Վերադարձ «սովորական Մադրիդյան սկզբունքներին»

26/06/2010 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

– ԼՂՀ տարածքների վրա Ադրբեջանի զինված ուժերի հարձակումը ՀՀ իշխանությունների կողմից տարբեր մեկնաբանությունների արժանացավ: Կարծիքներ հնչեցին, թե դա միջազգային հանրությանն ուղղված մարտահրավեր էր, ապտակ էր Ռուսաստանին, ճնշում էր Հայաստանի վրա եւ այլն: Ձեր կարծիքով՝ ի՞նչ նպատակ ուներ այդ հարձակումը:

– Մոտ 6 ամիս է, Ադրբեջանն անընդհատ հրապարակում էր իր կարծիքը, թե բանակցությունները պետք է շարունակել նորացված Մադրիդյան սկզբունքներով: Ասում էր, թե իբր Սոչիում 2 շաբաթ ժամանակ են տվել, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարծիք ասեին այդ տարբերակի մասին: Որ Ադրբեջանը համաձայնել է դրանց շուրջ բանակցել, իսկ մենք իբր թե պատրաստ չէինք: Դա բլեֆ է, նորացված Մադրիդյան սկզբունքներ ասելով՝ Ադրբեջանը հասկանում է, որ Ղարաբաղը բարձր ինքնավարությամբ պետք է լինի իր կազմում, եւ տարածքները վերադարձվեն: Հայկական կողմն ասում է, թե պետք է իրացվի Արցախի ինքնորոշման իրավունքը, ԼՂՀ-ն ապագայում անկախանա, նոր կարող է տարածքների մասին խոսք գնալ: Սանկտ Պետերբուրգում նախագահների եռակողմ հանդիպման ժամանակ հենց սրա մասին է խոսք եղել, որ ետ գան 2007թ. սովորական Մադրիդյան սկզբունքներին: Եվ այստեղ է, որ Ալիեւը գլխով «այո» է տմբացրել, բայց բանակցություններից հետո փախավ, եւ այս սադրանքը եղավ: Այս սադրանքով իրենք ուզում էին ցույց տալ, թե մենք համաձայն չենք Մադրիդյան սկզբունքներին, որով ԼՂ-ն ապագայում պետք է դառնար անկախ: Իրենք այսպիսով ցույց տվեցին, որ կողմ են հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելուն: Ես նաեւ գտնում եմ, որ Թուրքիայի աջակցությունն էլ կար այդ գործում, որովհետեւ այսօր այդ երկրին ձեռք չի տալիս, որ ԼՂ-ն անկախ պետություն դառնա, երկրորդ հայկական պետություն լինի այս տարածաշրջանում:

– Ձեր խոսքում ասացիք` վերադարձ 2007թ. Մադրիդյան սովորական սկզբունքներին: Փաստորեն Մադրիդյան նորացված սկզբունքներն, այնուամենայնիվ, քննարկվել են, եւ ՀՀ իշխանությունները դրանց դեմ են եղել: Թեեւ այս ընթացքում ՀՀ պատկան մարմինները միշտ հայտարարել են, որ նորացված տարբերակ գոյություն չունի:

– Սա եղել է աշխատանքային հանդիպում, որտեղ ճշգրտել են, որ չկա նորացված սկզբունքներ: Եղել է աշխատանքային տարբերակ, որից էլ իրենք կառչում են, թե՝ սա ենք ուզում: 2007թ. սկզբունքներում գրված է ինքնորոշման իրավունքի իրացում` իրենք դա մեկնաբանում են յուրովի եւ առաջնային են համարում տարածքային ամբողջականությունը: Ալիեւին հասկացրել էին, որ ինքնորոշման սկզբունքը 2007-ի մեջ էր, իսկ իր ասած ինքնավարությունը չի համապատասխանում ինքնորոշման իրավունքին:

– Որքան էլ ՀՀ իշխանություններն ասեն, թե Ադրբեջանը դավադրաբար հարձակվեց, հարձակվեց մութ գիշերով, կամ թուրքը մնում է թուրք եւ այլն, Չայլու գյուղի դեպքը ցույց տվեց, որ հայկական զինված ուժերն այնքան էլ զգոն կամ պատրաստված չեն հսկում սահմանը: ՀՀ իշխանությունները հայկական բանակը համարում են տարածաշրջանի ամենամարտունակ բանակը, մինչդեռ այդ հարձակման արդյունքում 5 զոհ եւ 3 վիրավոր ունեցանք: Արդյո՞ք այս դեպքը չի նշանակում, որ հայկական զինված ուժերն այդքան էլ պատրաստված չեն:

– Պաշտպանության նախարարության ներկայացուցիչների մեկնաբանությունից պարզ է դառնում, որ այն կողմից էլ կան սպանվածներ: Պարզապես հասցրել են դիակները հետ տանել, մեկին չեն կարողացել տանել: Բացի այդ, Սանկտ Պետերբուրգում 2 օր եռակողմ հանդիպում էր գնում, եւ որեւէ մեկի մտքով չէր անցնում, որ բանակցող կողմերից մեկը բանակցություններից 1 ժամ հետո գիշերով դավադիր հարձակում կգործի: Բայց եթե նույնիսկ էդպես է, պետք է միշտ զգոն լինել, միշտ հետախուզել: Իհարկե, այստեղ նաեւ թերություն կա, որովհետեւ պետք է մեր հետախուզությունը կարողանար իմանալ, որ ինչ-որ բան է սպասվում: Ընդհարումները սահմանամերձ գոտում հաճախ են լինում, սա մի քիչ ծավալուն էր, խորացել` մեր դիրքերին էին հասել: Ամեն դեպքում, իհարկե, այստեղ խնդիր կա: Ես ուզում եմ նաեւ անդրադառնալ Գերմանիայում մեր նախագահի խոսքին, այս անգամ ասել էր, թե մենք վերադարձնելու ոչինչ չունենք: Սա արդեն շատ կոշտ դիրքորոշում է ԼՂՀ խնդրում:

– Բայց ընդամենը մի քանի ամիս առաջ «Al Watan» թերթին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանն ասել էր, թե երբ ԼՂ ժողովուրդը ստանա իր ինքնորոշման իրավունքն իրագործելու հնարավորություն, հայկական կողմի փոխզիջում կարող է դիտվել ԼՂՀ-ի շուրջ գտնվող այդ շրջանների վերադարձն Ադրբեջանին: ՀՀ նախագահն ինչո՞ւ փոխեց իր դիրքորոշումը:

– Ըստ երեւույթին, կան խնդիրներ, որոնք լրիվ չեն հրապարակվել: Որեւէ տարածքի մասին խոսք լինել չի կարող, եթե համաձայն չեն Մադրիդյան սկզբունքներին: Եվ սա կոշտ դիրքորոշում է համարվում:

– Այս հարձակման վերաբերյալ քննարկումների շրջանակում ակտիվացել են մեր տարածաշրջանում խաղաղապահ ուժերի տեղակայման մասին խոսակցությունները:

– Որպես քննարկման առարկա՝ տարիներ շարունակ եղել է այդ մոտեցումը: ՌԴ զորքերի տեղակայում, ռուս-ամերիկյան կամ համատեղ ինչ-որ ծրագիր: Սա նորից թարմացնում է այդ թեման, բայց իրականում որեւէ լուրջ բան չկա: Պատկերացրեք, եթե ռուսները տարածաշրջանում խաղաղապահ զորքերը տեղակայեն, թուրքերն օգտվելով առիթից` կասեն` այս հատվածում հավասարակշռությունը խախտվում է, եւ կմտնեն Նախիջեւան: Խնդրից խնդիր կարող է առաջանալ, բայց ԼՂՀ հարցը չլուծվի: Իրանը չի հանդուրժի, որ իր սահմանին ամերիկյան ուժեր տեղակայվեն, եւ այդ դեպքում կարող է հարձակում գործել:

– Հնարավոր համարո՞ւմ եք, որ ԼՂՀ հակամարտությունը կլուծվի առաջիկա տարիներին:

– Եթե Ադրբեջանը գնում է սադրանքների եւ չի ուզում բանակցել, մենք աշխատելու ենք գոնե ստատուս-քվոն պահպանել: Ամեն դեպքում մենք բանակցություններից վերջինն ենք դուրս գալու, որպեսզի մեզ չմեղադրեն: Ադրբեջանը սպասում էր, որ մենք այս սադրանքին կպատասխանենք, կմտնենք ադրբեջանական տարածք, եւ այդ դեպքում արդեն կարող է այլ զարգացումներ լինեին: Ես մամուլում կարդացի ադրբեջանցիների հայտարարությունը, թե հայերն են խախտել սահմանը, իսկ իրենք պատասխանել են:

– Հարձակումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ու միջազգային այլ կառույցներ երկու կողմերին հանդարտության կոչ արեցին, սակայն հարձակվողը Ադրբեջանն էր: Ինչո՞ւ այս պարագայում Հայաստանին էլ հավասարեցրեցին Ադրբեջանին:

– Եթե մենք էլ հարձակվեինք, համանախագահները նույն կոչը կանեին, որովհետեւ իրենց առաքելությունը բանակցությունները վարելն ու արդյունք ստանալն է, եւ ոչ թե իրար դեմ հանելը: Դրա համար երկու կողմերին կոչ էին անում: Բայց զարմանալի է, որ ՌԴ նախագահը չարձագանքեց: Նա պարտավոր էր, որովհետեւ այդ բանակցությունների միջնորդն ինքն էր: Գոնե մի քանի խոսք պետք է ասեր: Գոնե սաստելու նման բան պետք է աներ Ադրբեջանին: Հարցներ` պարոն Ալիեւ, դու իմ դեմ դիմաց նստած բանակցում ես, դուրս ես գալիս ու սահմանից հարձակո՞ւմ ես անում:

– ԵԽ ԽՎ ազգությամբ թուրք նախագահ Մովլութ Չավուշօղլուն քննարկումների առարկա է դարձրել ԼՂՀ հարցով ժամանակավոր հանձնաժողովի ակտիվացման հարցը: Մինչդեռ Հայաստանի պատվիրակները չեն կարողանում համարժեք պատասխան քայլեր ձեռնարկել:

– Դա սուտի հանձնաժողով է: Եթե Մինսկի խումբը երեք պետությունների համանախագահությամբ չի կարողանում լուծել խնդիրը, այդ հանձնաժողովն ի՞նչ պիտի անի: Եթե նույնիսկ աշխատի էլ, չեմ կարծում թե առաջընթաց կունենա: Այստեղ հակամարտությունը հայության ու թրքության մեջ է: Եվ Թուրքիայի ծրագրերին այս տարածաշրջանում առաջինը Ղարաբաղն է խանգարում: Նրանք հայ-թուրքական արձանագրությունները խափանեցին, որովհետեւ այլեւս պարզ էր, որ ԼՂ խնդրում մենք զիջումների չենք գնա: Երբ ստորագրվում էին արձանագրությունները, եւ քանի դեռ մեր Սահմանադրական դատարանն իր խոսքը չէր ասել, թուրքերի կողմից կարծես մեղմություն կար: Հենց ՍԴ-ն իր խոսքն ասաց, նրանք առաջ քաշեցին ԼՂ լուծման հարցը:

– Որքա՞ն եք հավանական համարում պատերազմի վերսկսումը:

– Պատերազմը մեր եւ Ադրբեջանի մեջ կարող է լինել, բայց այստեղ վերահսկում են գերտերությունները: Ռուսական շահեր կան, ամերիկյան շահեր կան, իրանյան ու թուրքական շահեր կան: Թուրքիան կուզենար, որ հայերն ու ադրբեջանցիները պատերազմեն, որովհետեւ ինքը, այսպես թե այնպես, ներգրավված է լինելու: Իսկ եթե ինքը ներգրավված է լինելու, ապա նրա հզորության պետության ներքաշվելու դեպքում կարող է համաշխարհային պատերազմ սկսվել այս տարածաշրջանից: Գերտերությունները հո դա չե՞ն ուզի: Կարծում եմ, որ հավանականության դեպքում արգելակելու են եւ թույլ չեն տալու: