Հրաշագործ ծառը
Ֆենշույի պրակտիկայում ֆինանսական հաջողություններ ունենալու համար հաճախ խորհուրդ են տալիս բնակարաններում այս կամ այն բույսը տեղադրել: Իհարկե, ննջասենյակում առհասարակ խորհուրդ չի տրվում որեւէ բույսի տեղադրումը: Հաջողություն պարգեւող այդ բույսերից է համարվում թանձրատերեւուկը (տոլստյանկա), որը ԱՄՆ-ում այլ անվանումներ ունի` Jade Plant կամ Dollar Plant: Այստեղից էլ առաջացել են «դրամի ծառ» կամ «հաջողության, երջանկության ծառ» անվանումները: Այս բույսը բնակարանը մաքրում է բացասական էներգիայից, նեգատիվ մտքերից եւ զգացմունքներից, ուրախ տրամադրություն եւ լավ մթնոլորտ է պարգեւում: Մարդկանց օգնում է նոր որակներ բացահայտել իրենց մեջ, եւ հաջողություններ է բերում: Թանձրատերեւուկը, բացի գեղեցիկ ծառ լինելուց, նաեւ շատ օգտակար դերակատարում ունի ժողովրդական բժշկության մեջ: Այն շատ լավ միջոց է կոշտուկների հեռացման, վնասվածքների, խորը քերծվածքների ապաքինման համար: Մի քանի տերեւ պետք է լվանալ, վրայից հեռացնել նուրբ եւ թափանցիկ շերտը եւ գիշերվա ընթացքում կապել կոշտուկի վրա: Մի քանի անգամ կրկնելուց հետո` կոշտուկը կանհետանա: Իսկ խոր, թարախակալված վերքերի դեպքում այս բույսի օգտագործումը նույնիսկ սպի չի առաջացնում: Երիկամների մրսածության, բորբոքումների համար խորհուրդ է տրվում հետեւյալ միջոցը. 1 բաժակ եռացրած ջրի մեջ լցնել թանձրատերեւուկի 1թ/գ մանրացրած թերթիկներ, 15 րոպե թույլ կրակի վրա պահել, 1 ժամ թողնել սառչի: Օրական 2-3 անգամ խմել 1 ճ/գ` ուտելուց 15-20 րոպե առաջ: Այս բույսը ծույլերի համար լավ դեղամիջոց է համարվում, քանի որ շատ հեշտ է նրա աճեցումը: Թանձրատերեւուկը շատ արագ արձագանքում է տան անդամների հիվանդություններին. եթե որեւէ մեկը հիվանդանում է` ծառը սկսում է կծկվել, թոշնել, այն կլանում է հիվանդ օրգանների բացասական էներգիան: Եվ երբ տան անդամը ապաքինվում է` ծառը վեր է ձգվում ու դարձյալ կյանքով է լցվում: Այս բույսը շատ խնամք չի պահանջում, ինքն իր եւ տիրոջ մասին հոգ է տանում: Պարզապես այն պետք է դրված լինի լուսավոր անկյունում: Պետք է մաքրել նրա թերթիկները` նաեւ գոլ ցնցուղի տակ պահելով, եւ ջրել:
Թանձրատերեւուկը շատ օգտակար է քթի կամ շրթունքի վրա առաջացած հերպեսի ապաքինման համար: Հերպեսի հայտնվելուն պես մի տերեւ քաղեք, լավ լվացեք, հեռացրեք տերեւի վրայի մի կողմի թափանցիկ շերտը եւ դրեք գոյացության վրա: 2-3 օրվա ընթացքում հերպեսը կլավանա: Թանձրատերեւուկով բուժում են նաեւ թութքը (գեմարոյ): Դրա համար անհրաժեշտ է 3-4 թերթիկները լավ լվանալ, հյութը քամել եւ խառնել ճարպոտ վազելինի հետ: Լվացվել սառը ջրով, թանզիֆե կամ բամբակե տամպոնը թաթախել ստացված խառնուրդի մեջ եւ քսել թութքի վրա: Պրոցեդուրայից հետո պետք է 20 րոպե պառկել: Լիովին ապաքինվելու համար պետք է այն կրկնել օրական 2-3 անգամ: Ի դեպ, այս նույն քսուքը շատ լավ օգնում է արգանդի վզիկի էրոզիայի դեպքում: Բամբակե կամ թանզիֆե տամպոնը թաթախել քսուքի մեջ եւ գիշերը տեղադրել հեշտոցի մեջ: Մի քանի օր կրկնելուց հետո էրոզիան ապաքինվում է: Թանձրատերեւուկը շատ լավ միջոց է ստամոքսի խոցի դեպքում: Ամեն առավոտ սոված ստամոքսին թանձրատերեւուկի 2 տերեւ ուտել, ծամել եւ ջուր չխմել: 1 ժամ անց կարող եք նախաճաշել: Իհարկե, այս ընթացքում անհրաժեշտ է դիետա պահպանել:
Դեղամիջոց` բրոնխների մաքրման համար
Մեր ընթերցողներից Հասմիկ Ս.-ն բրոնխների մաքրման համար հրաշալի միջոց է առաջարկում: Եվ այսպես. 1 թեյի բաժակ ալոէի հյութը խառնել 100 գրամ լավ, իսկական մեղրի հետ, ավելացնել 100 գրամ թթի դոշաբ, կես թեյի գդալ սննդի սոդա եւ 1 ճաշի գդալ օղի: Ստացված զանգվածը լավ խառնել եւ օրը 2 անգամ` առավոտյան եւ երեկոյան, ուտելուց առաջ, խմել 1 ճաշի գդալի չափով:
Ավոկադոյով դիմակներ
– Բանանը եւ ավոկադոն լավ մանրացնել, ավելացնել կես թեյի գդալ զեյթունի լավ յուղ, եւ ստացված խյուսը քսել լվացված դեմքին: 20 րոպե պահելուց հետո գոլ ջրով լվանալ դեմքը: Այս դիմակը լավագույնս սնուցում է, մաքրում եւ թարմացնում է դեմքը: Այն խորհուրդ է տրվում չոր եւ նորմալ մաշկ ունեցողներին:
Առհասարակ ավոկադոն հրաշալի միջոց է ավիտամինոզի, վիտամինների պակասության համար: Ավոկադոյի կալորիականությունը թեեւ շատ բարձր է` 250 կկալ, սակայն այն չի գիրացնում (այս մասին մենք կխոսենք մեր հետագա հրապարակումներում): Պարզապես նշենք, որ այն հարուստ է բուսական սպիտակուցներով, A, B խմբի, C, D, E, K, M, P վիտամիններով, կալցիումով, նատրիումով, եւ այլն:
– Ավոկադոն լավ մանրացնել, ավելացնել 1 ձվի դեղնուց: Ստացված զանգվածը հաստ շերտով քսել մաքուր մաշկին: 20 րոպե պահել եւ լվանալ գոլ, սենյակային ջերմաստիճանի ջրով: Այս դիմակը մաքրում, լավագույնս սնուցում եւ թարմացնում է դեմքի եւ պարանոցի մաշկը:
– Ավոկադոյի, 1 թ/գ կիտրոնի հյութի եւ 1 ձվի սպիտակուցով պատրաստված դիմակը ոչ միայն սնուցում է, այլեւ սպիտակեցնում է դեմքի մաշկը: Այն պետք է պահել 20 րոպե:
– Ավոկադոն մանրացնել, ավելացնել 1 թ/գ մեղր, 0,5 թ/գ խնձորի քացախ: Հարիչով խառնել, եւ ստացված զանգվածը 20 րոպե պահել դեմքին:
Այս բոլոր դիմակները սնուցում են, փափկացնում-սպիտակեցնում են մաշկը, ինչպես նաեւ հարթեցնում են կնճիռները: Միայն պետք է հիշել, որ ավոկադոյի դիմակները խորհուրդ են տրվում չոր եւ նորմալ մաշկ ունեցողներին:
Առողջ եղեք: