Հատուկ հանձնաժողով

26/06/2010

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը երեկ հայտարարել է, որ Հայաստանում ստեղծվել է սահմանային անվտանգության խնդիրներով զբաղվող հատուկ հանձնաժողով: «Այսօր ՀՀ սահմանները, ցավոք, չեն գտնվում այն վիճակում, որով կարող են ապահովել անվտանգության բարձր մակարդակ, եւ մենք ձեռնամուխ ենք եղել Հայաստանում սահմանային անվտանգության խնդիրների լուծմանը: Այդ կապակցությամբ ստեղծվել է հատուկ միջգերատեսչական հանձնաժողով, որը զբաղվում է ՀՀ սահմանային անվտանգության մակարդակի բարձրացման խնդիրներով»,- ասել է նա: Նաեւ հավելել է. «Մենք գտնում ենք, որ մեր սահմանները պետք է լինեն առավել անվտանգ, առավել անառիկ, եւ նաեւ մեր սահմանային ենթակառուցվածքները պետք է արդիականացվեն, իսկ մեր սահմանային ենթակառուցվածքները, սահմանային անցակետերը, ցավոք, չեն համապատասխանում միջազգային չափանիշներին»: Ըստ Ա. Բաղդասարյանի` վերջին 6 ամսվա ընթացքում մեծ ծավալի աշխատանք է կատարվել այդ ուղղությամբ, եւ ինքը հուսով է, որ այս տարվա ավարտին կլինի ՀՀ սահմանային անվտանգության վիճակի բարելավման համալիր միջոցառումների փաթեթ, որը մի կողմից՝ կբարելավի մեր սահմանային ենթակառուցվածքները, իսկ մյուս կողմից՝ կբարձրացնի սահմանային անվտանգության մակարդակը: Բաղդասարյանն այդ աշխատանքների իրականացումը կարեւորում է այն առումով, որ «մենք գտնվում ենք բավականին բարդ տարածաշրջանում, եւ սահմանային անվտանգության խնդիրները համարվում են գերակա»:

Անդրադառնալով հունիսի 18-ին ադրբեջանական կողմի իրականացրած դիվերսիոն հարձակմանը, Ա. Բաղդասարյանն ասել է, թե` «բոլորն էլ դատապարտում են այն միջադեպը, այն սադրանքը, որը տեղի ունեցավ, բայց ոչ մի անհրաժեշտություն չենք տեսնում, որ այդ միջադեպը կարողանա խոչընդոտ հանդիսանալ հետագա բանակցային գործընթացի շարունակության համար»: Ըստ Բաղդասարյանի` Հայաստանի զինված ուժերը գտնվում են բավարար մարտունակ վիճակում, իսկ պաշտպանության ոլորտում էլ իրականացվում են ռազմավարական վերանայման լուրջ աշխատանքներ. «Մենք մտածում ենք, որ մեր երկիրը պետք է հնարավորինն անի՝ անվտանգության ընդհանուր մակարդակը բարձրացնելու, եւ նաեւ` խաղաղ բանակցային գործընթացը շարունակելու ուղղությամբ»: