Հայցերը քննում են կամայականությամբ

29/06/2010 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Փաստաբան Տիգրան Հայրապետյանը շուտով ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի, մասնավորապես՝ իրավահարաբերությունները կարգավորող դրույթների վերաբերյալ բողոքով դիմելու է Եվրոպական դատարան:

Բանն այն է, որ 2008թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած Վարչական դատավարության օրենսգիրքը, որի հեղինակ են գերմանացի, ինչպես նաեւ՝ մի խումբ հայ մասնագետներ, թյուրիմացության մեջ է գցել ոչ միայն փաստաբաններին եւ ՀՀ Վարչական դատարան դիմող հազարավոր քաղաքացիներին, այլեւ` հենց իրենց՝ Վարչական դատարանի դատավորներին: Բացի օրենսգրքում զետեղված վիճելի դրույթներից, Վարչական դատարանում քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբանները դժգոհում են դատաիրավահարաբերությունների ձեռնարկների բացակայությունից, որի պատճառով հայցերը քննելիս դատարան-փաստաբան-քաղաքացի իրավահարաբերությունում չի գործում իրավական որոշակիության սկզբունքը: Այլ կերպ ասած` հայցերը քննվում են Վարչական դատավարության օրենսգրքի դրույթների սուբյեկտիվ մեկնաբանությամբ կամ տրամաբանությամբ, քանի որ օրենքները թերի ու խճճված են: «Վարչական դատարանի դատավորներն էլ են հայտնվել մոլորության մեջ, որովհետեւ իրենք նույնպես չեն կարողանում հայցերը քննելիս իրավահարաբերությունը մեկնաբանել օրենքներով: Իրենք էլ չէին կարողանում պաշտպանել իրենց մեկնաբանություններն օրենքով: Օրենքը թույլ է տալիս հայցի ընթացքը հարմարեցնել կամայականությանը: Երբ Վարչական դատարանը վճիռ է արձակում, անգամ դատավորները չեն կարողանում, ասենք, հայցի մերժումը հիմնավորել, պատճառաբանել օրենքներով, որովհետեւ Օրենսգիրքը բոլորին գցել է շփոթության մեջ: Այս Օրենսգիրքը թույլ է տալիս գործերը քննել կամայական սկզբունքով: Ընդ որում` նույն հայցը տարբեր դատավորների վարույթներում գտնվելիս իրարից բոլորովին տարբեր ընթացք է ստանում, եւ միանգամայն տարբեր վճիռներ են արձակվում»,- վստահեցնում է Տ. Հայրապետյանը` ձեռքի տակ ունենալով այնպիսի վճիռներ, ըստ որոնց` հայցի մերժումը կամ ընթացքը օրենքով հիմնավորված չէ: 2007թ. դեկտեմբեր ամսին ընդունված եւ 2008-ից ուժի մեջ մտած Վարչական դատավարության օրենսգիրքը, պարզվում է, անգամ հասու չի եղել փաստաբաններին եւ իրավաբաններին, քանի որ այն ի սկզբանե տպագրվել է 400 օրինակից, որը բաշխվել է միայն պաշտոնատար անձանց: Հետեւաբար Հայաստանում գործող 4000-5000 փաստաբաններ, իրավաբաններ նույնիսկ հնարավորություն չեն ունեցել ծանոթանալու այդ Օրենսգրքի հետ, քանի որ այն միայն վերջերս է տեղադրվել ինտերնետային վեբ-կայքում: «Քաղաքացիական եւ տնտեսական դատարաններում շատ գործեր ունեինք, որոնց ճակատագրի մասին անգամ մենք չգիտեինք, որովհետեւ շատ գործեր արդեն ուղարկում էին ՀՀ Վարչական դատարան: Օրենսգրքի փոփոխությունների մասին անտեղյակությունից շատ հայցեր մենք չհասցրեցինք ներկայացնել Վարչական դատարան, որովհետեւ նախատեսված կարճ ժամկետները սահմանափակեցին քաղաքացու իրավունքը: Այնպիսի իրավիճակ էր, որ բոլորը լսել էին Վարչական դատարանի, Վարչական դատաիրավական օրենսգրքի մասին, բայց պաշտոնական տեղեկատվությունը բացակայում էր»,- ասում է Տ. Հայրապետյանը: Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի` ՀՀ Վարչական դատարան կարող են ներկայացնել չորս տիպի` վիճարկման, պարտավորեցման, գործողությունների կատարման եւ ճանաչման հայցեր, որոնք նախկինում ընդունվում էին քաղաքացիական դատարաններում: Եթե վիճարկման եւ պարտավորեցման հայցերով օրենսգիրքը թույլ է տալիս վարչական մարմինների կողմից քաղաքացու իրավունքը խախտելուց հետո 1-2 ամսվա ընթացքում դիմել դատարան, ապա ճանաչման հայցով Օրենսգիրքը քաղաքացու համար ժամանակ չի սահմանել, ասել է թե` հայցը կարելի է ներկայացնել անկախ ժամկետներից: Ընդ որում` հարյուրավոր քաղաքացիներ տեղեկատվության բացակայության պայմաններում չեն հասցրել վիճարկման եւ պարտավորեցման իրավունքի խախտման հայցերը ներկայացնել համապատասխան ժամկետներում եւ զրկվել են ՀՀ Վարչական դատարանում իրավունքը վիճարկելու հնարավորությունից: Այս հանգամանքը հետաքրքիր է նրանով, որ պաշտոնական մարմինները ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո չեն փորձել գոնե ԶԼՄ-ների միջոցով հանրությանն իրազեկել կոնկրետ սեղմ ժամկետներում հայցերը դատարան ներկայացնելու մասին տեղեկատվությունը: Այդուհանդերձ, մեծ թվով փաստաբաններ, իրավաբաններ համարում են, որ մեր արդարադատության համակարգը պատրաստ չէր 2008թ. ստեղծված ՀՀ Վարչական դատարանի գործունեությանը: «Իրականում ՀՀ Վարչական դատարանում լավ դատավորներ են հավաքված, բայց բոլորը թյուրիմացության մեջ են, փորձ չունեն, մասնագիտական պատրաստվածություն չունեն, չեն վերապատրաստվել: Հայաստանում վարչական իրավունք չի եղել, իսկ դատավորները, դատախազները, իրավաբանները փորձ չունեն: Իրենք դպրոցում, ինստիտուտում վարչական իրավունք չեն անցել, պրակտիկա չկա: Գոյություն չունեն Վարչական դատավարության օրենսգրքի մեկնաբանություններ: Եթե օրենքը գրել են` մենք ուզում ենք հասկանալ` այդ օրենքը որտե՞ղ է կիրառվում: Նոր դատարան են ստեղծել, նոր Օրենսգիրք են ընդունել, բայց ձեռնարկ չկա: Ես գործեր ունեմ, որ ճանաչման հայցը մի դատավորը մեկնաբանել է մի ձեւով, իսկ մյուսը` միանգամայն ուրիշ: Փաստաբաններն էլ չգիտեն, թե ո՞նց օգնեն քաղաքացիներին»,- վստահեցնում է Տ. Հայրապետյանը, ով պարզաբանումներ ստանալու համար պատրաստվում է հանդիպել այս Օրենսգրքի հեղինակներին: Այդուհանդերձ, ՀՀ Վարչական դատարանն այս Օրենսգրքով մարդկանց ճակատագրերն է որոշում: Եթե ՀՀ Քաղաքացիական դատարանը ճանաչման իրավունքների հետ կապված սահմանում է, որ քաղաքացին միշտ, անկախ վաղեմությունից, կարող է դիմել դատարան, ապա ՀՀ Վարչական դատարանը ներկայումս 2 ամիս ժամանակ է տալիս: Փաստաբաններից շատերը ստիպված փորձում են խորամանկ, զարտուղի ճանապարհներ գտնել հայցվորի իրավունքը պաշտպանելու համար. «Ստիպված հայցը մի քանի տարբեր ձեւակերպումներով ենք ներկայացնում: Միեւնույն պահանջը ձեւակերպում ենք, ասենք, երկու ձեւով. նման դեպքում դատավորը դժվարանում է մերժել, ընդունում է վարույթ: Մի գործով մենակ երկու նիստերի ժամանակ դատավորն ինձ հարցնում էր` ի՞նչ նկատի ունեք, ես էլ պատասխանում էի` քանի որ Օրենսգիրքը որոշակիություն չի սահմանել` ես էլ առաջնորդվել եմ օրենքով»:

Հակասահմանադրական օրենսգիրք

Այն, որ ՀՀ Վարչական դատավարության օրենսգիրքը մի շարք խնդիրներ է առաջացրել արդարադատության համակարգում եւ ՀՀ քաղաքացիներին գցել է թյուրիմացության մեջ` դեռ ոչինչ: Օրինակ` Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքն ուսումնասիրելիս ապշել կարելի է, քանի որ այն ոչ միայն հակասահմանադրական է, այլեւ` պարզվում է` մեր օրենքները դեռեւս գործում են` ծառայելով ԽՍՀՄ ռեժիմին: Օրենսգիրքը սահմանում է, որ` «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի խնդիրն է՝ պահպանել ԽՍՀՄ հասարակարգը, սոցիալիստական սեփականությունը, քաղաքացիների սոցիալ-տնտեսական, քաղաքական եւ անձնական իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաեւ՝ ձեռնարկությունների, հիմնարկների եւ կազմակերպությունների իրավունքներն ու օրինական շահերը, կառավարման սահմանված կարգը, պետական եւ հասարակական կարգը, ամրապնդել սոցիալիստական օրինականությունը, կանխել իրավախախտումները, քաղաքացիներին դաստիարակել ԽՍՀՄ սահմանադրությունը, ՀՀ սահմանադրությունը եւ խորհրդային օրենքները ճշտիվ եւ անշեղորեն պահպանելու, մյուս քաղաքացիների իրավունքները, պատիվն ու արժանապատվությունը, սոցիալիստական համակեցության կանոնները հարգելու, իրենց պարտականությունները բարեխղճորեն կատարելու ոգով, հասարակության հանդեպ պատասխանատվության ոգով»: Փաստորեն, այս Օրենսգրքով կասկածի տակ է դրվում Հայաստանի անկախության մասին հռչակագիրը, Հայաստանի պետականությունը, ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն լինելը: Հետեւաբար, եթե Օրենսգիրքը քաղաքացիներին ԽՍՀՄ սահմանադրությամբ դաստիարակելու ֆունկցիա է կատարում, ապա պետք է նկատել, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը ՀՀ Ազգային անվտանգությանը սպառնացող, հակասահմանադրական փաստաթուղթ է: Ավելին` ցանկացած օրենսգրքի սկզբունքն ամենակարեւոր հոդվածներն են, հետեւաբար Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի սկզբունքը ԽՍՀՄ կարգի պահպանումն է: Թեեւ այս Օրենսգիրքը տարիների ընթացքում պարբերաբար փոփոխության է ենթարկվում, սակայն սկզբունքը մնում է նույնը:

Ապտակ ՀՀ կառավարությանը

Երեւանի Արամի փողոցի թիվ 38 հասցեի նախկին բնակիչ Տիգրան Փիլոյանը (նրա խնդրին անդրադարձել ենք) դիմել է ՀՀ Վարչական դատարան, պահանջով` «Ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ կողմից 28 մլն 741 հազար 333 դրամ գումարով սեփականության իրավունքի դադարեցումը Արամի փողոց 38 տան նկատմամբ»: Հիշեցնենք, որ Տ. Փիլոյանի սեփականությունը պետական կարիքների համար հարկադրաբար դատարանի վճռով օտարվել է 2006թ., սակայն դատաքննության ժամանակ նրան տրամադրվելիք փոխհատուցման չափը քննության առարկա չի դարձվել: Վճիռն օրինական ուժ ստանալուց հետո` վճռի կատարման փուլում իրացնող կազմակերպությունը ԴԱՀԿ ծառայության միջոցով որոշել է տրամադրվելիք գումարի չափը եւ այդ գումարի դիմաց հարկադրաբար դադարեցրել է նրա սեփականության իրավունքը: Չնայած դատարանի վճռում նշված է, որ Տ. Փիլոյանի սեփականության իրավունքը պետք է դադարեցվի շուկայական գնով փոխհատուցում տրամադրելու միջոցով, սակայն նրան տրվել է շուկայականից եռապատիկ, քառապատիկ ցածր փոխհատուցում: Այսինքն` պետությունը նրան զրկել է սեփականությունից ոչ այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով եւ միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով: Տ. Փիլոյանը, դիմելով ՀՀ Վարչական դատարան, պահանջել է պետության գործողությունները դատական կարգով ոչ իրավաչափ ճանաչելու եւ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված` «նախնական համարժեք փոխհատուցում» իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջներով: 2010թ. հունիսի 21-ին ՀՀ Վարչական դատարանը դատավոր Արթուր Առաքելյանի նախագահությամբ վճիռ է արձակել, ըստ որի` «Տ. Փիլոյանի հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության եւ Երեւանի քաղաքապետի (երրորդ անձ` «Երեւանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ) պատասխանողի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու եւ իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջների մասին մերժել»: Տ. Փիլոյանը իրացման գոտու մի շարք բնակիչների օրինակին հետեւելով՝ շուտով կդիմի ՀՀ Վճռաբեկ, այնուհետեւ՝ Եվրոպական դատարան, որտեղ` «Վստահ եմ, որ բողոքս կբավարարվի եւ Հայաստանի Հանրապետությունը կրկին ամաչելու առիթ կունենա»: Տ. Փիլոյանի ներկայացուցիչ, փաստաբան Տ. Հայրապետյանն ասում է. «Հիմա մենք մարդ ենք փնտրում, որը մեզ պաշտոնական պարզաբանում կտա: Անշուշտ, Հայաստանում օրենքները մեկնաբանող պետական մարմին չկա, բայց ամեն դեպքում ՀՀ Վարչական դատավարության օրենսգիրքը պետք է վերանայեն եւ մեկնաբանեն»:

Ի դեպ, նաեւ նշենք, որ այս գործը ՀՀ Վարչական դատարանում քննվել է շուրջ մեկ տարի, որից հետո դատավորները որոշել են հայցը մերժել, անգամ չկարողանալով այն օրենքներով մեկնաբանել: 2010թ. հուլիս ամսին Եվրոպական դատարանը (ԵԴ) իրացման գոտու բնակիչներ Մինասյան եւ Սեմիրջյան մայր ու աղջկա գործն՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության, բավարարել է` «ապտակելով» Հայաստանի Հանրապետությանը: Հիշեցնենք, որ մայրը տան սեփականատերն է, իսկ աղջիկն ուներ օգտագործման իրավունք, որին մեր պետությունը զրկել էր փոխհատուցումից: Եվրոպական դատարանն օգտագործման իրավունքը հավասարեցնում է սեփականության իրավունքին: Հետեւաբար, քանի որ սեփականության իրավունքը գույքային իրավունք է, ԵԴ-ն բավականին խիստ մեկնաբանությամբ հիմնավորել էր` արձանագրելով, որ օգտագործման իրավունքը համարվում է սեփականության իրավունք եւ պաշտպանվում է միջազգային համապատասխան կոնվենցիայով: Ինչպես նաեւ ԵԴ-ի մեկնաբանության մեջ կասկածի տակ էր դրվել ՀՀ կառավարության որոշումների օրինականությունը, քանի որ պետական կարիքների համար քաղաքացիների սեփականության իրավունքը դադարեցնելու համար պետք է համապատասխան օրենք ստեղծվեր, մինչդեռ օրենքի բացակայության պայմաններում ՀՀ կառավարության որոշումներն անօրինական են եղել: ԵԴ-ի վճիռն, ըստ օրենքի` 2-3 ամսվա ընթացքում պետք է մեր պետությունը, մասնավորապես` ՀՀ Արդարադատության նախարարությունը, թարգմաներ եւ տեղադրեր իր պաշտոնական կայքէջում, սակայն դա չի արվել, քանի որ ԵԴ-ի կայացրած այս վճիռը կարող է նախադեպ դառնալ եւ ոտքի հանել իրացման գոտու հազարավոր բնակիչներին: