Հերթական փաստաթուղթը

26/06/2010

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում մի շարք պետությունների երկու տասնյակ ներկայացուցիչների, այդ թվում` ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությամբ շրջանառության մեջ է դրվել ՀՀ-ի կողմից միջազգային պարտավորությունները չկատարելու մասին փաստաթուղթ: Երեկ ԵԽ ԽՎ կայքէջում տեղադրված փաստաթղթում ասված է, որ Հայաստանը չի կատարել Վեհաժողովի 2008թ. 1609 բանաձեւում ամրագրված մի շարք պարտավորություններ, այդ թվում` որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ 10 անձանց սպանության համար, ընդդիմության ներկայացուցիչները շարունակում են մնալ անազատության մեջ, իշխանությունները հրաժարվում են քննել 2008թ. մարտյան իրադարձություններում բանակի ապօրինի ներգրավման հանգամանքները: Փաստաթուղթը կոչ է անում Հայաստանի իշխանություններին՝ բացահայտել եւ պատասխանատվության ենթարկել 10 անձանց սպանության համար մեղավորներին, ազատ արձակել քաղաքական շարժառիթներով դատապարտված բանտարկյալներին եւ թափանցիկ ու արժանահավատ հետաքննություն անցկացնել մարտի 1-2-ի դեպքերում բանակի ներգրավման առնչությամբ: Բնականաբար, Հայաստանում այս փաստը երկակի մեկնաբանությունների առիթ է դառնալու: Իշխանություններն ու նրանց սպասարկողները Փոտանջյանին կրկին «դավաճանի», «կեղտոտ սպիտակեղենը դուրս հանողի» պիտակներ են կպցնելու, ընդդիմությունն էլ երեւի հայտարարելու է, որ գուցե այս փաստաթղթով հնարավոր լինի նպաստել Հայաստանում նշված խնդիրների լուծմանը: Իրականում Զ. Փոստանջյանի արարքի մեջ որեւէ դատապարտելի բան չկա, եւ նրան տրվելիք որակումներն ընդամենը քարոզչության դրսեւորումներ են լինելու. եթե որեւէ կերպ հնարավոր է նպաստել Հայաստանում ժողովրդավարական խնդիրների լուծմանը, ապա դա միայն ողջունելի է: Բայց մի՞թե անցած տարիների ընթացքում ընդդիմությունն ու Զ. Փոստանջյանը տասնյակ անգամներ չեն համոզվել, որ եվրոպական կառույցները, այդ թվում՝ ԵԽ ԽՎ-ն, Հայաստանում ժողովրդավարությանը վերաբերող խնդիրներին ուշադրություն են դարձնում միայն այն ժամանակ, երբ դա անհրաժեշտ է աշխարհաքաղաքական խնդիրներ լուծելու նպատակով: Այնպես որ, այս փաստաթուղթը եւս, ամենայն հավանականությամբ, ունենալու է նույն ճակատագիրը: Սակայն ՀՀ իշխանությունները դրանից պետք է ոչ թե հաճույք ստանան, ինչպես պատահում է սովորաբար նման դեպքերում, այլ վերացնեն այն պատճառները, որոնք օգտագործվում են Հայաստանի դեմ: Մի բան, որ մեր իշխանությունները կամ չեն կարողանում, կամ, որ ավելի հավանական է, չեն ցանկանում անել: