Հունիսի 25-ին «Մոսկվա» կինոթատրոնի լեփ-լեցուն դահլիճում կայացան երկու կարճամետրաժ ֆիլմերի պրեմիերաների, որոնք նկարահանել էին Հայաստանի Կինոգործիչների միության նախագահ, վավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայի տնօրեն Ռուբեն Գեւորգյանցի որդիները՝ Վահե ու Ստեփան Գեւորգյանցները։ Պրեմիերաները փաստը ողջունելով՝ կինոգետ, գրող Դավիթ Մուրադյանը հատուկ շնորհակալություն հայտնեց անձամբ Ռուբեն Գեւորգյանցին, այն բանի համար, որ նա կինոյի ճանապարհն իր որդիների առջեւ չփակեց ու թույլ տվեց կինոդինաստիային զարգանալ։ Ռուբեն Գեւորգյանցն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց «Ազգային կինոկենտրոնի» տնօրեն Գեւորգ Գեւորգյանին, ով հավատաց իր որդիների կարողություններին ու նրանց մեկ տարվա ընթացքում միանգամից երկու ֆիլմ նկարահանելու շանս ու գումար տրամադրեց։
Ցուցադրված ֆիլմերից առաջինը, որը կոչվում էր «Մեծ տոն» (սցենարի հեղինակներ` Ռուբեն Գեւորգյանց ու Գեորգի Կեւորկով, ռեժիսոր՝ Վահե Գեւորգյանց), ներկայացնում էր Արցախյան պատերազմի օրերին տեղի ունեցող մի պատմություն, որի մասնակիցները հայ եւ ադրբեջանցի տղաներն ու շունն են։ Տեսախցիկը (պսեւդովավերագրական ոճի համաձայն) դողդողացող, անկայուն կադրեր էր ցուցադրում։ Մեկ դրվագում հանդիսատեսը տեսնում էր միայն ադրբեջանցի տղային (քանի որ հայ տղան դիտողն էր ու գլխավոր պատմիչը), իսկ մյուս դրվագում տղաները տեղերով փոխվում էին, ու մենք տեսնում էինք արդեն միայն հային։ Իսկ սկզբից ու վերջից որպես ֆիլմի շրջանակ՝ առաջարկվում էր դիտել այդ պատմությունը ազգային պատկանելությունից ազատ շան տեսակետից։ Շունը վարժվել էր, որ երբ մարդիկ մահանում են, ուտելիքի քանակը շատանում է, սակայն հիմա տարակուսում էր թե ինչո՞ւ մահը մեծ տոնի չի վերածվել։ Արհեստականորեն առաջադրված ֆիլմի կառուցվածքը հեղինակներին դրդել էր նաեւ տրիվիալ ավարտ ստեղծել։ Տղաների ճանապարհը խաչվեց (ֆիլմում նրանք միայնակ են՝ առանց մեծահասակների, որոնք մահացել են), նրանք միասին ուտելիք փնտրեցին, միասին ֆուտբոլ խաղացին, ու հետո ամեն մեկը գնաց իր ճանապարհով՝ ազգականներին ու հայրենակիցներին որոնելու։ Եթե «Մեծ տոնը» այդքան հավակնոտ նկարահանման ոճ չունենար (երբ լողացող ու թրթռացող կադրի կառուցումը ներկայացվում է որպես հնարք), կարող էր հուզել հանդիսատեսին։ Սակայն ֆիլմի ֆորման թելադրել էր պատմության անջատ վերապատմում։ Նույն դեպքերը առանց որեւէ էմոցիոնալ ու դիպաշարային ավելացման՝ շարադրվում էին երկու անգամ, որոշ դրվագներ կրճատվում էին, սակայն դեպքերը նույնն էին։ Եթե նման զուգահեռ պատում է կիրառվում, սովորաբար դեպքերի բացահայտումը «կիսվում» է երկու մասի, այլապես՝ հաջորդ դրվագը միայն առաջինի դուբլն է դառնում ու զրկում է ֆիլմը լարումից։ Ֆիլմում քիչ էր տղաների դեմքերի խոշոր պլանների ցուցադրումը։ Ընդ որում՝ տղաները շատ լավն էին, եւ լավագույն հնարքը կլիներ նրանց աչքերի, հայացքների, դիալոգի (նաեւ՝ անխոս դիալոգի) ներկայացումը։ Սա այն դեպքն է, երբ պարզ ֆորման միայն կընդգծեր տողատակում թաքնված ցավն ու ուղղակի պատերազմի մեջ ապրող երեխաների ողբերգությունը։ Որքան հայտնի է՝ այդ ֆիլմի համար «Ազգային կինոկենտրոնը» հատկացրել է 22 մլն դրամ, ինչը բավական մեծ բյուջե է ապահովել ինքնուրույն կարճամետրաժ ֆիլմ նկարահանող դեբյուտանտի համար։
Իսկ մյուս՝ «30 տարի եւ 3 օր» ֆիլմը, որը նկարահանել են Ռուբեն Գեւորգյանցի որդիները (ամերիկահայ դերասան Ժան-Պիեռ Նշանյանի սցենարով ու մասնակցությամբ), մի փոքր դրվագ է հայրենիք վերադարձած սփյուռքահայի կյանքից։ Մարդը գալիս է Երեւան՝ ցանկություն ունենալով իր ծնողների աճյունը ԱՄՆ տեղափոխել։ Սակայն չի կարողանում, քանի որ գերեզմանի տեղը չի գտնում։ Փողերը շռայլորեն ծախսում է, սակայն իր նպատակին այդպես էլ չի հասնում ու մի քանի րոպե տխուր նայելով Մասիս սարին՝ վերադառնում է ԱՄՆ։ Ժան Նշանյանը շատ լավ դերասան է (այդ դրվագը եթե ոչ անձամբ իր, ապա հաստատ իր ծանոթների հետ պատահած կլիներ), սակայն նրա ստեղծած պատմությունը «հում» վիճակում է ներկայացվում։ Ճակատային կադրերով՝ առանց որեւէ երկընտրանքի կամ խոհի։ Աճյունի տեղափոխման էքստրեմալ գործը էքստրեմալ բյուրոկրատական ու էմոցիոնալ իրավիճակում ձեռնարկած նրա հերոսի հետ ոչ մի ներքին փոփոխություն տեղի չի ունենում։ Նա հոգնած ու բարկացած է գալիս Երեւան, առավել հոգնած ու բարկացած հեռանում է։ Հյուրանոցում նրան չեն տալիս իր պատվիրած սենյակը, ճիշտ ժամին հանդիպումների չեն գալիս, ու բոլոր երեւանցիները ամեն առիթով՝ փորձում են նրանից փող «պոկել»։ Նույնիսկ իր ծեր մորաքույրը նրան չի մտաբերում։ Եվ նա հեռանում է՝ Երեւանում չգտնելով հարազատ հոգի։ Այս ֆիլմը կատակերգություն չէ, ոչ էլ դրամա է։ Ֆիլմի ժանրը հավակնում է կոչվել «կյանք», որը տեւում է 3 օր։ Ենթադրելի էր, որ այս ֆիլմում Երեւան կլինի։ Սակայն Երեւանը սահմանափակված է միայն գերեզմանոցով, հյուրանոցով, հիվանդասենյակով ու տաքսիով։ Ֆիլմում «օդ» չկա, կարծես Երեւանը մի իսկական անօդ տարածք է, որի հետ շփվել անգամ հերոսը չի ցանկանում։ Եվ ստացվում է, որ սփյուռքահայի տեսանկյունից՝ Երեւանը անհրապույր ու անհասկանալի մի վայր է, որտեղից հարկ է անհապաղ հեռանալ։ «Ես ընդամենը ուզում էի իմ ծնողներիս կողքը լինել»,- ֆիլմի ավարտին՝ օդանավակայան գնալու ճանապարհին ասում է Հայկ անունով հերոսը։ Իսկ հանդիսատեսը նրա փոխարեն միտքը շարունակում է՝ կարո՞ղ է ուզում ես իրենց կողքը լինել Հայաստանում։ Հերոսի մոտ այդ հարցը չի ծագում։ Ոչ մի բեկումնային կամ էլ գոնե իմաստալից բան Ժան Նշանյանի հերոսի հետ չի կատարվում։ Մարդը առանց կարոտախտի եկավ, առանց կարոտի էլ՝ հեռացավ։ Իսկ տհաճ նստվածքը մնաց։