Հունիսի 24-ին ԵԽ ԽՎ-ն քննարկել է «Ադրբեջանի ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը» զեկույցը, որի ժամանակ հայ եւ ադրբեջանցի պատվիրակների միջեւ բանավեճ է ծավալվել:
ՀՀ պատվիրակության անդամ եւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն, օրինակ, իր ելույթում ասել է, թե Ադրբեջանի վերաբերյալ Եվրոպայի խորհուրդը հաճախ պաշտոնաձեւում է իրականությունը խեղաթյուրող փաստաթղթեր, որոնց նպաստող հիմքերից մեկն էլ այն է, որ Ադրբեջանի իշխանությունները շատ հաճախ անհիմն չարաշահելով` երկրի դեմոկրատացման ձախողումը պայմանավորում են Խորհրդային կայսրությունից իրենց իբրեւ թե ժառանգած արհեստածին փոքր կայսրության տարածքների հնարովի օկուպացիայով: «Այս կողմնակալ մոտեցումը նախ եւ առաջ հակասում է նույն ԵԽ-ի 2006, Եվրոպական խորհրդարանի 2010 թվականներին ընդունած այն փաստաթղթերի ոգուն, որոնք, մասնավորապես, սահմանում եւ հռչակում են. 1. Սառեցված հակամարտությունները կարող են խոչընդոտել երկրի միայն տնտեսական զարգացմանը, այլ ոչ` պետության ժողովրդավարացմանը, 2. Իշխանությունները միջազգային կառույցներում չպետք է օգտագործեն հակամարտությունների գոյությունը որպես երկրի ներսում դեմոկրատական ինստիտուտների կայացման խոչընդոտ, 3. Կոնֆլիկտների չարաշահումը որպես պատրվակ միջազգային հանրության ուշադրությունը չպետք է շեղի պետության ներդեմոկրատական խնդիրներից»: Մինչդեռ, ինչպես նկատել է Զ. Փոստանջյանը` Ադրբեջանի իշխանությունները, շահարկելով Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության հետ կոնֆլիկտը` անարգել ոտնահարում են մարդու իրավունքները: «Ասվածի օրինակներից են միահեծան իշխանությանը խոչընդոտող «Ազատություն» ռադիոկայանի փակումը, թալիշների, լեզգիների եւ այլ ազգային փոքրամասնությունների հալածանքները եւ իրավունքների խախտումները (թալիշալեզու լրատվամիջոցի գիտնական խմբագիրը պետության տարածքային ամբողջականությունը վտանգելու շինծու մեղադրանքով բանտարկվեց եւ հենց բանտում էլ մահացավ), բազմաթիվ քաղբանտարկյալները, որոնց թվում` Խոջալուի վերաբերյալ բռնատիրության պաշտոնական վարկածը հերքող Էյնուլա Ֆաթուլաեւը: Բազմաթիվ են աղմկահարույց այլ փաստերը եւս: Իսկ Ադրբեջանի ղեկավարությունը երկրում գործող դիկտատուրան քողարկելու նպատակով ավելի հաճախակի է միլիտարիստական հայտարարություններ հնչեցնում ուժի կիրառման մասին, ինչն ուղղակի խախտում է ԵԽ ԽՎ-ի առաջ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունները: Դեռ ավելին` Հարավային Կովկասի փխրուն խաղաղությունը վտանգող Ադրբեջանի Մեջլիսի վերջերս ընդունած ռազմական դոկտրինը համահունչ է վերոնշյալ հայտարարությունների ոգուն: 20-րդ դարասկզբին ձեւավորված Ադրբեջանին Ստալինն ու քեմալա-բոլշեւիկյան անբարո գործարքը հանձնեցին հայապատկան Նախիջեւանն ու Ղարաբաղը, որոնք երբեւէ չեն գտնվել իրեն 1918-1920թթ. ադրբեջանական պետության իրավահաջորդ հռչակած ներկայիս Ադրբեջանի կազմում: Ղարաբաղը միջազգային բոլոր իրավանորմերով անկախություն նվաճեց` դիմադրելով Եվրոպայի աչքի առաջ սկսված Ադրբեջանի լայնածավալ ագրեսիային (Արցախի որոշ տարածքներ մինչ օրս բռնազավթված են Ադրբեջանի կողմից): Ապա պարտված բռնապետությունը նաեւ մշակութային ցեղասպանություն գործեց` լիովին հայաթափ արված Նախիջեւանում հիմնահատակ ավերելով Ջուղայի հայկական խաչքարերն ու գերեզմանոցները, ինչը մինչ օրս չի արժանացել ԵԽ ԽՎ դատապարտմանը: Պետության մեջ դեմոկրատական ինստիտուտների կայացումը տարածքային խնդիրներով պայմանավորելը հիմնավորապես սխալ է: Չնայած Թուրքիան իր նախնիների իրագործած Հայոց ցեղասպանության եւ Մեծ հայրենազրկման հետեւանքով բռնազավթել է հայ ժողովրդի բնօրրանի մեծ մասը, այնուհանդերձ` Հայաստանի ժողովրդավարացումը եւ մարդու իրավունքների հարգումը կապ չունեն մարդկության եւ քաղաքակրթության դեմ ուղղված այդ մեծագույն ոճրագործության հետ, որն այսօրվա դրությամբ դատապարտել են աշխարհի բազմաթիվ առաջատար պետություններ, նահանգային եւ տեղական կառավարություններ, ակադեմիական կաճառներ ու մասնագիտական կենտրոններ, ինչպես եւ իրավապաշտպան միջազգային համայնքը»,- հայտարարել է Զ. Փոստանջյանը: