«Ես չեմ հոգնել զարմանալ»

07/10/2005

«Ես ինքս չգիտեմ, թե ինչպես եմ դերասան դարձել: Մարդու կայացումը
անկառավարելի պրոցես է: Ես հիմա էլ չեմ հոգնել զարմանալ, միշտ ինչ-որ նոր
բան եմ հայտնաբերում ինձ համար: Իմ ուսուցիչ Արմեն Գուլակյանն ասում էր.
«Քանի չես կորցրել զարմանալու հնարավորությունը, կարող ես զբաղվել այս
անբացատրելի գործով, որը «թատրոն» է կոչվում»,- ասում է սիրված դերասան
Արմեն Ջիգարխանյանը, ով այս օրերին տոնում է իր 70-ամյակը: Կինոյում եւ
թատրոնում նա խաղացել է 300-ից ավելի դեր եւ միայն այդ փաստի համար դարձել
է Գինեսի գրքի ռեկորդակիր: «Ես խաղացել եմ այն դերերը, որոնք ցանկացել եմ:
Դերը դատարկ խոսք չէ, դա պրոբլեմ է, ցավ եւ ուրախություն: Ես խաղացել եմ
իմ բոլոր պրոբլեմները»,- ասում է Ջիգարխանյանը: Նրա ստեղծած յուրաքանչյուր
կերպարում եւ կյանք, եւ անմոռանալի հմայք կա: Մոսկվայի քմահաճ հանդիսատեսը
գնում էր թատրոն հատուկ Ջիգարխանյանին նայելու համար, քանի որ նրա ոչ մի
դեր աննկատ չէր մնում: Թվարկել նրա խաղացած դերերը՝ անշնորհակալ գործ է,
բոլորն էլ հիշվում ու սիրվում էին: «Ստեղծագործ կյանքը երեխայի ծնունդի է
նման: Երեխան դեռ չի ծնվել, իսկ բոլորը ցանկանում են իմանալ՝ ո՞վ եւ
ինչպե՞ս է ծնվելու: Հավատացեք, այդ գործին միջամտել հարկավոր չէ:
Հանդիսատեսը պետք է տեսնի միայն վերջնական արդյունքը»,- ասել է դերասանը
հարցազրույցներից մեկում: Արդեն տասը տարի Մոսկվայում գործում է
Ջիգարխանյանի թատրոնը, որտեղ նա գերադասում է ոչ թե ներկայացումների
բեմադրիչ, այլ գեղարվեստական մենեջեր համարվել՝ ճանապարհ բացելով շնորհալի
երիտասարդների համար: Նա շարունակում է աշխատել, սպասում է նոր դերերի եւ
չի ցանկանում երկարատեւ պլաններ ստեղծել, ապրում է ներկայով:
«Պլանավորելով մեր կյանքը, մենք մոռանում ենք պատահականությունների մասին:
Բա՞ որ հանկարծ… Այդ իմաստով շատ խոցելի ենք: Գլխավորը բնության
կանոններին չխառնվել կարողանալն է: Ամենասարսափելի բանն արեց Միչուրինը,
ով իրար միացրեց տանձն ու խնձորը: Ամեն ինչ պետք է բնականոն զարգանա:
Նաեւ` մարդը: Դասելով մարդուն սրբերի կամ հերոսների շարքը, մենք նրան
կործանում ենք»,- ասում է Արմեն Ջիգարխանյանը: