Ինքնասպանության թեման Ալբեր Քամյուն համարում էր փիլիսոփայության միակ լուրջ խնդիրը: Այսինքն` կարեւորը սա է` որոշել` կյանքն արժե՞ նրան, որ այն ապրես, թե՞ ոչ: Տալ այս հարցի պատասխանը, նշանակում է՝ պատասխանել փիլիսոփայության ֆունդամենտալ հարցին:
Իրո՛ք, կյանքը հնարավորինս մանրամասն եւ երկար ապրելու համար մեզնից յուրաքանչյուրը դիմում է հնարավոր բոլոր միջոցներին: Եվ կյանքն ապրելու համար հրաժարվում է կարեւոր բաներից: Օրինակ` ամենահայտնին Գալիլեո Գալիլեյի դեպքն է, որին անդրադարձել են շատ գրողներ, սցենարիստներ: Գալիլեյն իր ողջ կյանքը նվիրեց գիտությանը, սակայն այնքան ժամանակ, քանի դեռ այդ նվիրումը չէր սպառնում իր կյանքին: Այսինքն` իր առջեւ դրված չէր գիտությամբ զբաղվելու, ճշմարտությունը պաշտպանելու եւ խարույկի վրա այրվելու ընտրությունը: Գալիլեյն ընտրեց կյանքը: Ի տարբերություն Ջորդանո Բրունոյի, ով չհրաժարվեց իր գաղափարներից եւ խարույկ բարձրացավ: Ըստ ավանդության` Սոկրատեսը եւս այդպես վարվեց. հրաժարվեց ապրելու` ի վերուստ իրեն ընձեռված իրավունքից ու նախընտրեց ինքնասպան լինելու ազատությունը: Սակայն պատմական իրադարձությունների, համաշխարհային մասշտաբի դեմքերի կենսագրությունները մեջբերելն այս դեպքում տեղին չէ:
Հայաստանյան իրականությունն այնպիսին է, որ ոստիկանական ամփոփագրերում հաճախակիացել են ինքնասպանության դեպքերը: Կյանքին հրաժեշտ տալու Ջորդանո Բրունոյի մոտիվացիան մեզնից ոչ մեկին չի սպառնում: Սակայն մեր երկրում, ինչպես հայտնի է, կան կյանքին առանց խոր ափսոսանքի հրաժեշտ տալու բոլոր նախադրյալները: Եվ որ, ի տարբերություն իրենց կյանքին վերջ տված հանճարեղ մարդկանց, ինքնասպանությամբ կյանքին վերջ տալն ազատ ընտրություն կամ ազատության ցուցադրություն չէ, այլ կյանքից (այլ կերպ ասած` Հայաստանից) վաղաժամ, րոպե առաջ փախչելու հնարավորություն:
Վերջ տալ կյանքին, նշանակում է՝ խոստովանել ինքդ քեզ, որ կյանքը վերջացած է, անիմաստ է, անհասկանալի: Որ դու այլեւս անզոր ես ինչ-որ ձեւով ազդել սեփական կյանքի` այդքան անուրախ ընթացքի վրա:
Երկա՞ր են մտածում մարդիկ ինքնասպանությունից առաջ, թե՞ դա վայրկյանական որոշում է: Մտածո՞ւմ են նրանք, որ դժոխքի վերջին` իններորդ պարույրում ոչ թե երկրի նախագահները, օլիգարխները, հանցագործներն են, այլ ինքնասպանություն գործած մարդիկ: Դժվար է ասել: Սակայն ինքնասպանությունների մասին լրատվությունը ոչ միայն ոստիկանական ամփոփագրերում է, այլեւ լրատվական գործակալությունների առաջին տողերում: Ընդ որում, վիճակագրությունը պնդում է, որ Հայաստանում ինքնասպան են լինում 35-ից բարձր տարիքի տղամարդիկ: Նետվում են կամրջից կամ ընտրում պարանը: Հասուն տարիքում կանայք հազվադեպ են ինքնասպան լինում: Իսկ եթե կյանքից կամավոր զրկվում են, ապա՝ 70-ից հետո:
Տղամարդիկ` ըստ էության, անզորությունից, ընտանիքը պահելու ձախողված փորձերից հետո են վերջ տալիս կյանքին: Առաջացած տարիքի կանայք` հարազատներին բեռ չդառնալու մտավախությունից: Վերջերս հեռուստատեսությամբ ռեպորտաժ էր թշվառության մեջ ապրող հերթական ընտանիքի մասին. տարեց մայրը, աղջիկն ու հարսը` իրենց բազում երեխաներով, ամուսիններով, բնակվում էին մի փոքրիկ սենյակում: Ընդ որում, նախանձելի համառությամբ հաջողացնում էին երեխաներ ունենալ: Ընտանիքի մայրը` տարեց մի կին, խոստովանեց, որ ինքն ամեն օր մտածում է ինքնասպանության մասին: Բայց ոչ թե կյանքին վերջ տալու համար, այլ՝ որ իրենից հետո յուրաքանչյուրին բաժին ընկնող քառակուսի սանտիմետրը ավելանա, եւ, որ աթոռների վրա քնող թոռնիկները կզբաղեցնեն իր անկողինը: Քիչ չեն նաեւ երիտասարդ Վերթերի սինդրոմով կյանքին վերջ տվող պատանիները. անպատասխան սեր, սեփական անձի վրա ուշադրություն բեւեռելու` կյանքի գնով ձեռք բերված հնարավորություն: Օրերս, համաձայն ոստիկանական ամփոփագրի, ինքնասպան էր եղել նաեւ 1990 թ.-ին ծնված մի աղջնակ` Սաթենիկ Կ-ն: Վերցրել էր մորը պատկանող հրացանն ու կրակել իր ուղղությամբ: Հոգեբան Խաչատուր Գասպարյանը պնդում է, որ Հայաստանում վերջին տարիներին ինքնասպանությունների թիվը չի ավելացել, որ եվրոպական զարգացած երկրներում մարդիկ ավելի հաճախ են վերջ տալիս կյանքին: Սակայն խնդիրը մոտիվացիան է:
Հայաստանում ներքաղաքական ճգնաժամը, անարդարության, անզորության ահագնացող զգացողությունները, քո խնդրի հետ մեն-մենակ մնալու վախը ապատիա են առաջացնում: Ինչպես յուրաքանչյուր ընտրությունից հետո արտագաղթողները շատանում են, այնպես էլ տնտեսական անկման յուրաքանչյուր տոկոսի հետ ավելանում է ինքնասպանությունների թիվը: Սոցիալական համակարգը խարխուլ է (այս մասին առավել մանրամասն կարող է պատմել արդեն նախկին սոցապ նախարար Մխիթար Մնացականյանը): Կոռումպացված են անգամ այն չինովնիկները, ովքեր պատասխանատու են թշվառության մեջ ապրող մարդկանց սոցիալական ծրագրերում ներգրավելու համար: Սեփական անձի ցածր ինքնագնահատականը, որն առաջանում է քաղցած երեխաներիդ աչքերին նայելիս, բերում է գիտակցության` դու անպետք ես: Բեռ ես ինքդ քո եւ հարազատներիդ ուսերին: Իսկ այս գիտակցությամբ երկար չես գնա: Մինչեւ առաջին պատահած կամուրջ: Կամրջից նետվելուց հետո, թող ներեն ինքնասպանություն գործած մարդիկ, արդեն ակնկալիքներ կան. ճիշտ է, հետմահու, սակայն քո անձը հասարակության ուշադրությունը կբեւեռի վրադ: Թող որ՝ շատ կարճ ժամանակով: Քո մասին կխոսեն, գուցե խղճի խայթ զգան նրանք, ում պատճառով ընտրությունդ եղել է ոչ թե հօգուտ կյանքի, այլ հակառակը: Սակայն սրանք սենտիմենտալ դատողություններ են: Հասարակությունն առանձնապես էներգիա եւ տրամադրություն չունի ուրիշ մեկով հետաքրքրվելու, հատկապես, եթե այդ մեկը չի կարող պատասխանել անգամ իրեն հասցված ապտակին: Այն պատճառով, որ ողջ չէ: Իսկ մահվան մասին ամեն ինչ, կարծես, ասված է: Եվ քաղաքավարությունը պահանջում է այս թեմայով խոսելիս` պահել պաթետիկ տոնը: Սակայն մեզ ավելի հեշտ է ապրել այնպես, կարծես մահվան մասին ոչինչ չգիտենք կամ չենք ցանկանում իմանալ: Հետեւաբար, առանձին վերցրած մարդը` իր կյանքով, իր գոյությամբ, հետաքրքրություն չի ներկայացնում:
Մի մարդ` կամրջից այսկողմ, մի մարդ` այնկողմ… Մեկ տող` ոստիկանական ամփոփագրում: