեսակների ապօրինի հատումը կոմերցիոն նպատակներով, ինչպիսիք են շինարարությունը, կահույքի արտադրությունը եւ արտահանումը: Ըստ Ն. Վարդանյանի` անտառահատումները հիմնականում կատարվում են 3 ճանապարհով` թույլատրված հատումներ, անօրինական հատումներ բիզնեսի համար եւ հատումներ անհատների կողմից: